понедельник, 28 января 2013 г.

Սևից միստիկ: Ինքնահաստատու՞մ, թե՞ ինքնադրսևորում


Ֆորմալ և ոչ ֆորմալ ենթամշակույթները գոյություն ունեն: Բայց գիտե՞նք արդյոք մենք նրանց մասին այն ամենը, ինչ անհրաժեշտ է:

Երիտասարդությանը չեն վստահել ու նրանից դժգոհել են միշտ. այդ մասին գրված է հին եգիպտական պապիրուսներում, հունական նամակներում, ու այդ միտումը շարունակվում է մինչ օրս: Մեր օրերում ևս երիտասարդության հասցեին հնչում մեղադրանքներ՝ սկսած անբարոյական արժեքների դավանելուց, վերջացրած ավանդականը մերժելով և մերկանտիլիզմիվ:

Ժամանակակից երիտասարդը հանգստի և ազատության գաղափարի համադրումը համարում է կյանքի գործունեության առաջնային ձև: Սակայն սրան հասնելու միջոց համարում է աշխատանքը` որպես կարիքի բավարարման հիմք: Ազատությունից բավարարվածությունը դիտարկվում է բավարարվածություն կյանքից ամբողջության մեջ: Այս պարագայում բացակայում է մշակութային վարքագծի սահմանված կամ կանխաուղղորդված ընտրանքը: Այստեղ սեփական «լեզուն է», յուրօրինակ նորաձևությունը, արվեստը և շփվելու ձևը: Արդեն երիտասարդական ենթամշակույթները դառնում են շատ ավելի շատ ոչ ֆորմալ մշակույթ, որի կրողներին առանձնացնում են ոչ ֆորմալ մշակութային խմբերի մեջ:

Դեռահասները և երիտասարդները, իրենց էությամբ միտված են լինելու անկախ առավել ավագներից (հիշենք «հայրեր և որդիներ» հավերժ կոնֆլիկտը): Նրանք ուզում են լինել անկախ, միմյանցից տարբեր: Հասակակիցների շրջապատում, հատկապես դեռահասները, ուզում են առանձնանալ ինչպես իրենց արտաքին տեսքով, այնպես էլ հույզերի արտահայտման ձևերով: Հասարակության առաջադրած նորմերը, սկզբունքները և օրենքները, պատանի հասակում ոչ միշտ է ընդունվում ադեկվատ: Այս ամենից ելնելով, դեռահասները և մի փոքր ավելի մեծ տարիքային խմբի ներկայացուցիչները, ինքնակազմակերպվում են խմբերում, որտեղ ոչ ֆորմալ լինելը նպաստում է հասակակիցների շրջանում դիրքի բարձրացմանը:

Իմ նախորդ հոդվածում, անդրադարձել էի այս խմբերից էմոներին: Այս հոդվածի շրջանակում անդրադարձ կարվի մեկ այլ տարածված ենթամշակույթի՝ գոթերին: Ինչպես հայտնի է, գոթական ենթամշակույթի զարգացմանը խթան դարձավ երկու վամպիրների մասին պատմող The Hunger ֆիլմը: 1970-ական թվականների վերջերին, փանք-ալիքն Անգլիայում անկում ապրեց: Փանքը՝ որպես ուղղություն փոխվեց արտաքնապես, որն իր հերթին առաջացրեց փոփոխություններ նաև լսարանում: Այս փուլում է, որ առաջանում է պոստ-փանքը, որն ի սկզբանե դեկադենտ երաժշտական ուղղություն էր և իր առջև չէր դնում որոշակի խնդիր: Պարզապես այդ խմբերը փոխում էին իրենց հնչեղությունը դեպի ավելի դեպրեսիվի և սրանով դարձան հիմնադիրը գոթական պոստ-փանքալիքի: Լսարանը հետ չմնաց իր կուռքերից և սկսեց յուրացնել նրանց իմիջը: Այդ շրջանի ամբողջ էսթետիկ միջավայրը կարելի է անվանել «մութ փանք»:

«Մութ փանքերը» ուղղակիորեն նախնիներն են ժամանակակից գոթերի: Նրանք իրենց գաղափարաբանության մեջ կրում էին փանքերի մտածողությունը: Փանքերի մոտ առավել թույլ էր արտահայտված տոտալ նիհիլիզմը, որն ուներ դեկադենտ գծեր: Այս ամենը փաստում է թեկուզ այն հանգամանքը, որ գոթերի ներկայիս կարգախոսը՝ «Goth’s Undead» ուղղակիորեն վերցված է փանքերի նմանատիպ կարգախոսից «Punks Not Dead»: Այս փուլում, ձևավորվող գոթական ենթամշակույթը, սկսում է հետաքրքրասիրություն ցուցաբերել համաշխարհային գոթական ժառանգության նկատմամբ՝ գոթական գեղարվեստական գրականություն, «մռայլ» արվեստ, իր ամենալայն իմաստով և այլն:

Աշխարհայացք և արտաքին նկարագիր

Գոթերին շատ դեպքերում կարելի է ամբոխի մեջ ճանաչել մի շարք արտաքին տվյալներով, որոնք բնորոշ են նրանց: Նրանց, այսպես ասած, կորպորատիվ իմիջը սևն է, որը գերակշռում է հագուստում, իսկ կանանց և աղջիկների մոտ` նաև արտաքին հարդարանքում: Շատ ունիկալ է ոչ թե սիրողական, այլ իրական գոթերի հայացքը, որն ըստ որոշ հոգեբանների առանձնանում է (հատկապես իգական սեռի մոտ) վամպ-իմիջով` հիմքում ունենալով սևը: Գոթիկան նախ և առաջ աշխարհայացք է, որը հիմնված է կյանքի որոշակի սկզբունքների և հետաքրքրությունների վրա (բացարձակ ինդիվիդուալիզմ և ռոմանտիզմ): Այն ունի իր առանցքային տարրերը՝ գեղեցկության ամենօրյա փնտրտուք, էմոցիոնալ էներգիայի կենտրոնացում և այլն: Ինչպես արդեն նշվեց, գոթերի իմիջի բաղկացուցիչ սևն է. գոթ կանանց պարագայում դա վամպ-իմիջն է, գոթ-տղամարդկանց պարագայում, այսպես կոչված «ագռավային» արտաքինը: Սևը այն տարբերակիչ նշանն է, որով գոթերը տարբերվում են մյուս ենթամշակույթներից: Ենթամշակույթի համար կարևոր լրացում կարող են լինել գոթիկայի հետ կապված գրականությունը, ֆիլմերը, երաժշտությունը, արտը, ֆոտոն:

Սևի նկարագիրը բնորոշ է ոչ բոլոր գոթերին, բայց փաստ է, որ գոթերի մեծամասնությունն ընդունում է հենց այդ գույնը: Գոթական նորաձևության և ընդհանրապես գոթիկայի մեջ կան բազմաթիվ ուղղություններ, սակայն դրանք բոլորն էլ ունեն ընդհանուր գծեր: Գոթերի մոտ լայն կիրառում ունի անկհը՝ հին եգիպտական անմահության սիմվոլը, կիրառելի են նաև գանգերը, խաչերը, ինչպես ուղիղ, այնպես էլ շրջված, չղջիկները և այլն: Վերոնշյալ գոթական ատրիբուտիկան հիմնականում արծաթից է: Արտաքին հարդարանքը կիրառելի է տղամարդկանց և կանանց կողմից միաժամանակ, առավել ևս կան գոթական ուղղություններ, որոնց անդամների սեռը՝ կապված արտաքին հարդարանքի հետ, շատ դժվար է որոշել: Սակայն արտաքին հարդարանքը պարտադիր չէ կիրառել առօրյա կենցաղում:

