Ենթամշակույթը հասարակության մշակույթի մի մասն է, որն առանձնանում է հասարակությունում գերիշխող մշակութային ընկալումներից, իրեն համապատասխան սոցիալական խմբի կառուցվածքով, սեփական արժեքային համակարգով, լեզվով, վարքով, հագուստով և այլ արժեքներով:
Առանձնացվում են ենթամշակույթներ, որոնք ձևավորվում են էթնիկ, ժողովրդագրական, մասնագիտական, աշխարհագրական հիմքերի վրա: Երբեմն ենթամշակույթները ձևավորում են նաև ներէթնիկ համայնքներ, որոնք առանձնանում են վերոնշյալ սկզբունքներով: Մեկ այլ հայտնի օրինակ են ծառայում երիտասարդական ենթամշակույթները:
Լայն առումով, ենթամշակույթ ասելով հասկանում ենք մշակութային ենթահամակարգ «պաշտոնական» մշակույթի մեջ, որը սահմանում է կյանքի ոճ, արժեքային աստիճանակարգ և իր կրողների մենթալիտետը:
Հարկ է առանձնացնել ավանդական և նորարարական-ավանգարդ ենթամշակույթները:
Նորարարական-ավանգարդ ենթամշակույթների առաջացումը կապված է հասարակության «հիմնական» մշակույթը մերժելու հետ: Այս տեսանկյունից որոշ երիտասարդական ենթամշակույթներ կոչվում են նաև «հակամշակույթ» /counterculture/:
Երիտասարդական ենթամշակույթները ևս ունեն ներքին տիպաբանություն և բաժանում: Հիմնական ուղղություններն են համարվում՝ երաժշտական ենթամշակույթներ, արտ-ենթամշակույթներ, համացանց-համայնք և համացանցի մշակույթներ, արդյունաբերական և մարզական (սպորտային) ենթամշակույթներ և տարատեսակ հակամշակույթներ:
Սույն հոդվածի շրջանակում անդրադարձ կկատարվի էմոների ենթամշակույթին, որը տիպաբանվում է երաժշտական ենթամշակույթների շարքում:
Որպես ենթամշակույթ, վերոնշյալը հայկական միջավայրում համեմատաբար նոր իրողություն է: Սրանք մեզանում տարածում են գտել վերջին տասնամյակի ընթացքում, ու հասարակական միջավայրում դեռևս չունեն խորքային լուծում, սակայն այս ենթամշակույթի մուտքը հայկական միջավայր, բավականին շռնդալից էր, և մինչ օրս էլ չեն դադարում նրա հետ կապված քննարկումները, հակասական մոտեցումները: Սակայն, այս ամենով հանդերձ, մինչ այժմ հրապարակում չկա այս թեմային նվիրված համակողմանի ուսումնասիրություն:
«Էմո» բառն առաջացել է «էմոցիոնալ» (զգացմունքային) բառից: Այն ավելի շուտ երաժշտություն է, քան կենսաոճ: Ռոքի ուղղություն է, որ հիմնադրել է ամերիկյան «Ռայթս օֆ Սփրինգ» խումբը անցյալ դարի 80-ականներին: «Էմոն» պահպանում էր ավանդական «Փանք» ռոքի երանգները, սակայն երգերի թեմաները խիստ անձնականացված էին ու վերաբերում էին կյանքի, սիրո, մահվան փիլիսոփայությանը: Այս վոկալ ոճի առանձահատկությունն այն է, որ ներառում է ճիչեր, հառաչանք, բղավոց:
Այս ենթամշակույթը զարգացման տեսանկյունից ունի մի քանի փուլ. առաջին փուլն ընդգրկում է անցյալ դարի ութսունական թվականներից մինչև ինսունականների կեսերը: Այս փուլում, ձևավորվեց ենթամշակույթի երաժշտական ուղղությունը և առաջացավ այդ ուղղության անվանումը՝ «Էմո», որը նախնական փուլում ուղղության ավելի շատ հեգնական անվանումն էր մամուլի և հակառակորդների կողմից: Երկրորդ փուլում այն արդեն դադարում է միայն երաժշտական ուղղություն լինելուց, ու սկսվում է այդ երաժշտական ուղղության հիմքի վրա ձևավորվել երիտասարդական ենթամշակույթ` իրեն բնորոշ բոլոր հատկանիշներով: Երրորդ փուլում ենթամշակույթը գալիս է իր