суббота, 14 января 2017 г.

Ռայոնցին

Մեր օրերի ողբերգությունը կյանքի գերկենտրոնացումն է Երևանում

Նրանք Երևան են գալիս, երբ դեռ չեն բոլորել 17-ը կամ հազիվ այդքան են: Որպես ուսանող: Ի՞նչը կարող է գրավել դեռահասին ̀  պատանուն կամ պարմանուհուն խոշոր քաղաքներում: Աշխույժը: Այն ժամանակների գիտակցականի համար խորթ էին ինչպես պրակտիկ և կիրառելի կրթությունը, այնպես էլ դրանից բխող ինքնաիրացման հնարավորությունները: Բոլորը սպառող էին: Բացարձակապես բոլորը: Նրանք չէին ուզում ստեղծել: Նրանք մասնագիտություն էին ստանում մի կաբինետում նստելու ու ստեղծողների հարկերը մսխելու համար: Իսկ ստեղծողները քանի գնում քչանում էին, որովհետև արտագաղթ էր ու հիմա էլ շարունակվում է: Իսկ այդ սպառողի մտածողությունը, ավելի շուտ ̀ ստեղծելու մտածելու բացակայությունը, երբ չես էլ կարող գիտակցել դրա մասին, քանի որ հասարակարգն արդեն որոշել է քո փոխարեն և գենի կամ սերունդների միջոցով հաղորդվել, մեզ էր փոխանցվել մեր ծնողներից, նրանց էլ ̀ իրենց ծնողներից և այդպես շարունակ: Չարենցը, Մահարին, Բակունցը, եթե կուզեք, անգամ Զարյանը սովետական չէին: Սովետական չէին նաև Իշխանը, Պավլեն, Զավենը, Ավագը և մյուսները: Սովետը նրանց չհասցրեց փչացնել: Նրանք ստեղծում էին: Իսկական սովետականը մենք ենք: Մենք, որ անգամ սովետ չենք տեսել գիտակից տարիքում, բայց հետևանքն ենք մտայնության: Ու սա էր, որ շատ հերոսների կամ հերոսիկների բերում էր Երևան: Այո, Երևանում կար այն աշխույժը, որը չկար փոքր քաղաքներում ու գյուղերում: Իսկ դա կյանքի ու գաղափարի խեղվածությունից էր: Գաղափար, որ չկա: Կյանք, որ չի լինի դեռ երկար ժամանակ: Քանզի կյանքը միայն գիտակցական ու ռեֆլեկտոր շղթան չէ, որը մենք փորձում ենք պատկերացնել, այն ավելի խորքային ու կենսական է: Շատ փիլիսոփաներ խճճվել են այս եզրաբանությունից փորձելով գլուխ հանել, թե ինչ է կյանքը: Իրականում  ̀ առ ոչինչ, եթե այն ունակ չէ քեզ բավարարելու: 
Իսկ այդ աշխույժը, որ նրանք փնտրում են, նման չէ մեր կարդացած հեղինակների աշխույժ փնտրող հերոսներին, որոնք խոշոր քաղաքներ էին գնում ինչ-որ բան ստեղծելու համար: Մեկին արվեստն էր գրավում, մյուսին  ̀  գիտությունը, երրորդին  ̀ծովահեն դառնալը: Դրանք անցյալում են և այդպես էլ կմնան միայն վեպերում: Չնայած չստեղծողները մեր մեջ ասած մեղավոր էլ չեն: Ստեղծողներից հաջողում է հազարից մեկը: Էլ ինչու՞ անցավ գլուխը դնել ցավի տակ, եթե կարելի է միայն սպառել: Նրանց փնտրածն այլ էր: Լույսեր, ըստ սեռի նախասիրությունների հակառակ սեռ, ակումբներ, զվարճանք, խնամված դեմքեր: Չենք խոսի այնպիսի տաղտկալի երևույթների մասին, ինչպիսին են սերը, կիրքը կամ նման չհիմնավորվող իրողություններ:

Գալով կենտրոն, որը տվյալ դեպքում մայրաքաղաքն է: Նրանք բացառապես բոլորը, մի զգալի քաղքենի զանգվածի կողմից վաստակում էին <<ռայոնցի>> կոչումը: Նրանք դա վաստակում էին մի զանգվածի կողմից, որոնք երբեք էլ քաղաքացի չեն եղել, այլ իրենց հոգեկերտվածքով խառնուրդն են չտեսի, տգետի ու գեղցու (Խնդրում եմ չշփոթել գյուղացու հետ): Նրանց երակներով երբեք էլ ազնվազարմ ու այնքան ցանկալի կապույտ արյունը չի հոսել, որովհետև նրանք չգիտեն կապույտ արյուն հասակցության բացատրությունը և ծագումը: Նրանք պարզապես չգիտեն, որ կապույտ արյուն չի լինում: Ու եթե վերցնենք ռայոնցու և գավառականի հարաբերակցությունը, ապա նորից պետք է գնանք հիշողություն: Մենք չենք ունեցել այդ տարանջատումը: Երևանցի և ռայոնցի: Այն մեզ պարտադրվել է: 19-րդ դարում, երբ մենք դեռ լիարժեք ռուսական ազդեցության տակ չէինք, Պոլսո հայությունը հարգանքով էր վերաբերվում գավառահայությանը և գավառահայը բնավ պիտակ չէր: Դա ռուսական ուղղակի ազդեցությունն էր որ մեզ բաժանեց <<կուլտուրականների>>  ու <<ռայոնցիների>> կամ որ նույնն է  ̀  գավառականների:

Շարունակելի...


0 коммент.:

Отправить комментарий