Նկարում Ժենևիև Սատերի աշխատանքներից է...
Պոռնկության հիշատակման մասին առաջին գրավոր փաստաթուղթը վերաբերում է Միջագետքին: Համուրապպի օրենքներում կա կետ, որում խոսվում է կնոջ սեփականության պաշտպանության մասին, այդ թվում այն կանանց, ովքեր զբաղվում են մարմնավաճառությամբ: Հետազոտողները կարծում են, որ հյուրընկալության և ծիսական մարմնավաճառությունը, համարվում են այս երևույթի տարբեր դրսևորումները: Եվ դրանք ավելի հին են: Սակայն փաստենք այն հանգամանքը ևս, որ մարդու հնագույն զբաղմունքների՝ որսորդության, հավաքչության շարքում ամրագրված է եղել նաև այս երևույթը և զարգացում ապրելով հասել է մեր օրերը: Շումերում կար հստակ տարանջատում սովորական մարմնավաճառի և նադիտուի՝ տաճարային մարմնավաճառի միջև: Ինչքան նման է մեր օրերին, կարծես ոչինչ չի փոխվել: Սակայն երկուսի գույքային իրավունքն էլ պաշտպանված էին: Առաջինը, ով գլխի ընկավ, որ մարմնավաճառությունը հնարավոր չէ արմատախիլ անել, բայց դրանից հնարավոր է եկամուտ ունենալ, դա Սոլոնն էր՝ Հին Հունաստանում: Այստեղ նույնպես առկա էր շերտավորում: Սովորական մարմնավաճառությամբ զբաղվում էին ստրկուհիները, իսկ մարմնավաճառների բարձր դասը, ինչպես մեր օրերում, կազմում էին հետերաները՝ «ընկերուհիները», որոնցից մեկի՝ Ասպասիայի հետ էլ հետագայում ամուսնացավ Պերիկլեսը և նրա տունը դարձավ այն ժամանակների Աթենքի ինտելեկտուալ միջուկը: Հին Հռոմում, այս երևույթի մասին պատմում է մեզ շատ հայտնի Պետրոնիոսը: Կինը, ով ցանկանում էր զբաղվել պոռնկությամբ, ներկայանում էր մագիստրոսներին և ստանում էր licentia stupri` «եղքի թույլատվություն»: Նրանք պարտավոր էին կրել դեղին հագուստ և կարմիր կոշիկներ: Այս երևույթը հասավ այնպիսի չափերի, որ անգամ որոշ սենատորների աղջիկներն էին դիմում licentia stupri ստանալու համար: Իհարկե, դա նրանք անում էին օրինակարգ մարմնական հաճույք ստանալու համար, այլ ոչ թե գումար վաստակելու: Անցյալը հիշեցնում է... Եկավ քրիստոնեությունը, որն արմատախիլ չկարողացավ անել այս երևույթը: Ավելին, բերեց դրա աստվածաշնչյան հիմնավորումները Մարիամ Մագդաղենացու և Մարիամ Եգիպտացու միջոցով: Երևույթի մասին ստիպված է անգամ բարձրաձայնել Ավգուստին Երանելին: Եկեղեցական կառույցը բավարարվեց հետևյալով: Պոռնկությամբ չեն կարող զբաղվել չափազանց փոքր աղջիկները, հղի, ամուսնացած և ծեր կանայք: Ուշադրություն դարձրեք սակայն, չի ասվում, թե ծեր կանայք չեն կարող զբաղվել դրա կազմակերպմամբ: Այստեղից էլ երևի թե հայտնի ինստիտուտի հիմնումը և գործածումը: Եկեղեցին արգելեց նաև հոգևորականներին և ամուսնացած տղամարդկանց այցելել հասարակաց տներ: Հիրավի: Ինչպիսի մտահոգություն սեփական Զավակների նկատմամբ: Ամերիկացի մարդաբան Օուեն Լովեջոյը, մանրամասն անդրադառնում է այս երևույթի կենսաբանական և ֆիզիոլոգիական հիմքերին, հղում կատարելով անտիկ ճշմարտության հայեցակարգին՝ սեքս սնունդի դիմաց:
Մեր օրեր
Այսօր, աշխարհի շատ երկրներում պոռնկությունը բերված է իրավական և հարկային դաշտ: Հասկանալով, որ անիմաստ է պայքարել մի երևույթի դեմ, որն ավելի հին է քան բանական մարդը, աշխարհի շատ կառավարություններ օգուտ են քաղում դրանից: Նախ, այդ արհեստով զբաղվողներին պահում են հսկողության ոլորտում, ինչը նվազեցնում է անչափահասների մասով ներգրավվածությունը և սեռավարակների տարածումը, ինչու չէ, նաև ստվերից հանում են և հսկայական եկամուտներ են ստանում այդ դաշտից:
ՀԱՅԱՍՏԱՆ
