Մաս առաջինը կարդացեք այստեղ:
Ու ամեն անգամ, երբ մեզանում տեղի էր ունենում հերթական բաժանումը, կամ եթե կուզեք ` տարանջատումը, խորանում էին անջրպետները` կախված օրվա հրամայականից: Ու հիմա, ինչպես անհանդուրժող ենք թուրքի կամ ադրբեջանցու հանդեպ, նույն կերպ վարվում ենք նաև ինքներս մեզ հետ: Լոճած բերան լեննագանցին, թարախ ղարաբաղցին, քոռ ախտեցին ու այդպես շարունակ: Բնական է, երբ յուրաքանչյուր մշակույթում և հասարակության մեջ, կան հակադրություններ, որոնք սակայն գռեհկության սահմանը չեն անցնում: Այդպես է Դանիայում: Նրանք սիրում են անեկդոտներ հյուսել Մոն կղզու բնակիչների մասին: Գիտե՞ք մեզ համար ինչու ծիծաղելի չեն արևմտյան անեկդոտները և դրանք լսելիս, դեմքին տալիս ենք լուրջ, բայց միաժամանակ բութ արտահայտություն և բոլոր միասին վերցրած անվանում ենք <<անգլիական հումոր>>: Ծիծաղելի չեն, որովհետև դրանց մեջ չկա գռեհկություն, խորքային ցինիզմ, մարդու հատկությունները վիրավորող նկարագիր: Իսկ մեզանում կա ու ինչքան ուզես: Դա էլ է համեմատաբար նոր երևույթ: Եթե նայենք մեր հին խաղիկները, երգերը և զվարճանքի տեսակները, ապա դրանցում կգտնենք անսահման էրոտիկա, բայց ոչ երբեք անձնական ու խմբային վիրավորանք կամ կուտակված մաղձի հորդում:
Վերը նշվածը, իր բոլոր դրսևորումներով, գալիս և կուտակվում է մայրաքաղաքային կյանքում: Ստեղծվում է մի խառնամբոխ, որն արդեն չի գիտակցում իր ծագումը և ինքնությունը, դրա արտացոլումը կամ ինքնահաստատումը փորձում է գտնել վերամբարձ հակադրությունների դաշտում: Կյանքը դառնում է յուրատեսակ քաոս: Քաոս, որն ի տարբերություն միջնադարյան կառնավալի քաոսի ` երբ արքաները դառնում էին ծաղրածու, իսկ ծաղրածուները ` արքա, կառավարելի չէ: Այն ներդաշնակ չէ և ոչ էլ կառնավալային: Եթե անգամ կառնավալային է, ապա նմանվում է մեր տեսած սարսափ ֆիլմերում նկարագրված կառնավալներին: Այն էականորեն տարբերվում է միջնադարյան կառնավալից, զի երբ ծաղրածուները դառնում են արքա, նրանք այդպես էլ ներշնչում են: Նրանք կարծում են, որ միշտ էլ եղել են արքա: Ու սկսում են միֆեր հորինել իրենց արքայական ծագման և դյուցազուն տոհմերի մասին, որոնք երբեք էլ չեն ունեցել: Այստեղից հանրությանը պատում է սուտը: Ստի այն չափաբաժինը, որը հաղթում է ճշմարտությանը և ողողում կյանքի ներկապնակը իր մութ գույներով: Չնայած վերջինը ` ճշմարտությունը, երբեք էլ բացարձակ չի եղել և չի եղել միանշանակ: Իհարկե, եթե հաշվի չառնենք հավատացյալների ճշմարիտ հավատը, ապա պետք է գանք փիլիսոփայական այն տաֆտալոգիային, որը պնդում է, թե ամեն ինչ հնարավոր է: Իսկ եթե ամեն ինչ հնարավոր է, ապա հնարավոր է նաև անհնարը, ուստի, ստացվում է, որ հրեաները ճիշտ են, երբ սերունդի պատկանելիությունը որոշում են մայրական գծով: Շատ հեշտ է խճճվել այս իրողության մեջ, առավել ևս, երբ արքաներ դարձած ծաղրածուները, որոնք ամենուր են ` իշխանության մեջ, կրթական համակարգում, մշակույթում և <<ճշտի հայեցակարգ>> թելադրելիս, ստիպում են, որ առավել խճճվես, ընկալելի լինի այն արժեքային դաշտը, որն իրենք են մատուցում: Հակառակ պարագայում, հօդս կցնդեն նրանց արքայական ծագման կամ քաղաքացի լինելու մասին բոլոր լեգենդները:
Իսկ ռայոնցին տրվում է այդ քաոսին ու հեշտությամբ դառնում մշակութային սպունգ: Դադարում է խոսել իր բարբառով, որովհետև նրա մոտ արդեն արմատացրել են <<ռայոնցու>> հոգեվիճակը: Չի խոսում բարբառով, որ հանկարծ գավառական չընկալվի, այլ հակառակը, յուրացնում է ապօրինի ծագման մի բառապաշար, որին երբեք չես հանդիպի երևութական կենտրոնի սահմաններից դուրս: Նա չի խոսում նաև հայերեն, քանի որ այդ նույն ճաշակ թելադրողները կարող են նրան այլ պիտակ տան ̀ <<պեդիկի>> պիտակը: Փոխարենը յուրացնում է <<յանըմ>>, <<խի>>, <<գնացիմ>>, <<եկամ>> ու այլ նողկանք առաջացնող եզրույթներ, որոնք չեն տեղավորվում որևէ լեզվական տրամաբանության մեջ: Եվ հետո, այդ նույն ծաղրածուները, որոնք դեռահասի ինքնախաբեության բովից տարված, հավատում են իրենց աստվածային ծագմանը և հասարակությանը կրթելու միակ և ազնվագույն առաքելությանը, լուրջ դեմքով եթերներից կխոսեն հայերենի խեղման մասին: Նրանք նաև քաջություն չեն ունենա գիտակցելու, ոչ թե բարձրաձայնելու, որ այդ խեղողները հենց իրենք ենք, երբ հսկա մարմիններով տեղավորվում են հայտնի մուլտֆիլմի փոքրիկ սափորում, որն այս դեպքում հետույք է կոչվում:
Շարունակելի...
0 коммент.:
Отправить комментарий