Եթե որևէ մեկն ինձ հարցնի, թե ո՞վ է հայոց պատմության ամենանշանավոր արքան. ես միանշանակ կպատասխանեմ` Պապ թագավոր:
Ո՞վ էր Պապը:
Պապ թագավորը գրեթե բոլոր աղբյուրներում հիշատակվում է որպես Արշակ Երկրորդ արքայի և Փառանձեմի ամուսնության ժառանգ: Այս մտքի հետ թույլ տվեք փոքր-ինչ չհամաձայնել: Նախ այս հարցին պատասխանելու համար գանք ենթադրյալ հորից` Արշակ Երկրորդից: Արշակը որդին էր Տիրանի, որն իր թագավորության վերջին տարում կուրացվել էր Շապուհ Երկարակյացի հրամանով և իր ծերունական հանգիստն էր վայելում Կուաշ բերդում: Թագը ժառանգեց Արշակը, որն այդքան էլ դրա իրավունքը չուներ Արշակունյաց ժառանգական կարգի համաձայն: Նա ուներ ավագ եղբայրներ` Արտաշեսը (Արտաշեսը մահացել էր ավելի վաղ) և Տրդատը: Վերջինն իր երկու որդիների` Գնելի և Տիրիթի հետ պատանդ էր Հռոմում: Ըստ կարգի, գահը պետք է ժառանգեր ավագ որդին, այսինքն Տրդատը, իսկ նրա բացակայության դեպքում որդիներից մեկը: Մենք հստակ գիտենք, որ 353 թվականին Ներսեսն օծվում է հայոց կաթողիկոս, իսկ մինչ այդ արդեն սպանվել էր Տրդատը: Պապի կենսագիրներից ոմանք Պապի ծննդյան թիվը համարում են 353-ը, իսկ մյուսները` 354-ը: Երկու պարագայում էլ գործ ունենք Արշակի համար ոչ այնքան բարենպաստ հանգամանքների հետ: Այսպես, հստակ է այն հանգամանքը, որ Գնելը և Տիրիթը Հայաստան են վերադառնում Ներսեսի միջնորդությամբ: Այսինքն դա պետք է լինի 353-ը կամ 354-ը: Պապի ծննդյան թվերից որևէ մեկը: Բայց եթե անդրադառնանք Պապի ծննդյան տեսակետներին, ապա պետք է փաստենք, որ այդ վերադարձը չի կարող լինել ուշ, քան 353-ը: Գնելն ամուսնացած էր Փառանձեմի հետ` Սյունյաց Անդովկ իշխանի դստեր: Որն ինչքան հասկանում ենք նրա շուրջ եղած թեկնածուների բանակից, բավական գրավիչ կին էր: Արշակը նախ սպանում է Գնելին, ապա Տիրիթին: Այստեղ աշխատում է երկու մոտիվացիա. նա չեզոքացնում է իր քաղաքական հակառակորդներին և երկրորդ` վերացնում է իր մրցակիցներին` անձնական-սիրային հարցերում: Ապա ամուսնանում է Փառանձեմի հետ, որոնց ամուսնությունից ծնվում է Պապը: Բայց արդյո՞ք Պապը Արշակի որդին էր, թե Փառանձեմը մինչ ամուսնանալն արդեն հղի էր Գնելից: Փորձեմ հանդես գալ ավելի շատ Արշակի պաշտպանության դիրքերից և Պապի ծննդյան մեկնակետ վերցնեմ 354 թվականը: Եթե մեկնակետ ենք վերցնում 353 թվականը, ապա ակնհայտ է դառնում, որ Փառանձեմը մինչ Արշակի հետ ամուսնանալն արդեն իսկ հղի էր: Իսկ եթե արժանահավատ ենք համարում այն փաստը, որ Գնելից ու Տիրիթից ազատվելը պետք է եղած լինի Նավասարդի տոների ժամանակ, այսինքն տարվա փոփոխության պահին, իսկ այդ դեպքերից գոնե մի քանի ամիս պետք է անցած լինի, մինչև Արշակի ու Փառանձեմի ամուսնությունը, ապա այստեղ խախտվում է սովորական պտղի հասունացման 9-ամսյա փուլը: Հետևաբար. կամ Պապը յոթնուկ էր, կամ` Գնելի որդին: 353 թվականը չենք դիտարկում, քանզի առանց բարդ հաշվարկների կարող ենք փաստել, որ միանշանակ Պապը Արշակի որդին չէր: Այս փաստի օգտին խոսում են նաև այլ հանգամանքներ: Օրինակ, չկա որևէ հիշատակում այն մասին, որ Արշակն ունեցել է այլ երեխաներ: Իսկ Արշակի և Փառանձեմի ամուսնությունը տևեց շուրջ տաս տարի` մինչ Արշակի ձերբակալումը: Հայոց արքայատոհմերում ընդունված չէր բավարարվել մեկ երեխայով: Երկրորդ, Արշակն ուներ մեկ այլ կին ևս` Օլիմպիան, որից ևս Արշակը ժառանգ չուներ: Արդյոք քիչ չէ՞ երկու կնոջից մեկ զավակ...
