Ընդհանրապես ընդունված է ասել, որ Արցախյան շարժումը և գործընթացը մեր պատմության ամենալուսավոր էջերից է:
Չնայած այն հանգամանքին, որ գործընթացը դեռ իր ավարտուն տեսքին չի եկել և պատերազմում տվել ենք շուրջ ութ հազար զոհ: Այս նույն տրամաբանության մեջ, հայոց վերջին փուլի պատմության ամենալուսավոր կետը մարտի մեկն է (ամենայն հարգանք տածելով բոլոր զոհերի հիշատակի հանդեպ և գիտակցելով, որ նրանք դա արեցին իմ և Ձեր ազատ ապրելու իրավունքի համար): Ինչու՞: Քաղաքացին սկսեց չվախենալ, քաղաքացին սկսեց բարձրաձայնել, քաղաքացին տեսավ ամենասարսափելին, որը դեռ չէր տեսել Հայաստանում: Դրանից անդին սահման չկա. այլևս վախենալու սահման չկա: Կա սպանություն, որն ավարտն է կյանքի և գիտակցված քայլողը, գիտի այն առավելագույնը, որին ընդունակ է այս իշխանությունը: Ուստի, եթե գիտակցված քայլող է կամ մասնակից, պատրաստ է այդ առավելին, քանզի դա տեղի է ունեցել իր աչքի առջև, վեց տարի առաջ այդ նույն օրը:
Իրեն ծաղիկ կամ կարկանդակ նվիրող աղջկան ու տղային խորհրդային իշխանության կրող զինվորը՝ այլազգին չգնդակահարեց, չնայած ասում են, որ այդ իշխանությունն ամենաբարբարոսն էր: Խորհրդարանի նախագահ ու փոխնախագահ ծեծող ժողովրդին օրվա իշխանությունը չգնդակահարեց: Կրակեց. միայն օդ: Բայց խաղաղ ցուցարարին այդ օրվա իշխանությունը գնդակահարեց՝ սկիզբ դնելով ամեն տեսակ անջրպետի վերացմանը: Մնացին նրանք, ովքեր չվախեցան և մնում են նրանք, ովքեր չեն վախենում: Այս առումով, մարտի մեկը բացառիկ էջ է մեր պատմության մեջ: Մենք նման դրվագ չենք ունեցել անգամ կատարյալ միապետության փուլում: Կոտորվել են նախարարական տոհմեր, բայց չի սպանվել շարքային քաղաքացին: Անցել է ուղիղ վեց տարի: Նորից նույն Ազատության հրապարակն է, որտեղ կերտել ենք անկախ Հայաստան: Որտեղ կայացրել ենք ցույցային մշակույթ: Վայր, որտեղ աշխատել է միջնադարյան կառնավալի տեսությունը դրական առումով՝ արքաները դառնում են ծաղրածու, իսկ ծաղրածուները՝ արքա:
Ու երեկ, այդ հրապարակում, նորից հավաք էր: Հավաք էր վերարժևորելու, հարգելու, զրուցելու, քայլեր մշակելու: Ինչո՞վ առանձնացավ երեկվա հավաքը: Թարմությամբ, բազմամարդությամբ, շերտերի բազմությամբ: Թարմություն. տողերիս հեղինակը եղել է գրեթե բոլոր հանրահավաքներին, որոնք սկսվել են 2007-ից և շարունակվում են մինչ օրս: Հատկապես վերջին փուլում, կարծես դեմքերով էի ճանաչում բոլոր մասնակիցներ: Բայց երեկ այլ էր՝ շատ էին նոր, թարմ դեմքերը, որոնց մինչ այդ չէի տեսել: Բազմամարդությամբ. գոնե վերջին երկու տարիների ընթացքում նման բազմամարդ հավաքներ տեղի չէին ունեցել: Բազմամարդությունն ունի մի քանի օբյեկտիվ պատճառներ. սոցիալական խնդիրը մեզանում ստացել է բացառիկ սրացում: Այդ տարբեր խնդիրների շուրջ ձևավորվել են քաղաքացիական ակտիվիստ խմբեր, որոնք մասնակցում են քաղաքական գործընթացներին, չնայած մինչ այդ չէին մասնակցել: Մի զգալի խմբի մոտ, կամ մարտի մեկյան խորհուրդը շարունակում է իր գործը՝ կոտրելով վախի կարծրատիպը կամ արդեն կոտրել է: Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքը: Վաղուց չէր խոսել: Ցավալի է, բայց փաստ. նորանկախ Հայաստանի պատմության մեջ, բոլորը շարունակում են սպասել նրա խոսքին: Սա նշանակում է, որ անցնող քսան և ավելի տարիները մեր քաղաքական դաշտին նորույթ չտվեցին: Առավելագույն նորույթը իշխող խմբի միջին կամ մոտ հեռատարածության հրթիռներն են, որոնց հարձակման դաշտի տիրույթը չի անցնում ֆեյսբուքյան պատերից անդին: Բազմաշերտ էր, որովհետև նրանում ներկայացված էին հասարակության գրեթե բոլոր շերտերը: Կամաց-կամաց ուզում ենք վերադառնալ ութսունականների ցույցային մշակույթին՝ արևածաղիկ օգտագործողները շատ քիչ էին, իսկ ալկոհոլ օգտագործածներ գոնե ես չտեսա: Բայց ակնհայտ էր հասարակության սոցիալական վիճակի վատթարացումը: Դա ակնառու էր մարդկանց արտաքին տեսքից: Այս ֆոնին, տեղին ստացվեց Արամ Մանուկյանի կոչը, այն մասին, որ պետք է ո՛չ ասել բազմոցային և խոհանոցային ընդդիմությանը: Այո՛, վաղուց եկել է ժամանակը փողոցային ընդդիմության: Իսկ եթե փողոցային ընդդիմության մեջ ոմանք կտեսենեն ոչ ճիշտ նրբերանգներ, ապա կարող ենք բառը փոխարինել հրապարակային ընդդիմությամբ:
Հ. Գ. Հաջողել են այն հեղափոխությունները, որոնք հրապարակային համերաշխությունը բերել են կառավարման համերաշխության դաշտ: Մեկ անգամ, արդեն մեզանում եղել է այդ վրիպումը, երկրորդի հետևանքներն անուղղելի կլինեն:
0 коммент.:
Отправить комментарий