վերջնական տեսքին, որի հիմքում, չնայած այն հանգամանքին որ ընկած է որոշակի մշակութային ուղղություն, այնուամենայնիվ կան ենթամշակույթին բնորոշ բոլոր հատկանիշները: Այս վերջին փուլում է, որ ենթամշակույթը ստանում է նաև իր վերջնական անվանումը էմո-կիդս (երեխաներ), կապված նրա մասնակիցների տարիքային ցենզի հետ: Բացի այս անվանումներից, նրա կողմնակիցներին կոչում են Էմո-բոյ (տղա) կամ էմո-գըրլ (աղջիկ): Այս ենթամշակույթի ներկայացուցիչները հիմնականում տարբերվում են մյուսներից, նախ և առաջ իրենց արտաքին տեսքով: Էմոներին բնորոշ է մուգ ներկած աչքերը, մի աչքը ծածկող թեք մազափունջը, երկար եղունգները, մարմինը պիրկ գրկող սև և վարդագույն զգեստները, սովորականից մեկ համար փոքր կոշիկները, որոնք ըստ նրանց, իրենց ամեն պահի հիշեցնում են կյանքի դժվարությունների մասին: Էմոների դեմքին կամ մարմնի այլ մասերի վրա կարող է լինել փիրսինգ, ավելի հաճախ քթին, ականջին, հոնքին, ձախ ռունգին: Էմոների կողմից կայքերում օգտագործվող հաճախակի ինքնանվանումներն են՝ broken_heart, raped_teddy_bear, lonely_star և այլն:
Էմոների հագուստի հիմնական գույները, ինչպես վերը նշվեց, սևը և վարդագույնն են, սակայն որոշ վառ գույների համադրություն ևս կարելի է: Սևը էմոյի կերպարի բաղկացուցիչն է, այս գույնին նախապատվություն տալը կարող է պայմանավորված լինել դեպրեսիայով, դժբախտությամբ կամ մերժումով: Այն նաև կյանքի չարությունների և դաժանության խորհուրդն է: Վարդագույնն արացոլում է ուրախ պահերը: Մարտահրավեր է նետված համընդհանուր խավարին: Այս գույնը նաև նպատակ ունի առանձնացնելու էմոներին գոթական ենթամշակույթից և մերձեցնելու նրանց փոփ-փանք ուղղությանը: Էմոների հիմնական հագուստն են կիպ վերնազգեստը, մուգ՝ հիմնականում սև կամ մոխրագույն ջինսը, պատառոտված կամ մաշված հատվածներով, սև կամ վարդագույն գոտին, սպորտային կոշիկները, վառ գույների կամ սև կապոցներով, որոնք կապվում են յուրահատուկ ձևով, երկգույն շարֆ-արաֆատ վզի հատվածում: Աղջիկների պարագայում երբեմն առկա են նաև ժապավենով գլխանոցներ և գծավոր գուլպաներ ձեռքերի հատվածում:
Ատրիբուտներ` ուսի վրայով անցկացվող «փոստային» պայուսակ, որի վրա փակցված են լինում պիտակներ կամ տարբեր նշաններ, նշան-պիտակներ, որոնք կպցնում են հագուստին և կոշիկներին, մեծ ակնոցներ՝ սև կամ վառ գույներով, վառ գույների ապարանջաններ ձեռքերին, խոշոր ուլունքներ, կրկին վառ գույներով, պարանոցին, փափուկ խաղալիքներ, որոնք երբեմն փաթաթում են հաստ թելերով, և հիմնակնում պահում են իրենց մոտ, յուրաքանչյուրի համար այն ունի իր խորհրդանշական բնույթը, որոշներից չեն բաժանվում նաև քնելու ժամանակ:
Խորհրդանիշներ` վարդագույն սրտիկ, հաճախ պատռված կամ կիսած, գանգ և ոսկորներ, սև, հինգանկյուն աստղեր, անկյունները վարդագույն, մանկական մուլտ-հերոսների նկարներով վերնահագուստներ:
