Վերջին շրջանում շատ են խոսակցությունները՝ կապված ՊուԾինի
(հետայսու նրան այդպես կանվանենք. խնդիրն այստեղ լեզվական է. ռուսերենում այս անունը, չնայած նրանում առկա Տ տառին, մի տեսակ քնքուշ երանգավորմամբ է հնչում՝ տանելով դեպի ь տառի հնչողության, իսկ քանզի մեր լեզուն չունի այդ տառը, ուստի այն կփոխարինենք տ-ի և ь-ի համակցմամբ, որի արդյունքում կստանանք մեծատառ Ծ ) Հայաստան ժամանելու և Մաքսային միության անդամ դառնալու հետ (այստեղ ևս հարկ է «անդամ» բառը բազմիմաստ հասկանալ): Որոշեցի մոդայից հետ չընկնել և անդրադառնալ դրան: Իսկ այժմ ավելի լուրջ.
Պատմությունից չենք սովորում. բութ ե՞նք...
Որպես նախաբան՝ անդրադառնամ մի քանի նախապաշարումների և պնդումների, որոնք առկա են հասարակության տարբեր շերտերի մոտ և արհեստավարժ կերպով օգտագործվում են իշխանական քարոզչամիջոցների կողմից. Ռուսաստանը մեզ փրկել է: Ռուսաստանը մեր ավագ եղբայրն է: Առանց Ռուսաստան մենք ոչինչ ենք: Թուրքիան մեզ երկու րոպեում կհոշոտի: Ռուսաստանում երկու կամ ավելի միլիոն հայ է ապրում: Մեր գիտակցության մեջ արմատացած է ռուսական մտածողությունը և այլն: Այսպիսի փաստարկներ և պնդումներ՝ ինչքան ուզեք: Այժմ հերթականությամբ:
Ազիզդ թաղեմ, Իսրայե՛լ Օրի («Ազիզդ թաղեմ»-ժողովրդական անեծքի տեսակ, որը դասվում է բանահյուսության ժանրին: Այն հատկապես լայն կիրառում ունի հյուսիսարևելյան շրջաններում և կիրառվում է «մտերիմիդ թաղեմ» իմաստով: Սակայն Իսրայել Օրու մտերիմները վաղուց թաղած են, ուստի մենք այս անեծքով բնավ չենք վիրավորում նրան): Ինչպես հայտնի է, Եվրոպական անիմաստ դեգերումներից հետո Իսրայել Օրին իր քայլերի վեկտորն ուղղեց դեպի հյուսիս՝ Ռուսաստան, և շրջադարձ մտցրեց «հայ ազատագրական մտքի պատմության մեջ»: Օրու մտքով անգամ չէր անցնում, թե հետագայի պատմաբաններն ինչ խոսքերով են արժևորելու և աստվածացնելու նրա երկնահաճո արարքը: Եկեղեցին տեղում ընդառաջ գնաց այդ դարակազմիկ իրողությանը և շրջանառության մեջ դրեց չորրորդ դարում լույս տեսած «թոփ-թազա» լեգենդը՝ Ներսես Մեծի երազը: Ներսեսը տեսել էր, որ կգա հյուսիսի հզոր ցեղը և կփրկի մեզ: Ծիծաղ, թարմ ծիծաղ, պարոնայք, եթե կուզեք՝ նաև տիկնայք: Նախ Ներսեսի ժամանակ մենք բնավ փրկվելու կարիք չունեինք, և երկրորդ. գեղանի Փառանձեմին թողած՝ Ներսեսը Պյոտրի բեղերը պետք է տեսներ երազին, հա՞: Մի խոսքով: Պյոտրին հարմար չէր ու չեկավ: Ռուսները եկան մի քիչ ավելի ուշ: Դե շատ չէ, մի ութսուն տարի հետո: Ի՞նչ փոխվեց: Շահն ու սուլթանը դարձան ցար: Սարդարը՝ գուբերնատոր և այսպես շարունակ: Այն ժամանակի մեր զորիները հուզատոչոր և սրտաճմլիկ նամակներ էին գրում ռուսաց ցարին Հայաստանի անկախության վերաբերյալ: Կարգեր էին պատկերում և այլն: Փոխարենը՝ առահաա... Ինչպես լինում է նման դեպքերում, ժպիտով պարուրված եռամատ կոմբինացիա: Ես չգիտեմ՝ ռուսաց ցարերը որտեղ էին կարդում այդ նամակները: Միգուցե զուգարաններում նստա՞ծ՝ միաժամանակ նայելով նախնյաց նկարներին (Նիկոլայ Երկրորդը հրամայեց իր զուգարան