суббота, 5 октября 2013 г.

Սպերմոտոզոիդը կրոն չունի


Չգիտեմ գոյություն ունի աստված, թե ոչ, բայց իր վարկանիշի համար լավ կլիներ, որ գոյություն չունենար: Ժուլ Ռենար


Խիստ բարեպաշտները կարող են չկարդալ այս հրապարակախոսությունը: Եվ այսպես, որոշեցի փոքր-ինչ խոսել կրոնի մասին, տարբեր համատեքստերում: Նախորդ գրածս այս թեմայով շատ հակիրճ էր: Ոստի որոշեցի մի փոքր ավելի ամբողջական անդրադառնամ կրոնի և եկեղեցու հարցերին, հատկապես հաշվի առնելով մերօրյա այն իրադարձությունները, որոնք ծավալվում են մեր շուրջ: Այսպես՝ տողերիս հեղինակը չլինելով որևէ կրոնի կամ հոսանքի հետևորդ, իրեն իրավունք է վերապահում բարձրաձայն քննարկել նմանատիպ հարցեր, քանզի չի հավատում Սադայելի հետ հանդիպմանը: Սկսենք այն բանից, թե ինչպես է մարդ դառնում որևէ կրոնի հետևորդ: Երբ երկու մարդ ունենում են սեռական մերձեցում, որոշակի հանգամանքներում և առանց որոշակի ատրիբուտներ օգտագործելու, շատ տրամաբանական է, որ տեղի ունենա կենսաբանական ռեակցիա և ձևավորվի սաղմ: Դրան տանող գործընթացը, առաջացման նախապայմանները և ԳՈՐԾԻՔՆԵՐԸ որևէ առնչություն չունեն կրոնի հետ: Սաղմը ձևավորվում է, ըստ որոշ կարծիքների մինչև ինը ամիս ժամկետում: Այդ ընթացքում նա չի առնչվում եկեղեցու հետ, Մուհամմեդի հետ ջիհադի հարցեր չի քննարկում, իսկ Սիդհարթան նրան խոհեմություն չի սովորոցենում: Այդ սաղմը ինչ-որ լարի միջոցով առանց հասկանալ սնվում է: Ի դեպ, այդ լարով ինչ-ինչ կրոնական հոսանքներ ևս չեն թափանցում: Ու այսպես, եթե ամեն ինչ բարեհաջող է ընթանում, ծնվում է նոր արարած, որին մեր օրերում մարդ են անվանում: Էլի մեր օրերում, ընդունված է խոսել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին: Երբ այդ սոցիալական կենդանին դառնում է տասնվեց տարեկան, նրան թույլ են տալիս նայել էրոտիկա, իհարկե իր ընտրությամբ, երբ այդ նույն սոցիալական կենդանին հատում է  տասնութի սահմանը, նրան իրավունք են տալիս մասնակցել մեկ այլ սոցիալական կենդանի արարելու գործընթացին կամ զանգվածային օրգիաներում ունենալ դերակատարում, որոնք մեր երկրում ընտրություն են կոչվում: Բայց կարծես թե, խիստ ազատականներս ու մարդու ընտրությունների մասին մտածողներս բնավ չենք մտածում ... լավ այստեղ կանգ առանք, ավելի մանրամասն: Ինչպես պնդում է հայտնի իմաստուն Սաադին՝ մարդիկ ծնվում են մաքուր բնույթով, ծնողներն են նրանց դարձնում հուդայականներ, քրիստոնյաներ կամ կրակապաշտներ: Եվ այսպես մանուկը ծնվեց: Ինչպես են նրա հետ վարվում մեր միջավայրում մեծ ի մասամբ: Առանց այդ երեխայի կարծիքը հարցնելու նրան տանում մտցնում են անհասկանալի ծագման ջրի մեջ, մի լավ մրսեցնում ու լացացնում են, իսկ եթե երեխան նորից առանց հասկանալ մի քիչ շատ է ընդդիմանում, խորհրդավոր քչփչում են, թե դևերն են մեջից դուրս գալիս և լույս է իջնում հոգուն: Էլ չեն ասում, թե մեղք է այղ փոքրիկը, մրսելու է թոքաբորբ ընկնի: Իսլամական միջավայրում մի քիչ ավելի վատ են վարվում, համապատասխան հատվածից փոքր-ինչ կտրելով և մի քանի ժամանոց զռռոցներ պարգևելով փոքրիկներին: Աստված սեր է: Հաճախ ասում են նման գործողություն անողները: Բա էդ ձև եք Դուք սիրու՞մ: Բա որ այդ փոքրիկը մեծանա ու ինքն էլ որոշի համարժեք ձևով Ձեզ սիրել: Երեխայի հիմնարար ազատություններ, մարդու իրավունքներ, ազատ ընտրելու իրավունք: Ու՞ր մնացին այդ երկերեսանի արժեքները: Ի՞նչու եք մարդուն պարտադրում մի բան, որ նա կարող է գիտակից հասակում չուզի: Դա նույն է, ինչ ասենք երկու տարեկան երեխայի վրա դաճվածք անես (ոմանք արդեն անում են), չորս տարեկանին ստիպես խմել կամ ծխել, իսկ տասնհինգին ստիպես համասեռամոլ դառնալ: Պարտադրանք չէ՞: Իհարկե պարտադրանք է:  Տեղին է հիշել Ժորժ Սիմենոնին, որը պատում էր, թե ինչպես է կարդացել Աստվածաշունչ և քրեական օրենսգիրք: Եվնրա կարծիքով, Աստվածաշունչն ամենադաժան գիրքն է, որը երբևէ գրվել է: Ու այսպես մեր կամքից անկախ, մենք դառնում ենք քրիստոնյա, կամ մեզ այդպես են ասում: Ու հիմնավորումը՝ միակ ճշմարիտ ուղին դա է, կներեք, իսկ ո՞վ ասեց:  Մեր ազգը փրկել է քրիստոնեությունը, ճշմարիտ կրոնը, եկեղեցին: Ես Ձեզ ասում եմ... Ո՛չ պարոնայք սքեմավորներ: Ձեր սիրած ձևով՝ երիցս Ոչ: Պատմական փոքրի էքսկուրս:
Չենք քննարկում պատմության խորքային իրողությունները: Անում ենք եզրակացություններ միայն արտաքին տեքստերից, այնպես ինչպես գրված է պաշտոնապես: Ամերիկյան հնդկացի Չիֆ Դեն Ջորջը, կարծես թե հայերիս համար է ասել հետևյալ միտքը._«Երբ սպիտակ մարդը եկավ, մենք ունեինք հողեր, իսկ նա ուներ աստվածաշունչ. Հիմա նրանն են բոլոր հողերը, իսկ մեզ մնացել է Աստվածաշունչը»: Երբ քրիստոնեությունը եկավ, մենք ունեին հզոր մշակութային սինթեզ, իրեն բնորոշ բոլոր ուղղություններով և շերտերով: Այժմ մենք ունենք միայն կիսաքանդ կամ սև եկեղեցիների պատեր, որոնք երբեմն որևէ մեկի մտքով անցնում է փակել, ինչպես կփակի որևէ «օբյեկտ» խրախճանցս համար: Խիստ հումանիստ կրոնը մեզանում տարածվեց արյունով, սրով, հրով և երկաթով: Մոգերը շատ արագ փոխեցին իրենց մասնագիտությունը՝ Քրիստոսն ինչ վատ Վահագն է ո՞ր: Սեր քարոզող կրոնի տարածողները ՍԵՐ բառի շատ «նեղ» իմաստն էին ընկալում միայն:  Ու այսպես քանդեցին ու ջարդեցին, գողացան ու թալանեցին, նոր կրոնն են տարածում չէ՞: Սերն են քարոզում, մարդկանց հոգիներն են լուսավորում, բա էլ ոնց լուսավորեն, եթե վառված ջահը փորը չմտցնեն: Բա վեղարավորներին աղոթելու համար էներգիա է պետք, իսկ էներգիա ստանալու համար հաց է պետք, իսկ ձրի հաց ուտելու համար տարածք է պետք՝ իր մոլորյալ բատրակներով: «Միակ տարբերությունը որ կա պաշտոնական կրոնի և աղանդի միջև, դա նրանց ունեցած անշարժ գույքի քանակն է».  