Հայաստանում, գոթական ենթամշակույթը համեմատաբար երիտասարդ ուղղություն է: Սույն հետազոտական աշխատանքների ժամանակ եղան դժվարություններ, որոնք բնորոշ են այս ենթամշակույթը ուսումնասիրողների համար: Նախ` խնդիրները կապված են դաշտային աշխատանքների հետ. գոթերը չեն սիրում խոսել իրենց մասին և առավել ևս լուսանկարվել: Մյուս կողմից, հայաստանյան գոթերի ենթամշակութային ընկալումների և արևմտյան գոթիկ ենթամշակույթի նկարագրում կան էական տարբերություններ: Հայաստանյան գոթերը հիմնականում 16-32 տարեկան դեռահասներ և երիտասարդներ են (մի դեպքում է զրուցակիցս եղել 49-ամյա կին): Գենդերային առումով, գերակշռող են իգական սեռի ներկայացուցիչները: Երևանում գոթերը, ինչպես ամբողջ աշխարհում, ունեն սիրելի վայր, որտեղ սիրում են անցկացնել իրենց ժամանակը փոքր խմբերով. դրանք գերեզմանոցներն են: Այստեղ նրանք սիրում են լսել ռոքի տարբեր ուղղություններ, սա կախված է այն բանից, թե գոթիկայի որ ուղղության հետևորդներ են խմբի անդամները, խմել գարեջուր, զրուցել տարատեսակ թեմաներից: Ոչ բոլորին է բնորոշ, բայց գոթերի մի որոշակի զանգված այս հավաքների ժամանակ սիրում է նաև օգտագործել հաշիշ: Բավականին դժվար է, երբեմն անհնար, մասնակցել այդ խմբերի հավաքներին, եթե դու «օտար» ես. առավել ևս, եթե խումբն ունենում է ագրեսիվ անդամներ: Ընդհանրապես գոթերն աշխատում են չզրկել իրենց տարատեսակ հաճույքներից, որոնք հիմնականում միտված են ֆիզիկական բավարարվածության, սակայն չեն ժխտում, ավելին` ընդունում են նաև հոգևոր և մտավոր հաճույքի տարատեսակները: Ֆիզիկական հաճույքների պարագայում գոթերի համար տարիքային ցենզ գոյություն չունի, ասել կուզե տարիքը խոչընդոտ չի կարող հանդիսանալ: Այս մասին փաստեցին նաև զրուցակիցներիցս ոմանք (հաշվի առնելով նախնական համաձայնությունը` չեմ հրապարակում նրանց անունները, մասնագիտությունները և հիմնական զբաղմունքը):

Բացի գերեզմաններից, գոթերը երբեմն երեկույթներ են կազմակերպում «STOP» կոչվող ակումբում, ժամանակին սիրում էին հավաքվել նաև «Ջինսնոց» կոչվող վայրում: Կան խմբեր, որոնք իրենց ժամանցը կազմակերպում են Բուսաբանական այգում: Երիտասարդ կամ դեռահաս գոթերի զգալի մասը, հակասություններ ունի ոչ միայն հասարակական լայն խմբերի, այլ նաև սեփական ընտանիքի անդամների հետ: Նրանք հատկապես այն մարդիկ են, ովքեր կարծում են, թե կյանքի դժվարությունները ուժեղացնում են մարդուն, և պետք չէ խուսափել դրանցից: Գոթի չափորոշչային կերպարին բնորոշ է փակ լինելը, «անհատական հաճախակի դեպրեսիան», որոնց մասին ի դեպ նրանք չեն սիրում խոսել, ավելին, ժխտում են, մասնակի մելանխոլիան, միզանտոպրիան, էսթետիզմը, միստիցիզմը, կարծրատիպներից դուրս պահվածքը և ոչ ստանդարտ արտաքին տեսքը: Գոթերի մեծամասնության համար բնորոշ է նաև մահվան ֆետիշացումը: Գոթական ենթամշակույթի համատեքստում հաճախակի է կիրառվում «թանատոֆիլիա» տերմինը, որին նրանք տալիս են հետևյալ բացատրությունը. «Տերմինը պետք է բացատրել անհատի ձգտումով, համաձայն որի նա միտված է մահվան հետ կապված գործընթացները և երևույթները կիրառել գործնականում: Հենց սրա հետ է կապված գերեզմաններում նրանց հավաքույթները, և վամպիրային դերային խաղերը (ոչ այն է կենդանի, ոչ այն է ողջ)»:

