Կովկասյան խառնարան
Սեպտեմբեր ամսին մասնակցեցի Թբիլիսում կայացած «Տոտալիտարիզմը և դրա հետևանքները» վերտառությամբ գիտական-հրապարակախոսական կոնֆերանսի
աշխատանքներին: Այն կազմակերպվել էր DAAD-ի ծրագրերի շրջանակներում, Բեռնլինի Հումբոլտի համալսարանի EuroKauKasia կենտրոնի կողմից, համակարգողներ՝ Եվա-Մարիա Աուխ և Ռասիմ Միրզաև: Մասնակիցների աշխարհագրությունն հետևյալն էր՝ Գերմանիա, Ֆինլանդիա, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան: Ավելի ուշ, ծրագրի երկրորդ մասում՝ Ֆրանսիա, Բուլղարիա և Ռումինիա: Կոնֆերանսի շեշտված հիմնական ուղղությունը տոտալիտարիզմն էր՝ ստալինիզմի տեսքով: Այս թեման ընտրելիս հաշվի էին առել տարածաշրջանի առանձնահատկությունները և այն հանգամանքը, որ հարավկովկասյան երեք հանրապետություններն էլ անցել են այդ փորձաշրջանով: Հավաքն ուներ մեկ այլ ուղղվածություն ևս. նախաձեռնող խումբը Cliokaukasus անվանումով գիտական և հրապարակախոսական նյութերի, ժողովածուների և հոդվածների կայք է ստեղծում:
Ընդհանուր նկարագիր
Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը մասնակիցներով և զեկուցումների քանակով համաչափ էին ներկայացված: Զեկուցումներով հանդես եկողների կազմից միայն նվաստս չուներ գիտական աստիճան. Ադրբեջանը և Վրաստանը ներկայացված էին առավելագույն ակադեմիական մակարդակով: Սակայն վերոնշյալ երկու հարևանների այդ մակարդակի ներկայացումը որոշակի պատկերացումների հիմք տվեց: Այդ մասին քիչ հետո: Հավաքի երկրոդ մասում, քննարկվեց կայքի կառուցվածքի, բովանդակության, բաժիններին ներկայացվող պահանջների վերաբերյալ հարցեր: Այս աշխատաոճն հատկապես ինձ շատ դուր եկավ, քանի որ արտացոլեց բազմակարծություն, և դրսևորվեց մի երևույթ, որը կոչվում է հանրային լսում:
Տպավորություններ ելույթներից
Ադրբեջանի ԳԱԱ պատմության ինստիտուտի աշխատակցուհի, գիտությունների դոկտոր պրոֆ. Սևինջ Ալիևայի ելույթը, չնայած այն համանքին, որ վերաբերվում էր Ադրբեջանի տարածքում Ստալինի կողմից իրականացրած բռնաճնշումներին, բայց անդրադարձավ միայն ադրբեջանցիների նկատմամբ կատարված ոտնձգություններին: Իսկ ինչպես գիտենք, Ադրբեջանը բազմազգ երկիր է: Այս հանգամանքը, ոչ միայն իմ, այլ նաև մյուս մասնակիցների կարծիքով, գիտական կոռեկտության խախտում էր: Նույն միտումը նկատվեց նաև Բաքվի պետական համալսարանի պրոֆեսոր Էլդար Իսմայիլովի ելույթում: Առավել լավ էին պատրաստվել Վրաստանի ներկայացուցիչները, ովքեր հիմնականում ներկայացնում էին վրացական բուհական միջավայրը: Նրանք հրաժարվել էին խորհրդային զեկուցումներ կարդալու չոր ոճից և ներկայացվող նյութն ուղեկցվում էր ցուցադրությամբ, որն ավելի դինամիկ և գրավիչ էր դարձնում նրանց ելույթները: Վրացի գործընկերների մոտ նկատվեց նաև ավելորդ վստահության դրսևորում, որն ուներ երևի թե քաղաքական ենթատեքստ, որում արտացոլվում էր տարածաշրջանային քաղաքական գործընթացներում առաջնորդող պետության քաղաքացի լինելու գործոնը: Ադրբեջանից իր պահվածքով և ինտելեկտով տպավորեց Ալի Աբասովը: Բավականին բովանդակային զեկույցով հանդես եկավ Վրաստանում ԵՄ ներկայացուցիչ Օլիվեր Ռեյսները, ով խոսեց խորհրդային անցյալի ներկայության մասին, ներկայացրեց այն, ինչ տեսել էր Վրաստանում: Բավականին հետաքրքիր էր լսել այլ հայացքի տեր մարդու կարծիքը և այդ խնդրի վերաբերյալ նրա դիտարկումները: Ընդհանրապես, կոնֆերանսի մասնակիցներին իսկապես հետաքրքում էին տոտալիտարիզմ երևույթի հաղթահարման ուղիները և միջոցները: Ի վերջո, կազմակերպիչները ներկայացնում էին այն հասարակությունը, որը հաղթահարել է հիտլերյան դիկտատուրա:
Ի՞նչ տվեց ինձ մասնակցությունը
Ա. Հավաքի աշխատանքային լեզուները ռուսերենն ու անգլերենն էին: Վեց օր անընդհատ շփումն այդ լեզուներով ունեցան իրենց դրական ազդեցությունը:
Բ. Պատկերացում կազմեցի հարևան երկրներում տիրող պատմագիտության վիճակի վերաբերյալ: Ըստ այդմ՝ հարևան Ադրբեջանը մեզ նման անմխիթար վիճակում է, իսկ Վրաստանը ինչ-ինչ քայլեր կատարում է ճահճից դուրս գալու համար, բայց առայժմ հեռու է ամուր հողից:
Գ. Բովանդակային առումով ինձ հասու դարձավ արևմտյան՝ հատկապես գերմանական աշխատանքային և կրթական ոճը, որն այնքան հռչակված է ամբողջ աշխարհում: Դա ինձ ստիպեց խմբագրել տեսակետներս բազմաթիվ հարցերի վերաբերյալ:
Դ. Կոնֆերանսում կրկին տեսա, որ մեր (ի նկատի ունեմ կրթահամալիրը) ուսուցիչները դրսում ներկայանալի են, քանի որ պատրաստված են և՛ տեխնիկական առումով, և՛ ազատ միջավայրում կարողանում են զարգացնել իրենց ստեղծականությունը. իմ զեկուցցման բովանդակությունն ու ներկայացումը բավականին հետաքրքրեցին մասնակիցներին, որոնք դա հասկացան իմ ելույթից անմիջապես հետո:
Մասնակիցների շփումները բավականին բարձր մակարդակի էին, հատկապես, եթե հաշվի առնենք քաղաքական բարդությունները, ապա կարելի է ասել, որ դրանք բավականին ջերմ էին, և տիրում էր առավելագույն հանդուրժողականության մթնոլորտ:
Վերջում պարզապես հավելեմ, որ կոնֆերանսում ներկայացրեցի նաև կրթահամալիրում Աշոտ Տիգրանյանի ղեկավարած «Բռնադատվածներ» նախագիծը, որն ընդունվեց բուռն ոգևորությամբ, ստացանք ամառային դպրոցի մասնակցելու հրավեր։ Ես ստացա նաև երկու անձնական հրավեր, որոնց մասին ավելի ուշ՝ հաստատվելուց հետո:
0 коммент.:
Отправить комментарий