Այս ենթաբաժնում ազգիս բարոյական նկարագրի և միտումների մասին չէ, որ պետք է խոսեմ: Ինձ համար դեռ չեմ սահմանել ինչ է բարոյականությունը: Մինչ այժմ տատանվում եմ, թե որն է ավելի բարոյական կամ պոռնիկ, ինչպես կուզեք. փողոցում կանգնած մարմնավաճառը, թե ամուսինը գլխին, բայց ցանկացած պահի գործատուի կամ հարևանի ամուսնու առաջ մերկացող, բայց միևնույն պահին եթերից «մադամ բատերֆլայ պռիչոսկայով» և պատեթիկ ոճով ազգիս բարոյական վիճակի մասին ողբացող «էսթետուհին»: Սարկազմ չկա: Փաստն եմ արձանագրում: Հակադարձ անկյունից էլ՝ յուրաքանչյուրի անձնականն իրենն է և դա սուրբ տարածք է: Ոսւտի և մեր քննելու գործը չէ: Ստիպված գրեցի այս հրապարակախոսությունը, քանզի վերջին շրջանի լուրերի հեղեղը, թե այսինչ երիտասարդական շաժումը հակապոռնկական ակցիա է անում, թե «Կույս մայր» ձեռնարկատիրական ընկերությունն այնինչ է անում և այլն, սկսեցին ծիծաղ առաջացնել: Սրան գումարվեց նաև Ոստիկանության այն հաղորդագրությունը, թե 140 կին, բաժին բերման ենթարկվեցին մարմնավաճառության կասկածանքով: Ինչ միտք սփոփիչ: Էվրիկա: Հայրենի ոստիկանության օպերատիվ և դինամիկ աշխատանք: Ապշել կարելի է նման մոբիլությունից: Ոնց են կարողացել 140 հոգու ապօրինի առաջ տված կրծքերը միանգամից հայտնաբերել և քաղաքապետարանի համապատասխան վարչության հետ ապամոնտաժման ու իրավական աշխատանքներով զբաղվել: Կեցցե՛ Պաշտպան հայրենյաց ոստիկանությունը, ավա՛ղ, ոչ Խաչատուր Կերեկցյանի դիմագծով: Տո ինչի՞, այ բյուդջետային աշխատողներ, մինչ այդ պահը չգիտեիք այդ մասին, մեկ էլ հանկարծ ահասարսուռ բացահայտում արեցի՞ք: Թե դիմացը Նոր տարի է: Իսկ ինչ է ասում օրենքն այս մասին: Ասում է, որ պոռնկությամբ զբաղվելու համար, առաջին անգամ տվյալ սուբյեկտը տուգանվում է նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, երկրորդ անգամ քառասնապատիկի: Այսինքն, սա կազմում է միջին վիճակագրական երևանյան մարմնավաճառի մեկ հաճախորդի սպասարկման վարձը: Իսկ ինչու՞ երևանյան: Ինչպես պարզ դարձավ Լևոն Բարսեղյանի վերջերս ֆեյսբուքում կատարած գրառումներից մեկից, հանրապետության երկրորդ քաղաքում՝ Գյումրիում, մարմնավաճառության դիմաց վճարվող վճարումը նվազել է հասնելով «երկու պեռաշկուց» մինչև հինգ հարյուր դրամի: Այ սա արդեն ուրիշ բան: Թե չէ ամբողջ օրը գնաճ հա գնաճ: Ես զարմանում, թե կառավարության համապատասխան վարչությունն ինչպես է իր սրատես հայացքից բաց թողել այս դրվագը և Հ1-ի եթերով չի հայտարարել, որ աշխարհի որևէ երկրում չկա ծառայության գնի տաս անգամ նվազում, իսկ Հայաստանում կա: Հիրավի արդարացված սոցիալական քաղաքականություն, որի փորձի կիրառումն արժեր, որ տեղ գտներ 2014-ի բյուջեյում: Ընդդիմության բերանն էլ կփակվեր, արտաքին պարտքինն էլ: Գաղտնիք չէ, որ այս երևույթը զարգանում է հատկապես այն երկրներում, որտեղ բնակչությունը սոցիալական կենսամակարդակը կտրուկ իջնում է: Իսկ Հայաստանում այն զրոյից էլ ցածր է: Մարդիկ ելնելով հատկապես սոցիալական գործոնից և սխալվելով կամ կամովին ընտրելով այս ուղին (պալատական նիմֆոմանուհիներին չենք հաշվում) մեկընդմիշտ դատապարտված են սեփական անանիզմը չնկատող հասարակության կողմից: Պոռնիկը մարդ է, ով ունի հույզերի և զգացողությունների այն աշխարհը, որը տրված է յուրաքանչյուր մարդու: Ու դժվար է անգամ ճշգրտել՝ փողոցային պոռնիկն է ավելի վատը, թե քաղաքական-գաղափարական, եթե իհարկե առաջինն ընդհանրապես վատն է: Ու խնդիրն այստեղ սա չի: Խնդիրը խորքային է: Կառավարությունը, պատկան մարմինը, համապատասխան կառույցը յուրաքանչյուրիցս լավ գիտի, թե ինչ է կատարվում այս ոլորտում: Ավելին՝ էլիտար մարմնավաճառների ծառայություններից օգտվել միայն նրանք կարող են թույլ տալ իրենց: Խնդիրն այստեղ կայանում է նրանում, որ այս դաշտը, հսկայական ստվերային եկամուտներ է ապահովում հենց այդ մտահոգ հայացքով և օպԾիկական ակնոցների տակից ջրագրգիռ աչքեր ցուցադրողների համար: Սրանց շարքին գումարվեցին նաև տրանսվեստիտները, որոնք առանձին հրապարակման թեմա են: Առավել ևս որ ունեմ դաշտային նյութեր՝ հարցազրույցներ:
Հ. Գ.
Ինչպես նշում է իմ լավ բարեկամ Լևոն Մարգարյանը.«Մեկ հավերժ բարեկամություն կա՝ դա պոռնիկների և տաքսիստների բարեկամությունն է»:
0 коммент.:
Отправить комментарий