տեղափոխել նախնիների դիմանկարները, որպեսզի դժվար պահերին զգա նրանց աջակցող հայացքները): Անցնենք հաջորդ պնդմանը: Ռուսները փրկել են մեզ: Նման տաֆտալոգիայով զբաղվողներին խորհուրդ կտամ վերհիշել իրենց չորրորդ դասարանում ստացած մաթեմատիկայի գիտելիքները և համեմատել: Երկու դար տևած ռուս-թուրքական և ռուս պարսկական պատերազմների ընթացքում ավելի շատ հայ զոհվեց, հարստահարվեց, դարձավ աստանդական ու գաղթական (վերջինը, ի դեպ, այդ նույն ռուսների թեթև ձեռքով շարունակվում է մինչ օրս), թե Ցեղասպանության ողջ գործընթացի ժամանակ: Հաշվե՛ք, հարգելի՛ սլավոնաֆիլներ, բայց արդյունքներից հանկարծ չզարմանաք: Երկու միլիոն հայ Ռուսաստանում: Ներեցե՛ք, ո՞վ է մեղավոր: Լավ կառավարեիք, չգնային: Եվ հետո: Նայեք Ռուսաստանի պատմության և մշակույթի բոլոր դրվագները: Եթե գտնեք մի դրվագ, որն իրականցվում է առանց հայերի, ես ներողություն կխնդրեմ: Գերմանացիները մինչ օրս չեն զլանում հրապարակային շնորհակալություն հայտնել թուրքերին: Գիտեք ինչու՞: Երկրորդ աշխարհամարտից հետո երկու միլիոն թուրք Գերմանիայում զբաղված էր շինարարությամբ: Իհարկե, համապատասխան վճարի դիմաց: Հիմա կասեք՝ խորհրդային տարիներ, Մարզահամերգային համալիր ու ես շատ գիտեմ էլ ինչ: Դրա հետ ռուսը՝ առավել ևս ՊուԾինը, ոչ մի կապ չունեն: Իսկ եթե անգամ մեկ տոկոսով կապ ունեն, ապա մենք արդեն հատուցել ենք հարյուրապատիկը:
Մտավոր թմբիր:
Մենք մի տեսակ շուտ ենք ընկնում թմբիրի մեջ և հաճախ ենք ամեն ինչ մոռանում: Մոռանում ենք բոլորովին թարմ իրականությունը: Ո՞վ դեմ տվեց մեր կոկորդին ղարաբաղյան թնջուկը և մինչ օրս խաղացնում է: Ես չեմ հաստատ: Այդ մեր «ավագ եղբայրը» չէ՞ր արդյոք, որ մի քանի միլիոն պարտքի դիմաց ինչ ունեինք-չունեինք՝ տարավ և այդ դեպքերից մեկ շաբաթ չանցած՝ ներեց Սիրիայի մեկ միլիարդ դոլար պարտքը: Օրինակները բազմաթիվ են: Չծանրացնենք միտքը:
Խորհրդանշական է նաև գալու օրը և վայրը: Երկուսը դեկտեմբերի, Կումայրի: 1920 թ., երկուսը դեկտեմբերի, այն ժամանակ՝ Ալեքսանդրապոլ: Լեգրան-Դրո: Հայաստանը խորհրդայնացվում է: Երևի ՊուԾինն ազդվել էր Զորիի հայտնի նամակից:
Յոթանասուն տարի անց տաս հազար հայ սպանվեց, դրա կեսի չափով էլ բանտերը համալրվեցին, երեք հարյուր հազարն էլ գաղթական դարձավ, մինչև փորձեցինք թոթափել այդ լուծը: Բայց արի ու տես, որ չթոթափեցինք: Էլ ռեսուրս չունենք, հարգելինե՛րս: Չենք ուզում նորից այդքան կորուստներ՝ հերթական լուծը թոթափելու համար:
Հ. Գ.
Տողերիս հեղինակը բնավ ատելություն չի տածում որևէ ազգի կամ ժողովրդի նկատմամբ: Ավելին՝ շատ եմ սիրում, հատկապես ռուս աղջիկներին: Խնդիրն այստեղ այլ է: Ես ազատ պետության քաղաքացի եմ: Կամ գոնե ուզում եմ ապրել այդ երազով: Թքած ունեմ, թե այսօրվա իշխանավորն ում է տուրք տալիս: Իմ երազներում իմ պետությունն անկախ է: Ես ազգասեր չեմ և ոչ էլ հայրենասեր: Ես պետականասեր եմ: Թեկուզ փոքր պետության քաղաքացի եմ, բայց քաղաքացի եմ, ով ուզում է հավասար հարաբերվել այլոց հետ:
0 коммент.:
Отправить комментарий