Սույն
ակնարկը, թերևս, սկսենք Իբսենի հայտնի խոսքերով. «Ազատություն և ճշմարտություն՝ ահա
հասարակության հիմնասյուները»:
Հին Հունաստանում իդիոտ էին անվանում այն մարդկանց,
ովքեր քաղաքականությամբ չէին զբաղվում, չէին մասնակցում քաղաքական գործընթացներին և
հանրային խնդիրների լուծմանը: Բառն առաջացել է աթենյան դեմոկրատիայի փուլում:
Երբ ասում
ենք քաղաքականություն, պետք չէ անպայման կարծել, որ դա հրապարակներում ելույթ ունենալն
է: Քաղաքական գործընթացներին մասնակցություն է նաև սեփական ձայնի իրավունքի իրացումը:
Մենք շատ հաճախ կլսենք կենացներ ու ճոռոմ խոսքեր այն մասին, որ մենք՝ հայերս, բացառիկ
ազգ ենք: Ու կշարունակվի հիմնավորումների թվարկումը բացառիկության առթիվ: Նախ հասկանանք,
թե ի՞նչ ասել է ազգ: Բնավ մտադիր չեմ երկար ազգաբանական կամ մարդաբանական էքսկուրս անցկացնել
այդ եզրույթի վերաբերյալ: Բեյջհոթն ազգերի մասին խոսելիս նկատում է. «Քանի դեռ մեզ
չեն հարցրել ազգի մասին, մենք հասկանում ենք, թե ինչ է այն, սակայն հենց հարցնելու
պահին անկարող ենք լինում բացատրել կամ սահմանել դա»: Եթե ընդհանրացնենք ազգի վերաբերյալ
ընկալումները, ապա դրանք կարող ենք բաժանել երկու խմբի՝ էթնիկության գոյաբանության
բնույթով առաջնորդվողների խումբ և քաղաքական հայեցակարգով առաջնորդվողների խումբ: Իհարկե,
երկրորդի մեջ ևս կան տարբեր ճյուղեր, բայց դա մեր դիտարկումների առանցքը չէ: Մեզ հետաքրքիր
է՝ արդյո՞ք մենք քաղաքական առումով ազգ ենք, թե՞ ոչ: Եթե դիտարկենք արևմտյան պետական
մոդելները, ապա կհամոզվենք, որ ազգի ներկայիս ընկալումն ու ժամանակակից պետության ձևավորումն
համաժամանակյա ընթացք են ունեցել:
Չձանձրացնելով միանգամից պնդեմ, որ մենք ազգ չենք՝
քաղաքական իմաստով: Երբևէ և որևէ հանգրվանում ազգ չի կարող համարվել այն խառնամբոխը,
որն ատում է իր պետությունը: Իսկ հայաստանյան հասարակության զգալի մասն ատում է այն:
Հայաստանյան հասարակության ճնշող մեծամասնությունն ի վիճակի չէ առանձնացնելու «պետություն» և «իշխանություն» եզրույթները:
Եվ այդ ատելությունը
համատարած անզորությամբ է դրսևորվում՝ հին հռոմեական օրգիայի նմանվելով: Օրգիայի
ժամանակ կեսարներն ու պատրիկներն են իշխանությունը, իսկ հարճերը՝ «ժողովուրդ» կոչվող անդեմ զանգվածը: Մենք ազգ չենք, քանի դեռ պետության մասին կենացներ ենք խմում,
սակայն ցանկացած պահի պատրաստ ենք լքել այդ պետությունը:
Մենք ազգ չենք, քանի դեռ բանակ
ենք փառաբանում, բայց անտարբեր նայում ենք, թե այդ բանակի զինվորն ինչպես է գյուղացու
տնից մի քիչ թթվասեր ու հաց գողանում՝ սովից դրդված: Երբ դու հանդուրժում ես, որ քո
բակի հաստավիզ անասունն ավտոտնակ կառուցի երեխայի խաղահրապարակի հաշվին, ու հարկ եղած
դեպքում շողոքորթում ես նրան, իսկ ավտոտնակի կտուրին խաղացող երեխան ընկնում ու վնասվում
է, ապա դու իդիոտ ես բառի դասական իմաստով:
Երբ դու ժպտալով բարևում ես այդ նույն հաստավիզ՝
