воскресенье, 7 декабря 2014 г.

Մերժվածների քաղաքը

Այդ օրը` 1988թ.-ի դեկտեմբերի յոթին, չէի ուզում գնալ մանկապարտեզ: Պարզապես չէի ուզում ու վերջ: Ակվարիում ունեի: Բոլոր ձկները դուրս էին թափվել: Գնացի: Դա արժեցավ մեկ ռուբլի: Պոնչիկն արժեր հինգ կոպեկ: Խմբի բոլոր երեխաներին պոնչիկ էի հյուրասիրելու:  11:41... աթոռները շարել էինք, գնացք-գնացք էինք խաղում:
Խմբի դայակը` կյաժ Էլինան (այն ժամանակների համար բացառիկ բան` ներկած մազերով կին), ինչպես միշտ, դիմացի կոոպտորգի աշխատող չաղ Լարիսի հետ էր շաղակրատում: Գետինը շարժվեց: Պատերը` նույնպես:

_Վաաայ, էրեխեք, պոեզն իսկականից գնա...: 

Ուրախ ճիչ արձակեց մեր խմբի Արմենակը: Բայց ավաղ... Վերջին ց-ն: Գնացի ց-ն չհասցրեց արտաբերել ու...

Այսպիսին էր քաղաքը մինչ երկրաշարժը: Հիրավի գեղեցիկ է: Գույն ունի: Անսահաման գույն: Քաղաք էր, որտեղ խինդ կար: Ադաթ: Մարդու տեսակ իր ամեն ինչով` նազ ու տուզով, ձևով, նիստ ու կացով, հումորով: Շատ են պատմել: Շատերն էլ անձամբ գիտեն: Չծանրանամ: Հիմա չկա այս լուսավոր քաղաքը: Ժամանակի Հարավային Կովկասի կենտրոններից մեկը: Ինչ եղա՞վ: Արդյոք մի քանի վայրկյանը բավարար էր դարեր կառուցածն ավերի ճարակ դարձնելու: Պարզվեց. ոչ միայն բավարար էր: Մի բան էլ առավել: Մերժվածների քաղաքում, մինչև երկրաշարժն ապրում էր 240.000 մարդ: Հիմա 80.000 չեք գտնի, եթե գտնեք` կուրախանաք: Երեք պառավ էր մնացել, մեկի բերանում սկի շունչ չկար...

Դանթեն և մյուս բոլորը, բոլոր նրանք, ովքեր երբևե փորձել են դժոխք նկարագրել, կարող էին ստանալ դրա բնապատկերը, եթե...:

Ներոնը, եթե ապրեր 2000 տարի այս կողմ, ստիպված չէր լինի այրել Հռոմը` իր ողբերգության վերջին դրվագի համար: Կարող էր նստել Սև բերդի բլուրին ու գրել: Գրել ինչքան կուզես, որ վերջում այդ գազանի սրտում էլ միգուցե մարդ զարթներ: Դրանք տեսարաններ են, որ երբեք և ոչ մեկին չես ցանկանա վերապրել կամ տեսնել: Անգամ, եթե ազգին, տեսակին կամ անհատին ատում էս հոգաչափ:

Անցել է 26 տարի: Երկար ու ձիգ 26 տարի: Մի մարդու կյանք: Մի քանի սերունդներ միախառնվել են կամ փոխարինել են միմյանց: Այն ժամանակվա հաշվարկներով, վնասը կազմեց 10 մլրդ. ԱՄՆ դոլլար: Երկու օր անց, վնասները վերացվելու համար փոխանցվեց 16 մլրդ. ռուբլի: Բայց...

26 տարի անց, 4000 ընտանիք դեռ անօթևան է: Նրանցից երկրորդը` Վոինը, խրոխտ հայտարարում էր, որ 2003թ.-ին, Աղետի գոտի հասկացությունը կջնջվի մարդկանց հիշողություններից: Աղետի գոտին չջնջվեց, բայց վոինն այնքան լափեց, որ խոստումների  հիշողությունը ջնջվեց: Եկավ հաջորդն ու ինչքան ուզեց, այդքան <<խփեց>>: Մերժվածների քաղաքում, պարզվում է դեռ մի դվագ մնացել է փառահեղ անցյալից. մերժել` մերժողներին: 26 տարի անց, երեխաները խաղում են ցեխերի մեջ, ոմանք առնետների ճարակ են դառնում, ծայրահեղ աղքատությունը 81 տոկոս է` ամենաբարձրը Հայաստանում, մանկահասակ մարմնավաճառը` երկու բլիթ կամ 500 դրամ արժէ, 15-40 տարեկան տղամարդկանց յուրաքանչյուր երրորդը` կամ հարբեցող է, կամ թմրամոլ: Շարքը կարելի է շարունակել: Բայց իմաստը՞... Մարդիկ խուլ են կամ խուլ են ձևանում, եթե անգամ խուլ չեն, ապա կույր են ձևանում: Իսկ եթե այդ երկուսն էլ չեն, ապա ակուշտ են:

Կպարես, բա ինչ կանես: Աչքն էլ չես հանի: Սրանցից յուրաքանչյուրի մեկ մեքենան, Կումայրիում երեքից տաս տուն արժի: Տաս տուն պարոնայք: Ձեր վաստակների ամեն երեկո փակած հաշիվը, բավական է, որ նվազագույնը 300 երեխա սոված չքնի: Ձեր ամեն մի հարսանիքի վրա ծախսածը բավական է, որ մեկ ձեռնարկություն կառուցվի և արտագաղթից 20 ընտանիք հետ կանգնեցնի: Ու այսպես շարունակ: 


Եվ առանց ձյունի
Արհավիրքն եկավ... գուցե երկնքից,
Գուցե մի դաժան դժոխքից փախած,
Բիրտ անօրենից...
Խեղված ուղեղի
Մտքերով դժնի...

Հ. Գ.
Երկրաշարժից հետո, շատ հասուն զույգեր, որոնք արդեն ունեին երեխաներ, երկրաշարժի վնասը փորձեցին լրացնել յուրովի` ունենալով ևս մեկ երեխա: Եվ դա վերածվել էր մի տեսակ ազգային համաձայնության և միասնության երաշխիքի: Ու՞ր կորավ դա: Ո՞վ սպանեց այդ միասնությունը:

Հ. Գ. 2
Ցեղասպանության ու երկրաշարժի մեջ մեկ ընդհանրություն կա` օրվա ձևականությունը: Այս տարի այդ ձևականությունն էլ կորավ: Ոչ մի պաշտոնյա չայցելեց Կումայրի:

Հ. Գ. 3

Չգիտեմ, բնությունը կամ եղանակը հիշողություն ունեն, թե ոչ, բայց երկրաշարժից հետո, այդ օրը, որտեղ էլ որ լինեմ, միևնույն է` մռայլ, անձրևոտ, ժամանակին ոչ համահունչ տաք եղանակ, ինչպես այն ժամանակ էր, 26 տարի առաջ այս օրը:




0 коммент.:

Отправить комментарий