Երեխան, ինչպես միշտ, արթնացավ շատ վաղ, երբ դեռ արևի առաջին շողերը չէին հասցրել թափանցել կիսախարխուլ տուն և փոքր ինչ հեգնական, մի քիչ էլ խղճահարույց ջերմություն նվիրել: Այդպիսին է նաև արևը, բնությունն ընդհանրապես, երես է թեքում բոլոր նրանցից ումից իր այլ ստեղծածներն էլ են երես թեքել, ու ինչ-որ բան տալուց էլ, տալիս է՝ ինչպես կտար մուրացիկին...
Ու հիմա այդ նույն արևը, որն ամառային էր և թվում էր, թե պիտի լինի շռայլ, այդ կերպ էր վարվում, վերոնշյալ տան բնակիչների հետ: Իսկ տունը գտնվում էր Կումայրու կայարանամերձ հետնախորշերից մեկում և մեկն էր այն տներից, որոնք երկրաշարժից հետո չէին նորոգվել:
Սովորական կիսաքանդ տանիքով, փայտե հատակով, որի ներկն արդեն վաղուց վերացել էր և վերացած ներկին փոխարինում էր խոնավությունից առաջացած դառնագույնն ու դրանից եկող անտանելի հոտը, որը ժամանակի ընթացքում դառնում է սիրելի: Պատերը՝ պատերի մասին ավելի լավ է չխոսել: Ու ընդհանրապես տուն ասվածն այստեղ մի քիչ չափազանցություն է, քանի որ դա մի սրահ էր, որի աջ վերջին անկյունը փոխարինում էր զուգարանին, վերնամասը՝ ննջարանին, իսկ մնացած հատվածները՝ ըստ նշանակության: Դա թերթավաճառ Թորգոմի տունն էր: Այստեղ նա ապրում էր կնոջ՝ Սիրանույշի և երեք որդիների հետ, որոնցից առաջին երկուսը՝ Տաճատը(16տարեկան) և Մեսրոպը(14տարեկան), արդեն յուրացրել էին հոր փեշակը և զբաղվում էին նույն գործով, իսկ փոքրը՝ Մարտիկը, դեռ երեք տարեկան էր և հոր մոտ պրակտիկա էր անցնում: Կինը՝ Սիրանույշը, մոտ քառասուն տարեկան, բայց կյանքի դառնությունններով լեցուն դիմագծերով արդեն վաթսուն էր ընկալվում, նույնպես թերթ էր վաճառում: Ընդհանրապես կյանքում, նա ուներ երկու զբաղմունք՝ թերթ վաճառել և սերիալ նայել: Նա երբեք չէր զբաղվում որդիների կարիքները հոգալով: Որդիներով զբաղվելու խնդիր չուներ էլ, քանի որ նրանք հագնում էին այն, ինչ ճարում էին, դաստիարակության հարցերով մասամբ համայնքն էր զբաղվում, իսկ սնվելու հարցն ավելի հեշտ էր, քանի որ Տաճատն ամբողջ օրվա ընթացքում ուտում էր մեկ կոռժիկ(հայերեն համարժեքը չգիտեմ), որի արժեքը՝ հիսուն դրամն աշխատում էր մերկ աղջիկների նկարներով խաչբառերը քսան դրամ թանկ վաճառելով, իսկ Մեսրոպի ճաշակի ձևավորումն այս հարցում, կախված էր համակարգչային սրահի տեր՝ Ցոլակի օրվա ընդմիջումի մնացորդներից:
Նրանց բոլորի հետ, ես ծանոթացել եմ այդ նույն համակարգչային սրահում: Դա այն ժամանակ էր, երբ տներում խաղային համակարգիչներ ունեին միայն ընտրյալները, իսկ մեր՝ պատանիներիս գաղջ առօրյայի միակ սփոփանքը դա էր: Երեկոյան ժամը վեցին, երբ ցուցադրում էին <<Կասանդրա>> հեռուստասերիալը, Թորգոմյան գերդաստանն իր ողջ կազմով ներկա էր լինում այդ վայրում: Ներկա էր, որովհետև Ցոլակն ու մենք էինք երևի հասկանում գոյի իմաստը, չհասկանալով գոյը: Մեսրոպին համոզեցի օրվա ժամերը ճանաչել, իհարկե համապատասխան վարձատրության պայմաններում(սովորելուց հետո ես նրան ժամացույց նվիրեցի): Տաճատն անհույս էր բոլոր առումներով: Փոքրիկը՝ հետաքրքրասեր էր: Թորգոմի համար ամեն ինչ վաղուց կորցրել էր իր իմաստը: Նա չէր հուզում հասարակությանը՝ հասարակությունն էլ իրեն: Նրան հետաքրքիր էր միայ օրվա թերթի հիսուն հատի վաճառքը: Որոշել էր տուն ունենալ: Մարտիկին՝ դպրոց տալ: Կնոջը՝ շորեր գնել: Մյուս երկուսը, ըստ նրա արդեն չափահաս էին: Իրենք կպահեին իրենց գլուխը: Այսպես էր ապրում այս ընտանիքը, երբ մի օր ճակատագիրը, որը նույնքան դաժան է թույլերի ու մերժվածների նկատմամբ, որքան հասարակությունն ու արևը, խաղաց իր խաղը:
Մի սովորական ամառային օր էր, բոլորս հանգիստ նստած էինք Ցոլակի մոտ և վայելում էինք համակարգչային ֆուտբոլի հերթական չափաբաժինը, երբ լսվեց մի անսովոր ճիչ, որն ավելի շատ նման էր անզօրության ու հեծկլտոցի միախառնումի: Այդպիսի ճիչ լսել էի դրանից շատ տարիներ առաջ, երկրաշարժի երեկոյան՝ հարևանիցս: Բոլորս դուրս թափվեցինք, մեծ վտանգի ու ողբերգության կանխազգացումով: Տեսածս չեմ նկարագրի: Միայն ասեմ, Թորգոմն էր՝ գրկում Մարտիկի անշունչ դին: Դոռդ ջահր Նիվան նոր էր մոդայիկ դարձել, դրանից բխող բոլոր հետևանքներով: Հավաքվեցին մարդիկ, ավելի շուտ հետաքրքրասիրությունից դրդված՝ քան կարեկցանքից: Լսեցի կողքինիս սառը և խռպոտ ձայնը, դա մի մարդ էր, որի դեմքին երբեք ոչ մի զգացմունք չէր արտահայտվում, երևի նա իր ժամանակների արտացոլանքն էր._<<Հա դե, Թորգոմըմ պակաս կեղնի>>: Սա էր հասարակության վերաբերմունքը, կարծրատիպի ու մարդկային բթացած հեղկանքի արտացոլումը: Քրեական գործ չհարուցվեց, որովհետև Թորգոմի որդին էր...
Հ. Գ. 1
Չգիտեմ, շատ կուզենայի հետ գնալ այն միջավայր, որտեղ մարդիկ այդքան դաժան են, իսկ երազանքներն այդքան մաքուր:
Հ.Գ. 2
Դիպվածն իրական է, գործող անձանց անունների մեծ մասը փոխված:
0 коммент.:
Отправить комментарий