երեք անգամ «նստած-ելած» ռեցեդևիստին ու տենչում նրա ժպիտին արժանանալ, ապա
դու իդիոտ ես: Իդիոտ ես, որովհետև հինգ տարում նա մի անգամ է քեզ ժպիտի արժանացնում՝
ընտրությունների նախօրեին, երբ քո թուլայափայ 10.000-ն է շպրտում դեմքիդ: Իսկ ընտրության
օրից կրկին սկսվում է 5 տարի տևող արատավոր շրջափուլը: Ու նա հանգիստ կհարցնի քեզ. «ում որ ասել էինք, ընտրեցի՞ր, այ ղախ*ա»: Իսկ դու հակադարձելու ոչինչ
չես ունենա՝ գիտակցելով, որ վաճառել ես ինքդ քեզ ու պետությունդ: Սակայն չես գիտակցի,
որ դու իդիոտ ես:
Եթե աչքիդ առաջ փողոցում մարդ են ծեծում, ու դու չես միջամտում, կամ գոնե չես
զանգահարում ոստիկանություն, որովհետև ինչ-որ մի «ճշտի հայեցակարգի հիմնադիր» սահմանել է, որ դա բո*ություն է, ապա դու կրկնակի իդիոտ ես: Ոստիկանությունն էլ հարմարվում
է քեզ. նա գիտի, որ իդիոտը պահանջներ չի կարող ունենալ: Իսկ երբ մի քանի հոգով ծաղրում
կամ նեղացնում են մեկին, դա ընկալում ես ոչ թե որպես բո*ություն, այլ՝ «լավտղություն»:
Իրականում, չես գիտակցում, որ հենց դա է բո*ությունը: Ինչու՞. որովհետև դու իդիոտ ես:
Երբ շախմատի ձիու կարգավիճակում շարունակում ես երթևեկել, բայց ընտրում Տարոնին, դու
կրկնակի իդիոտ ես: Երբ հարևան Վարսիկի կարմիր խնձորի խնդիրը քեզ համար ավելի հրատապ
է, քան երկրիդ արտաքին պարտքը, ապա դու եռակի իդիոտ ես:
Գաճաճները երկրի երեսից ջնջում
են բարձրահասակաների պատմությունն ու մշակույթը: Սա բնորոշ է Հայաստանին: Գաճաճն այս
դեպքում ֆիզիոլոգիական կառուցվածքը չէ: Գաճաճի ներքո պետք է հասկանալ իշխանության հոգեվիճակ:
Իսկ դա հանդուրժող բարձրահասակները կռանալով փորձում են նմանվել այդ նույն գաճաճներին
ու դառնում ավելի անճոռնի: Երբ 60.000 դրամ ստացող ուսուցիչը ձայն է կեղծում Հանրապետականի
համար ու փառաբանում Սերժին, նա ոչ միայն իդիոտ է, այլ նաև պետական դավաճան:
Ու ապրում
եք իդիոտներով՝ հոտի ձեր գիտակցությամբ որոշելով բոլորի ճակատագրերը: Իսկ 1991-ին մենք
իդիոտներ չէինք, մենք հանրույթ էին, որն ուներ ագորա՝ բառի դասական և քաղաքական իմաստով:
Լուսավորյալ հասարակություններին հեշտ է կառավարել, սակայն ստրկացնել հնարավոր չէ:
Հայաստանինը վաղուց ստրկացված հասարակություն է:
Հ. Գ.
Մարդ էին գցել մեքենայի տակ:
Շտապօգնության մեքենան եկել էր: Փողոցը նեղ էր. մի պահ երթևեկությունը կանգնել էր:
Վարորդները, միմյանց հեր ու մեր քրֆելով, ստիպում էին շարժվել: Իսկ հետո, մահացածին
մոռացած, պատասխան էին պահանջում մեկը մյուսից, թե երրորդի ծեր մերն ինչո՞վ է էդքան
սեքսուալ, որ երկրորդն ուզում է տիրանալ վերջինիս:
Ագորա-ժողովատեղի և հրապարակ: Բառը ծագում է Հին Հունաստանից: Այդտեղ էին քննարկվում հանրային կարևորության խնդիրները, տրվում էին լուծումներ: Ժամանակի ընթացքում ագորան ավելի ընդգրկուն իմաստ և բովանդակություն ձեռք բերեց:
0 коммент.:
Отправить комментарий