четверг, 26 июня 2014 г.

Պաքսիմատ

90-ականների սոցիալիզմը:




Ձվից դուրս եկած ամեն մի կարևորվող, ով իրեն հռչակում է կատարավոր, չգիտես ինչու` ինքնահաստատման մոլուցքը պնդելով, փորձում է քննադատել իննսունականները:

Բայց սրանք չեն, որ արժեն մեր ժամանակը: Խոսենք պարզապես: Հիշելով կամ փաստելով: Ընդհանրապես որևէ գաղափարաբանության կամ արժեքի հետ ծանոթանալիս, ես աշխատում եմ նայել դրան ու հասկանալ այնպես ինչպես կա, որևէ ենթատեքստի կամ իրականության խեղաթյուրման չանդրադառնալով, քանզի դա հակառակ պարագայում վեր է ածվում անիմաստ փիլիսոփայության:

Այսպես, սոցիալիզմ կոչվածն ինձ համար ասոսացվում է նախ որպես հասարակական դաշինք և հավասարություն, և հետո նոր մնացյալ բաղադրիչները, որը կարող են վերագրել այդ երևույթին: Իհարկե, սրանով հանդերձ, միամիտս չի հավատում, որ հավասարություն կա ընդհանրապես: Երբեք չեք գտնի միանման երկու տերև: Բայց 90-ականները գրավիչ էին հենց դրանով:

Հաց չկար: Լա՞վ էր, թե վատ: Թող ճշտի յուրաքանչյուրը: Եղածն էլ չէր ուտվում: Ոչինչ, չմեռանք: Լույս չկար: Ի՞նչ կորցրեցինք: Հավատացեք` ոչի՛նչ: Գիրք սիրեցինք, քանզի Շերոնի ցայլքով զմայլվելու հնարավորություն չունեցանք:  

Առանձնապես ծանր էր երկու տարածքում, եթե ծանր էր ընդհանրապես: Սահմանում և աղետի գոտում: Բայց առաջինում կար պայքարի ոգի, իսկ երկրորդում` ապրելու կամք: Ու հենց այդ ապրողն էր դառնում կենսական ու ստեղծագործ: Ստեղծում է, որովհետև ինքն է կերտում իր սոցիալական միջավայրը: Նորից կրկնեմ` սոցիալական: Ստեղծում է, քանզի ապրելու ձգտումն է որ տալիս է արարելու անհագ ցանկություն: Ու հենց այս ձգտման մեջ է այն էքստատիկը, որը տեսակին դարձնում է կենսունակ: 8-րդ դասարանցին խմբագրատուն է բացում, 9-րդ դասարանցի տղան BMW արտադրող ֆիրմային իր պատկերացրած մակետներն է ուղարկում` պատասխան չստանալու ակնկալիքով, պարզապես, երազելով: Պատասխան է ստանում ու աշխատանքի առաջարկ: Բայց հրաժարվում է: Քանզի դա կկոտրեր իր երազը: Նա ստեղծում էր, որ ապրեր: Ու այսպես շարունակ: 

Իսկ ի՞նչ կար ընդհանրապես: Կար այն ամենն ինչ կա վերևում նկարագրված: Կար հաց, որն ուտելու համար չէր՝ այլ չորացնելու: Կար սեր ու նվիրում: Կային մեռնող հոգիներ, բայց և փոխարինող ճիչեր: Բայց կար երազանք: Անհուն երազանք:

Եվ լույս եղավ: Ու հաց: Ու ի՞նչ բերեց դա: Կոտրեց երազը: Մարդիկ երբեք չէին երազում, որ լիներ լույս ու հաց, բայց դա չլիներ բոլորի համար: Մարդիկ երազում էին ապրել երազում: Ապրեին՝ արարելով, տեսակ պահելով:  Փողոցի գաղջը համատեղ ցրելով կամ այդ նույն փոշին համաչափ շնչելով: 

Հ. Գ.

Թերևս, 90-ականների սկզբների սոցիալական միակ տարբերակումը նկարում պատկերվածների մեջ էր:

0 коммент.:

Отправить комментарий