понедельник, 30 декабря 2013 г.

Գաճաճների արշավանքը

Դրվագ «Գաճաճապատում» եղերամատյանից

    Վայ գաճաճներին, ովքեր չեն ուզում և չեն կարող հիշել իրենց հայրենիքն ու նախնիներին:
    Վայ գաճաճներին, ովքեր փորձում են սեփականել ուրիշների տաճարները, երգերը, հայրենիքն ու նախնիներին:
    Եվ ավելի վայ նրանց, ովքեր ստիպված են ապրել այդ գաճաճների մեջ ու նրանց հարևանությամբ:
    Եվ առավել վայ նրանց, ովքեր լքել ու լքում են իրենց հայրենիքը գաճաճների պատճառով...


    Պատմությունն այս եղերական ճիշտ կլիներ սկսել երկու հարցից՝ որտեղի՞ց հայտնվեցին գաճաճները, ինչու՞ հայտնվեցին:
   Սկզբում ոչ ոք չէր զբաղվում այդ հարցերով:
 Գաճաճները հայրենքի գաղափար չունեին և ետ չէին նայում իրենց անցած ճանապարհին: Նրանց համար հայրենիքն այնտեղ էր, ուր տանում էին խաշները: Խաշների համար հայրենիքն այնտեղ էր, որտեղ առատ էր կերը: Գաճաճների ոչ միայն կենսապայմաններն էին կապված խաշների հետ, այլև անունները:
   Իսկ բարձրահասակները գաճաճներին երկար ժամանակ համարում էին երկնային պատիժ, ուստի չէին հետաքրքրվում ո՛չ նրանց ծագումով, ո՛չ էլ եկած ճանապարհներով: Հավատում էին, որ ամեն պատիժ, ինչքան էլ որ դաժան լինի, մի օր վերջ է ունենալու...
     Այդ հարցերն ի հայտ եկան և կենսական կարևորություն ստացան այն ժամանակ, երբ պարզվեց, որ գաճաճները ոչ թե անցնում գնում են, ինչպես սովորական դժբախտությունները, այլ հաստատվում են բարձրահասակների գեղատեսիլ հայրենիքում, որտեղ իրենց լավ են զգում և արագորեն բազմանում են նաև խաշները: Ուրիշների հողերի նկատմամբ իրենց անիրավ իրավունքը հաստատելու համար գաճաճների մեջ էլ գիտուններ հայտնվեցին՝ ոչ թե իմացությամբ, այլ սոսկ կոչումով, մանավանդ որ գիտուն համարվելու համար միշտ չէ, որ իմացություն է հարկավոր և ոչ միայն գաճաճների մոտ: Ամեն ինչ հարաբերական է աշխարհում, գիտությունը՝ նույնպես: Լինում է հսկա գիտություն և գաճաճ գիտություն: Եվ միշտ չէ, որ կեղևը համապատասխանում է էությանը: Գաճաճների գիտունները ոչ միայն գիտելիքներ չունեն, այլև բարեխղճություն և խիղճ առհասարակ: Նրանք համոզված են, որ գիտությունը կապ չունի ճշմարտության հետ և պիտի ծառայի իրենց, ինչպես մահակները, որոնցով քշում էին խաշներին:
      Եթե լսենք գաճաճների գիտուններին, ապա նրանք են բնիկներն այդ հրաշալի երկրում, նրանց նախնիներն են կառուցել բազում հոյակերտ տաճարներ ու դղյակները, ամրոցներն ու իջևանատները, ջրանցքներն ու կամուրջները: Ու թեև նրանք ամեն կերպ փորձում են հավատացնել ամենքին, թե բարձրահասակները եկվորներ են, թեև որոշ օտարազգի գիտունների և թվով շատ ավելի անգետների կարողանում են իրենց հորինվածքները  հաստատել տալ կաշառքով, քծնությամբ, ահաբեկումներով, բայց նրանց ստերին շատ ու շատ փետուրներ են պակասում աշխարհին որպես ճշմարտության աղավնիներ ներկայանալու համար, մանավանդ որ դժվար է ընդունել...
        ....Իսկ բոլոր իմաստունները կարող են վկայել, որ աշխարհի ստեղծման օրից դեռ ոչ մի առյուծ բորենի չի ծնել, և նման ազգակցությունը դեմ է աստվածային օրենքներին՝ ինչ անունով էլ որ կոչեն Աստծուն:
         Բացառվում է նույնիսկ հեռավոր ազգակցությունը, քանզի նույնիսկ հեռավոր ազգականները որոշ նմանություններ են ունենում: Բայց գաճաճ կեղծարար իմաստակներին և նրանց կաշառած օտար գիտուններին կամ գիտուն կոչվող աղքատիմաց արարածներին դեռ չի հաջողվել որևէ ընդհանուր գիծ գտնել բորենիների և առյուծների մեջ...Բորենիների երևի բնազդով հասկանում են, որ առյուծի բարքով չեն կարող ապրել. դա կլինի բորենիների վախճանը: Բորենին պիտի լեշով սնվի, պիտի ոհմակով ապրի, պիտի ոհմակով հարձակվի գողավարի՝ բազմապատիկ թույլ հակառակորդի վրա, երբ վստահ է, որ դիմադրության չի հանդիպի: Բորենին միշտ տեղի է տալիս ուժի առաջ ու վտանգի պահին փախչում՝ սեփական գլուխն ազատելու համար, չմտածելով ո՛չ արյունակցի մասին, ո՛չ ոհմակակցի: Բորենին ոհմակից դուրս խղճուկ արարած է, բայց բորենիների ոհմակը կարող է սարսափ ազդել և նախճիրներ գործել:
      ....Հակասական են տեղեկությունները կիսաթզուկների ծագման մասին: Ոմանք գտնում են, թե դրանք հայտնվել են շատ ավելի ուշ և առանձին ցեղ չեն, այլ խառնածիններ: Նրանք ծնվել են տեղաբնակ մայրերից և գաճաճ հայրերից: Հանրահայտ է, որ գաճաճներն անբացատրելի կիրք են տածում բարձրահասակ կանանց նկատմամբ և ամեն հարմար դեպքում տիրում են բռնությամբ: Պատահում է նաև, որ գաճաճուհիներն են բարձրահասակ ամուսիններ ընտրում, և դարձյալ կիսաթզուկներ են աշխարհ գալիս, որոնք բոլորովին չեն տարբերվում իրենց նմաններից:

Հատված Ժիրայր Ավետիսյանի «Սիմոն որդի Սիմոնի» վեպից:

Մեկնաբանությունները հաջորդ հրապարակման մեջ:




0 коммент.:

Отправить комментарий