Ես չգիտեմ, թե մեր Խաչիկը Աբովյան ինչ է մտածել, որ օրհնել է ռուսի հոտած ոտքը, բայց առաջին իսկ հանդիպման դեպքում կճշտեմ նրանից:
Էն որ ռսի սատկած ոտը, ոչ էլ սհաթը հեչ օրհնելու չէր, դա հաստատ: Բայց այ, որ Չարենց ծնող արգանդը պետք է օրհնվի՝ դա աքսիոմա է: Չարենից ծնունդն անցավ: Մի տեսակ Չարենցին ուշ-ուշ ենք հիշում՝ տարին մեկ անգամ: Հա, մեկ էլ եթե հազար դրամանոցին նայելու հավես ենք ունենում: Բայց սրա մասին չէ, որ այսօր կուզեի խոսել: Չարենցին պետք է հաճախ հիշել, քանի որ նա արտացոլումն է մեր տեսակի: Սա այն բացառիկ դեպքն է, երբ պետք չէ «մինուսներ» փնտրել: Տեսակ է՝ այնպիսին ինչպիսին կա:
Չարենցի գովքը չէ, որ ուզում եմ անել: Ինձանից լավ գովերգողներ կան: Չարենցի ժառանգած գործի շարունակողներին եմ ուզում անդրադառնալ, որ կարծես թե պղծում են նրա հիշատակը: Ուրեմն Չարենցի ժամանակներում կար մի գրող՝ Ազատ Վշտունի, զարյանոտ դեմք էր, դե գրող էր էլի: Ուլիկի-բանի մասին ոտանավորներ էր գրում: Հիմա դժվար թե շատերը հիշեն նրան: Սա իսկ և իսկ արտացոլումն է մերօրյա գրողների: Հաճախ եմ լսում եթերից հուզառատ ճիչեր, որոնք բռնաբարվողի բառաչ են հիշեցնում, թե մերօրյա հեղինակներին չեն կարդում, մերօրյա գրողների գործերը չեն առնում և այլն, և այլն: Մի խոսքով, այնքան ստիպեցին, որ որոշեցի վերցնել ու կարդալ: Մի քանի գրող թերթեցի, ու...:
Առաջին զգացողությունը՝ աչքերիս դիմացը սևանալն էր: Հետո ունեցա սրտխառնոց, ապա սա համեմվեց գիտակցական բութ մթամածությամբ: Վիոլետգրիգորյանական թեմաներին չեմ անդրադառնում, շատ ծեծված է: Պարզապես ուշադրություն եմ դարձնում դաշտին. հասկացանք՝ բազմակարծություն, մշակութային վակում լցնել ու այսպես շարունակ: Բայց ինչն է ունիկալ, մեկը սմս է ստանում, որոշում է դրա մասին պոեմ գրել, անունն է դնում է պոեմ, հետն էլ քիչ է մնում լատինատառ գրի, այն բնական տեսքով, որով որ ստացել է: Երևի դա կոչվում է նատուրալիզմը գրականության մեջ: Երբ ասում ես բա հանգերդ ուր են, մի հատ հեգնական քմծիծաղ է տալիս ու ասում է, որ «պտի զգաս»: Դե արի բացատրի, որ էնքան բան ունես զգալու, որ էդ հանգն զգալու ժամանակ չկա: Կամ էն մյուսը փոքր ժամանակ Հայոց լեզուն շատ վատ է սովորել՝ հատկապես շարահյուսություն և ձևաբանություն բաժինները (տողերիս հեղինակը ևս չի փայլում լեզվական գիտելիքներով, բայց փորձում է այդ բացը լրացնել) կանգնում հայտարարում է, թե կետադրական նշաններն ում են պետք, կամ ուղղագրությունը: Բա եղա՞վ այ բալամ, քո լոդրությունը մի ողջ ընթերցասեր բազմության վզին ես փաթաթում, որ ինչ անե՞ս (այլաբանության ներշնչանքը՝ Ս. Ս.-ից, բայց այս դեպքում Ս. Ս.-ն բազմիմաստ գոյակցում է): Մի քանի օր առաջ ուսանողական տարիների աշխույժ ջահիլներից մեկին տեսա: Հետաքրքրվեցի թե ինչով է զբաղվում, պատասխանեց, թե գիրք է գրում: Պահոո: Կամացից սկսում եմ կարեկցել Մաշտոցին:
Ինչքան ապուշ միտք ու բարբաջանք ասես կտեսնես ու կկարդաս մեր օրերի մտքի գիգանտների անմահ քերթվածքներում: Տեսնես Չարենցի ժամանակ էլ էր այսպես: Չնայած դժվար, կուղարկեին համապատասխան վայրերը, որ հետո сучьей война-ին մասնակցեին: Հասկացանք խոսքի ազատություն, բայց ոչ բռնաբարություն: Չնայած եթե ուղղակի նայում ենք լսարանին մի որոշակի ռակուրսից, ապա... :
Ակամայից հիշեցի նախկին ուսանողուհիներիցս մեկի հետ կապված դիպված: Մշակույթ եմ պատմում, չարենցյան փուլն է: Մի գլամուր աչոնիկ ձեռք է բարձրացնում թե հարց ունի: Զարմանքից քար եմ կտրում, թե էս ինչ հրաշք տեղի ունեցավ, եթե սա հրեաների գաղթի ժամանակ լիներ, Կարմիր ծովը կճեղքեր: Մի խոսքով, այս աչոնիկը, միայն այդ տեսակին բնորոշ ձայնով՝ քթի մեջ, մասամբ հեգնական, մասամբ տնքացող, մասամբ ծորավուն, մասամբ ь-ներով հագեցած, ուզում էր ճշտել, Չարենցը «Պլանքյաշ» եղել է, թե ոչ: Հիմա սրան ասում եմ, որ անկախ այն բանից, թե Չարենցը ինչ տեսակ էր, անհավասարակշիռ էր, թմրամոլ էր կամ ուներ թուլություններ, նա մնում է մեր քերթության գագաթը: Պարզվեց սրա այփոնի չիպի մեջ, որը կարող էր ուղիղ համեմատական հանդիսանալ ինտելեկտուալ զեղումին, քերթության գագաթ բառակապակցությունը չկար, ավելին՝ չիպի հիշողությունը սպառվել էր և չէր կարողացել այդ դրվագը հիշել: Հետո էլ, իրենց նեղ շրջանակներում, խիստ, ես կասեի գերինտելեկտուալ երևալու համար ասել էր, թե Չարենցը «պլանքյաշ», «նառկաման» «խուժան» դեմք է եղել: Որպես խոսքերի հավաստման աղբյուր էլ տվել էր իմ անունը: Մերօրյա գրողները կամ այդպիսիք դառնալ սպառնացողները պետք է հիշեն, ավելին՝ անընդհատ իրենց աչքի առաջ ունենան այն հանգամանքը, որ մեր հասարակությունը միայն վերոնշյալ ընթերցողներից չէ կազմված և իրենց «ծիբլիծատուր» ժողովածուները մեզ պարտադրելով՝ չափավորեն գիտակցական բռնությունը: Իհարկե, երբեմն հանդիպում են նաև դրական գործեր, հատկապես արձակ պատմվածքների տեսքով, բայց...
Հ. Գ.
Ճաշակին ընկեր չկա:
0 коммент.:
Отправить комментарий