Ասում են, այսօր ինչ-որ տոն է, որն անմիջականորեն կապ ունի սիրահարների հետ:
Տոնի ընկալումների կամ իմ ունեցած վերաբերմունքի մասին չեմ ուզում խոսել, քանզի անցյալ տարի արդեն արտահայտել եմ կարծիքս դրա շուրջ: Պարզապես, այսպես ասված որպես կողքի աչք, կփորձեմ ներկայացնել այն, ինչ տեղի էր ունենում այսօր Երևանի փողոցներում: Տեղի էր ունենում շատ սովորական դարձած երևույթների շարան. ջահիլը երեխեքը զույգերի վրա հատը 1500-ով թոռոմած վարդ էին սաղցնում, մուրացկանները սիրելիների մոտ թասիբի էին քցում տղեքին ու հարյուրի փոխարեն արդեն երկու հարյուր էին պահանջում, սովորական օրերին Հիսուսի նկարներով օրացույց վաճառողները Սուրբ Սաքուլի ֆեյսբուքյան էջից սքան էին արել նրա թոփ-թազա նկարները ու օրացույցները դարձել էին տոնին համահունչ: Հա, իսկ գլխավոր իրադարձությունը, այսպես ասած տոնը, ամբողջանալու էր սիրահարների զբոսայգում: Համերգ էր: Կազմակերպիչներից էր նաև Արարատյան թեմը, ՀՀ (Սերգեյ Դանիելյանի նման շեշտված հաճելի չեմ կարողանում ասել ՀՀ-ն) նախագահ-պարոնտիրոջ ծիրանու և թագի Բարձր հովՀանու ներքո:
Սկսենք սկզբից՝ թափորից: Սա իր ձևով հիշեցնում էր խորհրդային շքերթի և Լացի պատի ուխտի արանքում ընկած ինչ-որ իրողությունն, որի առանցքում մի շատ թրքոտ ձի էր: Նման ձիերին որպես կանոն, 19-րդ դարի վերջի Չեխիայում անգամ երշիկ պատրաստող արտադրամասերին չէին ուղարկում, էլ ուր մնաց թողնեին որ ազգԱՅԻՆ տոնի թափոր առաջնորդեր: Մի խոսքով, ձիուց առաջ գալիս էր գերապատիվ տերերի՝ հոգևորականների մի մեծ խումբ՝ ԾԱՅՐագույն վարդապետից սկսած (միտում չհասկանալ, նման շնորհում) արժանապատիվներով վերջացրած: Այստեղ մեզ մոտ մի հարց առաջացավ. այն բոլոր հոգևորականները, որոնց տիտղոսաշարը կամ չգիտեմ ինչը թվելիս չի նշվում արժանապատիվը, դառնում են անարժա՞ն: ՀՀ կաթողիկոսարանի մամլո դիվանը շատ ճիշտ կանի, եթե այս հարցի շուրջ պարզաբանումներ ներկայացնի: Մի խոսքով:
Տոնի մասին խոսք անգամ լինել չի կարող: Չկար տոնական հրապարակ իր գործառույթներով, խաղերով, հետաքրքրությամբ: Չկային տաղավարներ: Կար միայն փոքրիկ, բայց վաղուց կեղծիքի ժանրին պատկանող տոնավաճառ հիշեցնող ինչ-որ երևույթ, որի թիրախային խումբը սիրիահայերն էին: Երիտասարդությունը պարզապես հավաքվել էր, մեր մեջ ասած մի մասին էլ բերել էին: Օրվա մեխը Ռեինկարնացիա խումբն էր լինելու: Ժողովրդից մի քիչ ավել էլ ոստիկաններն ու տարբեր ուժային կառույցների ղեկավարներն էին: Հայաստան աշխարհիս տերերն էին ներկա գտնվելու: Իրավիճակն արդեն հասել է զավեշտի. «սվոյներից» էլ են վախենում: Մի խոսքով, հայոց աշխարհի տերերը եկան: Ավելի ուշ ժամանեց նաև նախագահ-պարոնտերը: Ու ինչքան էլ որ հանդիսավարը բեմից ճչում էր, թե ծափահարեք... չորս թե հինգ հոգի արձագանքեցին: Նման խայտառակ ընդունելության, գոնե ես, ՀՀ որևէ նախագահ-պարոնտիրոջ պարագայում չէի հանդիպել: Չնայած այն հանգամանքին, որ պատիվ եմ ունեցել նրանց տեսնելու տարբեր ընդունելությունների (եթե այստեղ պատիվ ունենալու հարց կա ընդհանրապես): Այս պահի դրությամբ, ես կարողացել եմ ճշտել չորս ծափահարողներից միայն մեկի ինքնությունը:
Ռեինկարնացիան երգեց (տղաներին ես էլ եմ հավանում), բայց շարունակվեց մի միտում, որը վերջերս է ի հայտ եկել, կամ գոնե ես եմ նոր նկատում: Խոսքս նոր մակրոէթնիկ հանրության՝ երևանցիներ ստեղծելու փորձի մասին է: Ե՛վ բեմում գտնվողները, և՛ հանդիսականը շատ լավ գիտեն ու հասկանում են, որ ցանկացած նմանատիպ միջոցառման ժամանակ հանդիսականների մեկ երրորդն անգամ երևանցիներ կամ գոնե իրենց երևանցիներ համարողներ չեն: Հիմնական մասը մոտակա շրջաններից բերված դպրոցականներն են, ոչ լավ օրից Երևանում աշխատող ու ապրող շրջանների բնակիչներն են, շրջաններից եկած ուսանողները և այլն: Մի խոսքով հայաստանցիներ: Իսկ ում է պետք նման քամահրանքը, երբ ամեն մի հանդիսավար կամ խումբ կամ մեներգիչ, անընդհատ, կարծես ներկաներին պայթեցնելու համար շեշտում է՝ սիրելի երևանցիներ կամ չգիտեմ ինչ երևանցիներ, առավել ևս տեսնելով, որ այդ կոչերը շան տեղ դնող չկա, մի տեսակ անհասկանալի է դառնում: Ի դեպ, ինչ են մտածում այս մասին Կրթության ազգային ինստիտուտի կամ պատմության առարկայի պետական չափորոշիչ գրող մասնագետները, ովքեր այնքան սիրում են միասնական, ազգային ու նման այլ ճոռոմ բառեր: Մտածեք պարոնայք, մտածեք: Ընդհանրացնենք. ինչպես կասեր իմ լավ բարեկամ Լևոն Մարգարյանը. «Լյոքշն էր թևածում սիրո ծառուղում»:
Հ. Գ. Մեր մեջ ասած, վերոնշյալ թրքոտ ձին ավելի բուռն ընդունելության արժանացավ, քան... հասկացաք էլի, չկրկնվեմ:
0 коммент.:
Отправить комментарий