понедельник, 7 апреля 2014 г.

Կար ժամանակ, երբ...

1993 թվական... Դատարկ փողոցի ՄԵՌԱԾ ուրվականը իր զոհն է փնտրում: Քաղաքը տենչում է սեր վշտակեզ, որ ամոքի իր հոգին: Հոգին՝ դժբախտ է վաղուց: Ու այդ դժբախտության մեջ սերն է թևածում: Սերն անմիջական ու սերը անկեզ: Մռայլ փողոցներ, մթամած տներ, որոնցից նախքին հեքիաթի ցնորքն է հորդում: Մռայլ ու բորբ հայացքով նայում են նորանք: Նայում են թախծոտ անցորդին վսեմ, որ իր վշտի մեջ Ես-ն է մոռացել:
Ու այդ փառապանծ ԵՍ-ի մեջ վսեմ:
Թաղել է Նորան, որին տենչացել
Ու սիրել է իր բյուր հայացքով անգին:
Ու նորա սիրուց, թովչից խելագար,
Տենչացել անհուն մի երազային:
Ու այդ անհունում, տառփանքից լեցուն սիրու գգվանքով,
Տիրել է Նորան, ինչպես եդեմային՝
Վերջին ճիչ հոգու՝ մեռած կարոտից:
Ու այդ քաղաքի դժբախտ փոքրոգին ՝ Լարիսը կուզիկ, թառել էր լուսամուտին մռայլ: Այդպես էլ չեկավ ասպետը հոգու, որին տենչացել էր բյուր տարիներ: Միգամած է փողոցը մեռյալ: Տեսակով ուրախ են բնակիչներն անկեզ: Անցնենք կենցաղին: Կողքի հարևան Ճգլը, որը մեր կողմերում հայտնի էր որպես <<ոսկու գործ էնող>>, ԴՎԻԺՈԿ ԷՐ ԴՐԵԼ ՀԱՅԱԹՈՒմ: Ու մենք՝ ճնշյալներս, բայց հոգու խորքում Լևոնին պաշտողներս, սիրով և ատելությամբ գնում էինք Ճգլի տուն Կասսանդրա սերիալի հերթականը նայելու: Սերիալից հետո եռում էր ոսկին.
Փողոց իմ Աբովյան,
Որի պատրանքում, 
Հազարն են մեռել:
Ու այդ հազարից, կերտել ես ահա
Կարոտ վշտակեզ,
Եվ որի հոգուց հմայք դյութագին,
Տենչում եմ նրան՝
Թող ծաղրանք չդիտվի, ցանկացած մանրահասակ, որը դեռ երազում է բեղեր ունենալ ու թաղի աղջիկների հետ առանց կարկամել խոսել՝ տենչում էր  մեկին: Հենց այն մեկին, որը կդառնար իր հասունացման ֆիզիոլոգիական պրոցեսների՝ ինչու չէ, նաև երազանքի առարկա: Ու երեկոն գալիս է: Երբ նա գալիս է ու իր մռայով հոգիդ է պատում, երբեք չի հարցնում: Ինչու է մռայլ: Մի պարզ պատճառով, երբ նա գալիս է <<Կասսանդրան>> վերջանում է: Ճգլն անջատում է իր ԴՎԻԺՈԿԸ: Դու ստիպված ես լռություն փնտրել: Այդ լռությունը ներկա է: Նա ներկա է երեսուն և ավելի մարդկանց մեջ: Մարդիկ են: Պարզ, մռայլ, դժբախտ երջանիկ: Նստած են բոլորը Լյովա պապի բազրիքում: Լոտտո են խաղում: Միայն փողոցն է լուռ ու վշտակեզ՝ հասու մեր բոլոր ցավերին անգին: Ստելլիկը ևս կա: Դա այլ դյութանք է: Ութամյա պատանին ուշանում է դիտմամբ, ոչ պատահական, փորձում է հանդուրժել հայացքները բոլորի, երբ անհանդուրժող նայում են դեմքիդ: Բյաց չէ որ տառփանք է անհուն: Սողոսկելով նստում ես Ստելլիկի կողքին, միայն թե ազդրդ հպվի ազդրին: Դու այդ ժամանակ չես էլ հասկանում, որ դա սեքսին տանող գորովալից ճանապարհ է հուշում: Լոտտոն վերջացավ:  Գնում ես տուն: Կարդա: Կարդա անկողնուդ մեջ՝ մոմի ճրագը ջահ արած. ջհանդամ թե մայրդ չի նզովի, իսկ երջանկահիշատակ հայրդ չի հայհոյի: Կարդա: Կարդա առանց հասկանալու: Նախանձիր Պետրոնիոսին, որ նա Եվնիկեին է սիրում: Դու անգամ Ստելլիկին պատկերացնել չես կարող: Քո ձայնարկիչի ստորին թաքստոցում պահված կանանաց նկարները նրան նման չեն:
Տենչում ես նրան՝
Նայվացքով վսեմ
Ու հայացքդ լուռ
Գամել ես ահա
Մութ առաստաղին:
Անգամ փայտն էիր ջարդում դողալով՝ կարծես վառելու համար չէիր ջարդում: Դողում էիր, որովհետև հարևան Ժոռիկը ամբողջ ձմեռ դողում էր: Դրա համար էլ մահացավ թոքերի բորբոքումից: Մռայլ էր փողոցը անկեզ, բայց հյուրընկալ էր: 14 տարեկան ես: Ստելլիկը դուռը ծեծում է: Օգնության կարիք ունի. ինչ-որ միջոցառում է կազմակերպել: Նայում ես նրան: Չես էլ լսում: Պոռնիկի է նման, այն բոլոր պոռնիկներին, որոնց իմ պատանեկության Կումայրիում կանվանեին Կասսանդրա, Ալոնդրա, Գավիոթա և այլ: Դրանք ավելի էժանագին են: Այդպիսին են դառնում մեր բոլոր սերերը, երբ մերժում են մեզ: Իսկ քաղաքը՝ լույս է տենչում: Տենչում է անգին՝ լալով հառագին:
Իսկ այս վերջինը կարծես նվիրել եմ իմ բոլոր նախկին սիրած պոռնիկներին.
Դու իմը չես, չես էլ լինի:
Բայց ես հոգով տենչում եմ քեզ:
Նման ես չարքի մի լուսերես,
Որն հմայում է, իր մոտ կանչում,
Բայց երբ փորձում ես մոտենալ,
Գրկել իրանը նրբիկ,
Շուրթերից նեկտար քաշել,
Ու բուրմունքից արբենալ՝
Անէանում է մշուշի պես,
Որն անկարող ես չհիշել:
Հ. Գ. Օգտվեք այն ամենից ինչ ունեք, այլապես... 
Հ. Գ. 2 Հանգեր չփնտրեք, դրանք հոգու մեջ են:
Մեռնող մարդու ուրվականը: Իսկ այն հացը, որը կա նկարում, այն ժամանակ չկար:​

1 комментарий:

  1. Միգուցե պետք է պահպանե՞լ այն ամենն, ինչ ունենք, առաջին հերթին ընտանիքը:

    ОтветитьУдалить