Ֆրանկ Զապպա: Ու այսպես, ազգովի դարձանք քրիստոնյա ու «փրկվեցինք»: Եկավ Սուրբ Ավարայրի օրը: Վարդանը, տղեքով բան հավաքվեցին: Երեց Ղվոնդը խաչը քցեց առաջ, որ Միշկանը (քաղաքական ենթաքտեքստ չփնտրել, Նյուսալավուրտի անունն էր) տեսնի ու չոքի. Հասանք Ավարայր: Ղևոնդն ասաց._«Հլա մի րոպե, ում մինչ օրս չեն մտցրել ջուրը»: Պարզվեց ահագին մարդու ջուրը չէին մտցրել ու աստծու հետ չէր հարաբերվել: Պատմիչն ասում է, որ Ավարայրը կենաց մահու պայքար էր, այսինքն մի քանի ժամից որոշվելու էր մեր ազգի ճակատագիրը, իսկ այդ ճակատագիրը ներկա զինվորների ձեռքին էր: Ու նույն պատմիչը, խրոխտ հայտարարում է, թե մկրտության արարողությունը տևեց ամբողջ  գիշեր: Պատկերացնում ե՞ք: Մի քանի ժամից մահու պայքար ես տալու, ու փոխարենը զինվորիդ ասես գնա հանգստացիր, քնի. Ասում ես գնա մտի ջուրը, սառի մեռի, միևնույնն  է մի քանի ժամից մեռնելու ես: Մի խոսքով, սա էլ մի դրվագ մեր չեղած Ավարայրից: Իսկ մինչ այդ հիշենք Արշակունյաց մայրամուտը և հիշենք, թե սուրբ բարեպաշտ Մովսես Խորենացին իր նշանավոր Ողբում ինպես էր հիշում որոշ տերտերների ՄԱՅՐամուտը: Արաբներ, եկեղեցին չկա: Որովհետև արաբները սկզբում կրոնական պարտադրանք չէին ներկայացնում: Բագրատունյաց պետականություն: Պետրոս Գետադարձ և ամեն ինչ ասված է: Կիլիկյան Հայաստան. Հուգենոտների և հակահուգենոտների պայքար: Թագավորությունը կործանված է: Էջմիածինը Կիլիկիային. «Արի տուն»: Պատ.՝ «Միջերկրականի ափին լավ է, մեկ-մեկ լողազգեստով աղջիկներ էլ են երևում»: Ու չեկավ: Անցավ վեց հարյուր տարի, այս անգամ էլ Հրանուշը. «Արի տուն»: Ու այն հայտնի կոմբինացիան, որը սկզբնավորվում է ֆրանս-անգլիական ճակատամարտերից մեկի ժամանակ: Խուլ ու խավար միջնադար: Ավերակ երկիր, քոչվոր դարձած բնիկներ: Ուզվոր ու խեղկատակ երկրագործներ: Եկեղեցի. սեր և հանդուրժողականություն: Բա որ այդքանը գիտեիք, մեզ ինչու կրակը գցեցիք: Հովսեփ Էմին-Սիմեոն Երևանցի: Մի կուշտ ծիծաղել կարելի է: Ցեղասպանություն: Պոլսո պատրիարքարանը մկան ծակին հազար թուման է տալիս, իսկ Թումանյանը կաթողիկոսի վրա գոռում է, թե գաղթականներին տեղ տուր: Երրորդ Հանրապետություն: Չեմ էլ ուզում խոսեմ: Բացի հարստահարելուց, մշակույթ ոչնչացնելուց, Հ Մեկի ոճով պատմություն շարադրելուց, սեփական ամբարները լցնելուց, որն ի դեպ շարունակվում է, ինչ է տվել կրոնը Ով Հայ Ժողովրդին: Մտածեք: Աստվածաշնչյան բարոյականություններին և ճշմարտություններին առանձին կանդրադառնամ:
Հ. Գ. Թողեք երեխաներին ազատ ընտրության հնարավորություն: Իրենք որոշեն վախենան դժոխքից, թե թքած ունենան: Մի պարտադրեք նրանց այն խաչը, որ քարշ եք տվել 1700 և ավելի տարի ու ոչինչ չեք ստացել, բացի կորցնելուց:
Հ. Գ. 2. «Մարդը երբեք չի դառնա ազատ, քանի դեռ չի վռնդել աստծուն իր գիտակցությունից». Դենի Դիդրո: 

0 коммент.:

Отправить комментарий