Ինչևէ, այս ամենով հանդերձ, չենք կարող կասկածի տակ դնել Պապի Արշակունի լինելը, քանի որ նրա մոր երեք հավակնորդները` Արշակը, Գնելը, Տիրիթը և երկու պաշտոնական ամուսնինները` Արշակը և Գնելը Արշակունիներ էին:
Պապի հմայքը
Պապը ստանձնեց երկրի կառավարումը, երբ ընդամենը 16 տարեկան էր: Զարմանալ կարելի է միայն, թե ինչպես կարողացավ այդ պատանին իր ձեռքը վերցնել երկրի ղեկը: Իհարկե, իրականության համար պետք է փաստենք, որ նա ուներ Մուշեղ Մամիկոնյանի նման զինակից, սակայն Մուշեղն էլ տարիքով շատ մեծ չէր: Պապը երկրի գլուխ կանգնեց մի իրավիճակում, երբ այն չորս կողմից թալանված էր: Բնակչության աճ չկար, Պարսկաստանը մի կողմից, իսկ Հռոմը մյուս կողմից զավթում էին հայկական տարածքները, բնակչությունն արտագաղթում էր մեծ ծավալներով, երկրում վխտում էին դավաճան նախարարները, դե իսկ եկեղեցին... Այստեղ կանգ առնենք: Մինչև վերջ թալանված երկրում, երբ պետություն պահելու միակ միջոցը բանակն էր, եկեղեցին ամեն գյուղում ու գյուղակում կարգել էր մի քանի հոգևորական և տարակուսելին այն է, որ ծառայությունից ազատվում էին ոչ միայն այդ հոգևորականները, այլ նաև նրանց ազգականները: Հաշվի չառնելով ժողովրդի վիճակը, այդ կառույցը շարունակում էր հավաքել տասնորդն ու պտղին` հարկեր, որոնք իսկական բեռ էին հայ բնակչության համար: Երիտասարդ աղջիկներին, ովքեր համարձակություն էին ունեցել սիրահարվելու ինքնակամ, փակել էր կուսանոցներում, մինչև <<դևերը դուրս կգային>> նրան մեջից: Ահա այս վիճակն էր տիրում երկրում, երբ մի պարմանի սկսեց խիզախել: Նախ էական դեր խաղացին մի շարք վճռական ճակատամարտեր, որոնց միջոցով նա կարողացավ առավելության հասնել Շապուհի նկատմամբ, իսկ Վաղեսի հետ սկզբնական փուլում տանում էր զգուշավոր քաղաքականություն: Այնուհետ անցավ ներքին ռեֆորմներին, որոնք Հայաստանը, ներկայիս տերմինաբանությամբ դարձրեցին սոցիալական պետություն:
- Եկեղեցուն վճարվող մի շարք հարկատեսակներ իսպառ վերացրեց:
- Փակեց կուսանոցները և թույլ տվեց աղջիկներին ամուսնանալ:
- 5/7 հարաբերակցությամբ կրճատեց եկեղեցականների հողերը և դրանք տվեց գյուղացիներին:
- Նույն հարաբերակցությամբ կրճատեց հոգևորականների թիվը և մերձավոր ազգականների հետ ուղարկեց բանակ:
- Կարգավորեց հարաբերությունները նախարարական տների հետ:
- Ձիրավի ճակատամարտից հետո առավելություն ստացավ տարածաշրջանում:
- Փակեց անկելանոցները, որոնք բացվել էին Ներսես Մեծի օրոք (այստեղ սովորաբար հավաքվում էին աշխատել չցանկացող, բայց պետության հաշվին սնվող մարդիկ):
Այս ամենից հետո, Պապը կարողացավ բանակի թիվը հասցնել շուրջ 100.000-ի, կարգավորեց արտագաղթը և սոցիալական խնդիրները:
Հաջորդ կարևորագույն քայլը, որն արեց Պապը, դա հայոց եկեղեցուն ինքնուրույնություն շնորհելն էր: Ներսեսի մահից հետո նա չթողեց նոր կաթողիկոսին օծվել Կեսարիայում, այլ օծեց անձամբ: Հիրավի պետականամետ քայլ: Իսկ ինչպե՞ս հատուցեց եկեղեցին: Եկեղեցական պատմիչ Բուզանդը Պապին մեղադրեց բոլոր հնարավոր մեղքերի մեջ` ընդհուպ մինչև համասեռամոլություն և դևերի հետ կենակցել: Դեռ լավ է, որ ունենք ժամանակի այլ աղբյուրներ, այլապես պետք է գրանցեինք մեր պատմության հերթական կեղծված էջը: Իսկ եթե անգամ, Բուզանդի տված նկարագրի մեջ, կապված Պապի սեռական կողմնորոշման հետ, ինչ-ինչ ճշմարտության հատիկ կա` երկսեռականություն (բիսեքսուալ), ապա ասենք, որ դա բնավ չի նվազեցնում այս հիրավի եռնադուն, կայացած անհատականության դերը, քանզի միջնադարի համար և հատկապես այդ փուլի համար դա չափազանց տարածված երևույթ էր և հասարակական գիտակցության մեջ չուներ այն ընկալումն, ինչ ունի հիմա:
Միայն կաթողիկոսին ինքուրույնություն շնորհելը բավարար էր, որ հայ եկեղեցին սրբադասեր Պապին, բայց...
Պապի սխալները
Խոսելով Պապի սխալների մասին, մենք պետք է անպայման հաշվի առնենք նրա տարիքը և փաստենք, որ որքան էլ խոհեմ լիներ արքան չէր կարող լիովին զերծ լիներ տղայական սխալներից: Այդ սխալներից էր թերևս Մուշեղի հետ հարաբերություններում պարբերաբար առաջացող լարումները: Այստեղ երկուսն էլ ունեին իրենց մեղքի բաժինը:
Հաջորդ, ճակատագրական սխալը որ թույլ տվեց Պապը, դա կայսրության հետ հարաբերությունների լարումն էր և տարածքային պահանջի ներկայացումը: Որի մեջ պակաս դերակատարում չունեցավ եկեղեցին: Երևի թե գիտեր վերջաբանը: Ու ինչքան էլ Մուշեղը համոզեց Պապին չգնալ այդ քայլին, հաղթեց հակառակ հոսանքը, որը երիտասարդ արքային համար արժեցավ կյանք: Նա սպանվեց ընդամենը 20 տարեկանում:
Հ. Գ.
Համոզված եմ, եթե Պապը կառավարեր ավելի երկար, ապա մենք 4-րդ դարից բացարձակ այլ պատմություն կունենայինք և մեր դասագրքերում 387 թիվը չէր նշվի որպես Հայաստանի առաջին բաժանման թիվ: Իսկ եթե սովորողներին պետք են ինչ-ինչ իդեալներ, որոնց մասին այսօր այդքան խոսում են ամեն հասկացող ու չհասկացող, ապա դրանք վարդան մամիկոնյանները կամ սասունցի դավիթները չեն: Համոզված եմ, դա Պապ թագավորն է, իր պետականասեր, պետականամետ և նախաձեռնող տեսակով, ով չէր վախենում ձախողելուց:
Հղումների և գրականության ցանկ
Ամմիանոս Մարկելինոս, Հայերեն թարգմանված հատվածներ:
Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, Եր., 1968:
Թոքմաջյան Վ., Վերընթերցելով պատմության դասագիրքը, Արշակ Երկրորդ և Պապ թագավոր, Եր., 2014:
0 коммент.:
Отправить комментарий