Առաջին էմոները, ովքեր իրենց «իրական էմոներ» են համարում, բուսակեր էին, ալկոհոլ և թմրանյութ չէին օգտագործում ու չէին ծխում: Հագնում են միմիայն վանդակավոր շորեր: Այսօր արդեն միլիոնավոր երիտասարդներ ամբողջ աշխարհում հետևում են իրենց ռոք կուռքերին` Տոկիո Հոթելին, Ավրիլ Լավինին, Գրին Դեյին ու ամեն ինչում փորձում են նմանակել նրանց: Ժամանակակից էմոները զգալիորեն տարբերվում են «իրական էմոներից»: Նրանք 12-18 տարեկան էքսցենտրիկ երիտասարդներ են` «էմո փոքրիկներ», որոնք առանձնանում են բարձր հուզականությամբ և հասարակական կարծիքի նկատմամբ արհամարհական վերաբերմունքով: Պիրսինգը նրանց մարմնի անբաժանելի մասն է, ինչը գալիս է ապացուցելու, որ նրանք չեն վախենում ոչ ցավից, ոչ մահից: Նրանք հիմնականում երկսեռական են, ողջունում են ինքնասպանության գաղափարը, իսկ երակներ կտրելը նրանց մոտ «ավանդույթ» է դարձել:
Առաջին էմոները Երևանում հայտնվեցին 2006-2007թթ.: Նրանք հիմնականում տարածված են Երևանում, երբեմն պատահում են Գյումրի, Վանաձոր, Դիլիջան, Կապան, Արմավիր քաղաքներում, բայց շատ հազվադեպ: Երևանում էմոների կենտրոնացվածությունը պատահական չէ, քանի որ այսօր երևանյան հասարակությունը տարասեռ մշակութային զանգված է, և ցանկացած մշակութային ուղղության կամ ենթամշակույթի համար կարող է պարարտ հող լինել: Ինչպես ամբողջ աշխարհում, այստեղ ևս էմոները12-18 տարեկան դեռահասներ և պատանիներ են, գերակշռում են իգական սեռի ներկայացուցիչները: Որպես ենթամշակույթ` էմոները հասարակության համար վտանգ են ներկայացնում այնքան, որքան որ միտված են վնասելու իրենց, իսկ ոչ իրենց գաղափարակիցներին ուղղակի իմաստով վնասելու նրանք, ի տարբերություն բազմաթիվ այլ ենթամշակույթների, հակված չեն: Էմոների շարքերն այսօր համալրվում են շեշտակի առաջընթացի սկզբունքով. որոշ լրատվամիջոցներ և լրատվական կայքեր փաստում են, որ այսօր Երևանում էմոների թիվը չի անցնում վեց տասնյակից, սակայն մեր դիտարկումները ցույց տվեցին, որ այսօր Երևանում կան մոտ երկու հարյուրակի հասնող պարմանիներ և պարմանուհիներ, որոնք իրենց համարում են էմո ենթամշակույթի կրողներ և անում են ծիսակարգային այն բոլոր քայլերը, որոնք բնորոշ են իրական էմոներին: Այս խմբերում շատ են այն մարդիկ, որոնց հասարակական մեխանիզմը չի պաշտպանում, ավելին, այդ նույն հասարակական մեխանիզմի մեջ գործող այսպես կոչված «օրենքների» կիրառումն է այդ մարդկանց ստիպել համալրելու այս կամ այն ենթամշակույթի, տվյալ դեպքում` էմոների շարքերը: Համալրման պատճառները կարող են լինել բազմաթիվ` ընտանեկան անառողջ մթնոլորտ, հասարակությունում ստորադաս վիճակ, նեղ խմբի կողմից ճնշումների կիրառում և այլն: Իսկ ծանոթացումն էմո ենթամշակույթի հետ կամ համալրումը շատ հեշտ են` հաշվի առնելով զարգացած տեխնոլոգիաները: Այս պարագայում, հասարակական վերահսկող համակարգը, որն առկա էր Երևանում նաև մինչև ինսունականների վերջերը, սպառում է իրեն: Դիտարկումները ցույց են տալիս, որ տարբեր ենթամշակույթների ներկայացուցիչներ բնակիչներ են հիմնականում նոր հիմնադրված համայնքների, որտեղ չկան հասարակական զսպող մեխանիզմները, բակային ավանդական աստիճանակարգությունը` իմաստուն համարվող տարեցների ղեկավարությամբ: Գումարած այս հանգամանքին` առկա է նաև այն, որ էմոյական խմբերի կայացմանը նպաստում են ըտանիքներ, որոնց արժեհամակարգը հիմնականում ավանդական հայկական չէ, և տան երեխան դուրս է մնում ծնողների լիարժեք վերահսկողությունից:
Այս բոլոր խմբերում առկա երեխաները շատ հեշտությամբ մաս են կազմում համայնքների, տվյալ դեպքում պարտադիր չէ միասնական տարածքի առկայությունը, քանի որ էմո ենթամշակույթը շատ մոտ է համայնքային օրինակ դառնալու, որտեղ նրանց ընդունում են որպես արժեք ներկայացող քաղաքացիները: Այս պարագայում նրանք ունենում են կշիռ և ինքնահաստատումը, կամ որ ավելի ճիշտ է, ինքնակայացումը գնում է թվացյալ լիարժեք հունով: Այստեղ նրանց չեն ծաղրում, չեն վիրավորում, չեն նվաստացնում, չեն ստիպում անել քայլեր իրենց կամքին հակառակ, իսկ եթե արվում էլ են նման քայլեր, ապա միայն հստակ մեխանիզմների կիրառմամբ: Էմոյական ենթամշակույթն իր այս կողմերով ավելի գրավիչ է դառնում իգական սեռի դեռահասների համար, քանի որ նրանք ավելի թույլ են և անպաշտպան: Անհատական հարցումները ցույց տվեցին, որ նրանց մի զգալի մասը այս ենթամշակույթի շարքերը համալրել է մերժված կամ արգելված զգացմունքերի պատճառով, որ այս տարիքի դեռահասին դարձնում է ավելի խոցելի:
Եթե իրենց էմո համարողների թիվը, ինչպես նշվեց, հասնում է երկու հարյուրի, ապա շատ ավելի շատ է «պասսիվ էմոների» թիվը, որոնց, իրենց իսկ խոսքերի համաձայն, գրավում են այս ենթամշակույթի երաժշտությունը, ծիսակարգային որոշ բաղադրիչներ և հագուստի ոճը: Նրանցից յուրաքանչյուրը ցանկացած պահի կարող է համալրել այս ենթամշակույթի շարքերը բերված պատճառներից ցանկացածի առկայության պարագայում: Ուսումնասիրության ընթացքում եղավ նման դեպք, երբ աղջիկը համոզված էր, որ կյանքը և մարդիկ շատ դաժան են, ինքը մերժված է իր ընտանիքի և հասարակության կողմից: Այս ամենը հիմք հանդիսացան, որ նա մերձենա էմո ենթամշակույթին. հագնվի այնպես, ինչպես նրանք, կրող դառնա այն ուղղությունների, որոնք ընդունված են այդ միջավայրում: Դեպքի հետ առնչություն եղավ այն ժամանակ, երբ աղջիկն արդեն բազմիցս կտրել էր իր երակները: Նա այդ ժամանակ ընդամենը տասնհինգ տարեկան էր: Բայց երբ նրան թույլ տվեցին շփվել և մտերիմ լինել իր սիրած տղայի հետ, նա հետ կանգնեց վերը նշվածից:
Բազմաթիվ հասարակական քննարկումներ և հաղորդումներ փորձում են առավել մռայլ գույներով ներկայացնել այս ենթամշակույթը: Բացի հասարակական նման վերաբերմունքից, նրանք ունեն բախումներ նաև այլ ենթամշակույթների հետ: Սրան գումարած նաև այն, որ Հայ Առաքելական եկեղեցին, փոխանակ ուսումնասիրի և հասկանա ստեղծված վիճակը, գնում է կարճ ճանապարհով, ընդամենը մոռանում է քրիստոնեության քարոզած հանդուրժողականության մասին: Իսկ նման պայմաններում, ինչպես ցանկացած խումբ, էմոները ևս ստիպված են լինել առավել միահամուռ, որը կամա թե ակամա ուժեղացնում է այս ենթամշակույթի դիրքերը: Տարածված կարծիք կա այն մասին, որ այս ենթամշակույթը չունի համակարգում, այս պարագան դառնում է մի տեսակ հակասական, ու անհասկանալի. ինչպես կարող են երկու հարյուրի հասնող դեռահասներ գործել համախմբված և անընդհատ համալրեն իրենց շարքերը, եթե չկա համակարգում:
Հասարակական-երիտասարդական տարբեր նախաձեռնություններ կոչ են անում պայքարել էմո ենթամշակույթի դեմ: Ռուսաստանում նույնիսկ էմոների հարցը քննարկվեց Պետական Դումայում: Սակայն այսօր, բազմաթիվ հայկական և ոչ հայկական կայքեր, հիշատակում են միայն, 2010թ-ին Երևանում, էմոների դեմ կիրառված գործողությունները: Եվ վերջում, հարց է առաջանում, արդյոք կա կարիք պայքարելու այս ենթամշակույթի դեմ, վտանգավոր է այն հասարակության առավել լայն շերտերի համար, թե ոչ:
0 коммент.:
Отправить комментарий