Գոթական հիմնական ուղղություններն են (չծավալվելու համար դրանք չեմ նկարագրի)` անդրոգին գոթեր, կիբեր գոթեր, գլիթթեր գոթեր, ջիփսիգոթեր, ֆետիշգոթեր (անվանում են նաև սադոմազո գոթեր), փանք գոթեր, արևմտյան գոթեր, տրիբալ գոթեր, վամպիր գոթեր:

Հայաստանում գործում են այս ուղղություններից որոշները, կան գոթեր, որոնք իրենց մշակութային դիմագծում ներառում են տարրեր վերոնշյալ ուղղություններից շատերից: Զրուցակիցներիցս մեկը փաստեց, որ Երևանում կա նաև վամպիր գոթ: Ինձ չհաջողվեց զրուցել նրա հետ, սակայն հույս ունեմ, որ ապագայում կստացվի: Գոթերի շարքերում կան նաև սատանայապաշտներ: Սակայն այստեղ պետք է հստակ տարանջատել սատանայապաշտներին և սատանիստներին: Սատանայապաշտերը հետևում են Հոլանդիայում ստեղծված Սատանայի եկեղեցուն: Իսկ տարածված սպանությունները, առեղծվածային երևույթները կամ բամբասանքային որոշ իրողություններ առընչվում են սատանիստների հետ, որոնք իրենց անձը երբեք չեն բացահայտում, նրանք ապրում են մեր մեջ, սակայն չունեն ոչ մի տարբերակիչ արտաքին նշան և կապ չունեն գոթական ենթամշակույթի հետ:
Գոթական ենթամշակույթի շարքերի համալրումը կարող է լինել ամենատարբեր հիմնավորումներով և պատճառներով: Իմ սուբյեկտիվ կարծիքով, գոթական ենթամշակույթի շարքերում շատ են անձինք, որոնց մոտ, հոգեբանների տերմինաբանությամբ ասած, առկա է անձի շեշտվածությունը: Նրանք հիմնականում մարդիկ են, որոնք արհամարհում են հասարակական մեխանիզմները և կարծրատիպերը, բայց միաժամանակ, որպես սոցիալական էակներ, չեն կարող գոյատևել ռոբինզոնի մոդելով, հետևաբար ենթամշակույթի այս ձևը, ամենահարմարն է ինքնադրսևորվելու, ինչպես նաև, մեջբերում եմ, առանց խարազանվելու վախի` կյանքից հաճույք ստանալու համար: Հոդվածի սկզբի անդրադարձը ևս պատճառ կարող է հանդիսանալ գոթական ենթամշակույթի մաս կազմելուն: Դեռահասների մեջ, պայմանականորեն 14 տարեկանից սկսած, առաջանում է հետաքրքրություն դեպի միստիցիզմը, այդքան արգելված սատանայականի և մռայլի աշխարհը, սրան եթե գումարենք համապատասխան ֆիլմերի և երաժշտության առկայությունը, ապա այդպիսի հետաքրքրությունների տեր դեռահասը, որն ի դեպ ունի նաև իր յուրօրինակությունը և անհատականությունը հաստատելու խնդիր, հեշտությամբ կարող է համալրել գոթական ենթամշակույթի շարքերը: Շատ դեպքերում սխալ կամ թշնամական լուսաբանումը ևս ծառայում է որպես հակագովազդի մոդել, որը գրավիչ է դարձնում այս ենթամշակույթը դեռահասի կամ երիտասարդի համար: Ես չեմ կարող ասել, թե այսօր Երևանում կամ Հայաստանում քանի գոթ կա, ուստի կխուսափեմ որևէ թիվ նշելուց:

Այսպիսով՝ ըստ Ցունիկովայի, որի հետ մեծ մասամբ համաձայն եմ, գոթերը նրանք են, ովքեր.
ա. կարծում են, որ իրենք պատկանում են գոթական ենթամշակույթին,
բ. ինչ-որ չափով ընդունում կամ կիրառում են գոթական կյանքի ոճը,
գ. իրոնիկ-փիլիսոփայական վերաբերմունք ունեն կյանքի և շրջապատի նկատմամբ յուրահատուկ «սևի» միջոցով,
դ. սեր են ցուցաբերում գոթական մշակույթի՝ կինոյի, երաժշտության, գրականության, արտի և այլնի նկատմամբ,
ե. սև գոթական հագուստ և գոթական ատրիբուտներ են կրում: Գոթերը նրանք են, ովքեր կրել են էմոցիոնալ հարվածներ և հասկացել են, որ ցավը կարող է ուժ տալ:

Օգտագործված գրականություն և աղբյուրներ

Ցունիկովա Ա., «Գոթ երիտասարդները Ս. Պետերբուրգում», ռուսերեն, 2007թ.
Լեյթոն Գորգ, «Գոթական մշակույթի զարգացման փուլերը», անգլերեն, 2010թ.
Շչենինա Օ., «Երիտասարդությունը ժամանակակից Ռուսաստանում», ռուսերեն
Թոքմաջյան Վ., «Դաշտային ազգագրական նյութեր» /ԴԱՆ/ 2010-2012թթ
Wikipedia.org 

2 комментария:

  1. Ընդհանրապես գոթիկան՝ իր բոլոր դրսևորումներով, երբեմն չի համընկնում գոթ կոչվածների հետ: Գոթիկան միայնակ երևույթ է ու դրսևորվում է անձի, անհատի ներսում, իսկ գոթական հավաքները խախտում են այդ օրենքը: Իրականում արտաքնապես տարբերություն չկա գոթերի ու գոթիկայի միջև, բայց ԻՍԿԱԿԱՆ գոթիկայով ապրողները շատ լավ էլ տարբերում են. իսկ գերեզմանոցներն ու հավաքները էդքան էլ կարևոր չեն, ավելին, պարտադիր էլ չեն, դրանք ոչնչացնում են գոթիկայի էությունը: Երիտասարդների որոշ մասին դուր է գալիս ոճը, որովհետև, ինչպես նշեցիք, միստիկան ու մռայլությունը չափից դուրս հետաքրքիր են դեռահասների մեծ մասին: Համարձակները դառնում եմ գոթ (հավաքներ, արտաքին ոճ, հաշիշ, սեռական հարաբերություններ), բնականաբար փոփոխություններ են լինում նաև հոգեկան աշխարհում, որովհետև իրենք էդ երևույթը կյանք են ներմուծում, իսկ գոթիկան ճիշտ է ու գեղեցիկ իր մակարդակի սահմաններում դրանից դուրս կամ շեղում է, կամ էլ այլասերություն: Ու բնականաբար երիտասարդների մեծ մասը չեն գտնում գոթիկայի ճիշտ մակարդակը, որովհետև դա շատ ավելի բարդ է, ու երբեմն նրանք չեն էլ ձգտում ճիշտ սահմանին հասնել: Իսկ գոթիկայի ճիշտ մակարդում գտնվողին հարկավոր էլ չեն գերեզմանոցները, հավաքները: Ամեն ինչը կատարվում է մարդու ներսում, սկզբից գերեզմանները գուցե պետք են գալիս, բայց դրսևորման ամենաբարձր մակարդակում դետալները կարևոր չեն դառնում Ու այդ սահմանում գտնվողները ձգտում են հոգևոր հաճույքին, անհատի ճիշտ ինքնադրսևորմանը, որը բացակայում է մեր հարգարժան գոթերի մոտ:
    Իսկ ընդհանուր առմամբ ԻՍԿԱԿԱՆ գոթիկան այնքան գեղեցիկ է...

    ОтветитьУдалить
  2. 'Հետաքրքիր դիտարկումներ են: Հնարավորության դեպքում, կուզեր Ձեզ հետ, խոսել այս թեմայի շուրջ ֆիզիկական միջավայրում, եթե իհարկե դեմ չեք:

    ОтветитьУдалить