суббота, 30 марта 2013 г.

Ճոդալը


«Փիթիկ-փիթիկ»._ ասաց հիսունն անց տղամարդը և գլորվելով հեռացավ:

Նա բարձրացավ աստիճաններով, որոնք տանում էին մի շատ հայտնի շքամուտք. այդ շքամուտքը նշանավոր է« Հեղնար Աղբյուր» ֆիլմից:



Մարդը հիսունն անց էր: Գանգուր, ուշ-ուշ լվացվող և թաղիքի նմանվող մազերով: Մաշկը՝ անգործունյա վիճակից (շատ հազվադեպ լվացվելուց) պնդացել էր և դարձել կոպիտ և վիրավորանքների չարձագանքող՝ տիրոջ նման: Տերը քայլում էր ծուռ՝ հետնամասն ավելի հետ տված և մի քիչ կողքի թեքված, որն ավելի շուտ ձեռք բերած ոճ էր, քան ինչ-որ մեկի զայրույթի արդյունք: Այդ մարդն իր կնճիռներում ամփոփում էր և վիշտ, և հեգնանք, շրջապատող ամեն ինչի և ամեն մեկի նկատմամբ: Մարդու անունը Ժոռա էր, բայց նրան անհիշելի ժամանականերից ի վեր բոլորը Ճոդալ էին կոչում: Այդպես, իմ պատանեկության Կումայրում անվանում էին լեզվից և ոտքից մի քիչ կաղ մարդկանց: Ճոդալն ամբողջացնում էր երկուսն էլ: Երբեք և ոչ ոք, չիմացավ նրա բազմաբովանդակ «փիթիկ-փիթիկ արտահայտության իմաստը: Մի մասն ասում էին, որ նա այդ արտահայտությունն անում է բարձր տրամադրություն ունեցած ժամանակ, երբ ինչ-որ մեկին քնքշանքով ասում է փիսիկ-փիսիկ, բայց լեզվական խնդիրը թույլ չի տալիս այդ արտահայտել իր ձևի մեջ, մյուսները պնդում էին, որ նա դա ասում է գեղեցիկ աղջիկ կամ «լավ փաչեքով հարս» տեսնելիս (մեջբերումը Ճոդալինն է), երրորդները հակված էին կարծելու, որ Ճոդալի բառապաշարում դա հանդիսանում է հայհոյանքի նախերգանք: Ճոդալն իմ դիմացի հարևանն է. ում հետ մեր բարեկամությունն ընդհատումներով շարունակվել է մինչ նրա մահը:

Ինչպես իմ թաղի յուրաքանչյուր բնակիչ, այնպես էլ Ճոդալը, ունիկալ էր իր տեսակով: Բացի այն, որ նա իր մեջ պարունակում էր խտացած ֆոլկլոր, նա հեգնում էր ամեն ինչ և ամեն ոք, ով պատահում էր ճանապարհին: Եվ տարօրինակն այն էր, որ ոչ ոք չէր կարողանում վրեժ լուծել նրանից՝ անսահման հեգնանքի դիմաց: Այդ ամենով հանդերձ, նա կարողանում էր բավարարել իր կյանքի բոլոր պահանջմունքները, որոնք այդքան էլ շատ չէին: Ճոդալին անվանում էին նաև «Եխշատով». նա տեղյակ էր ամեն ինչից: Չնայած այն հանգամանքին, որ նա սեռապես տղամարդ էր, այնուամենայնիվ տիրապետում էր թաղի բոլոր բամբասանքներին և ընտանիքներում կատարվող իրադարձություններին: Ճոդալը կյանքում ուներ երեք հիմնական զբաղմունք. խմել, բամբասել ու հեգնել և նայել «լավ փաչեքով» հարսներին: Սակայն շատերը կարծում էին, որ նա ուներ մեկ հիմնական զբաղմունք, դա իր ավտոսպասարկման սրահն էր: Այստեղ բառը շատ կիրթ եմ օգտագործում, ուստի չհասկանաք բառի բուն իմաստով: Այդ կենտրոնի ավելի հայտնի անվանումը «Ճոդալի վուլկանիզացիա» էր, որն իրենից ներկայացնում էր մի փոքրի տարածք, որտեղ կեղտոտ ջրով լի վաննան էր և տարիների դառնություն կրած գործիքները, որոնք կիրառությունից դուրս էին մնացել Ստոլիպինյան բարեփոխումներից հետո: Հենց այդ վուլկանիզացիայի շուրջ էլ ձևավորվեց մեր առաջին համագործակցությունը և բարեկամությունը: Դա 1991 թվականն էր: Այդ ժամանակ ես ընդամենը վեց տարեկան էի և Ճոդալի շնորհիվ ես վաստակեցի իմ առաջին աշխատավարձը: Իսկ ինչու՞մ էր կայանում աշխատանքի բնույթը: Մեր թաղում կա մի եկեղեցի, որը կոչվում է Սև ժամ: Դա Կումայրու հնագույն եկեղեցիներից է: Այն գտնվում է նախորդ պատմվածքում նկարագրված չանգի մոտակայքում: Եկեղեցին և կողքի ճանապարհը (երկուսն էլ վերջերս են վերանորոգվել, եկեղեցին ստացել է իր նախնական տեսքը, իսկ ճանապարհը սալիկապատվել է, որը ես շատ եմ հավանում) քանդվել էին երկրաշարժից: Ճանապարհի ամբողջ տարածքում քանդված ասֆալտ էր և ավազ: Այն Կումայրու կենտրոնական փողոցի՝ Աբովյանի մի հատվածն է: Հետևաբար, անկախ վիճակից, ճանապարհով անցնում էին բազմաթիվ մեքենաներ: Երբ Ճոդալը աշխատանք չէր ունենում, դիմում էր մեր բանավոր աշխատանքային պայմանագրին: Դրա էությունը կայանում էր հետևյալում: Ես հարյուր չափսի, մեծ և սուր մեխեր էի լցնում եկեղեցու կողքի ավազների և ասֆալտների մեջ: Դրա արդյունքում, մեքենան, որն անցնում էր այդ հատվածով, վնասում էր անիվը և մինչև Աբովյան փողոցի մեր հատվածը հասնելն անիվը թուլանում էր և վարորդին ոչինչ չէր մնում անելու, քան օգտվելու «Ճոդալի վուլկանիզացիայի» ծառայություններից: Յուրաքանչյուր երրորդ հաջողված ծակ անիվի դիմաց ես ստանում էի երկու ռուբլի: Որպեսզի պատկերացնեք, թե դա ինչ գումար է, ապա ասեմ, որ այդ թվականին, ատամը թմրեցնելով քաշելն արժեր մեկ ռուբլի: Մի խոսքով, այսպես շարունակվում էր մեր մարդկային և գործնական բարեկամությունը: Մարդիկ մի տեսակ զարմանում էին, որ հնարավոր է Ճոդալի հետ լինել բարեկամական հարաբերությունների մեջ և ծաղրի չենթարկվել: Այդ հարցում նա անխնա էր նույնիսկ իր ընտանիքի անդամների նկատմամբ: Մի անգամ, կինը՝ Էմման, առանց որևէ հույսի, ասում է, թե սիրտը մսով տոլմա է ուզում: Դա այն ժամանակ էր, երբ թոշակը հինգ հազար երկու հարյուր քառասուն դրամ էր, և այն չէր փոխանցվում ամեն տեսակ տարօրինակ քարտերի միջոցով: Այլ բերում էր փոստատարը, ազնիվ կերպով շորթում էր երկու հարյուր քառասունը, իսկ մնացած հինգ հազարը տալիս էր տիրոջը: Ճոդալը, ի զարմանս կնոջը, պատասխանում է թե իր փիթիկն այդ օրը տոլմա կուտի: Օրվա վերջում, Ճոդալը գալիս է տուն երկու կիլոգրամ թարմ միսը և մնացորդ երկու հազարը ձեռքին: Կինն ուրախացած պատրաստում է տոլման: Երեկոյան, երբ ամուսնու վարմունքից ուշքի դեռ չէր եկել, հարցնում է, թե փոստատարը չի՞ երևացել: Ճոդալն էլ պատասխանում է, թե ի՞նչ փողով էիր ուտում էդ տոլման, իհարկե թոշակովդ: Պատկերացրեք Էմմայի դեմքը, ով ամբողջ ամիս սպասել էր այդ փողին, որ թոռին նվեր գնի:

Եկավ դժգույն 2005-ը, դա այն տարին է, որ Ճոդալը ծանր հիվանդացավ: Ընկավ անկողին, ոչ ուտում էր, ոչ խմում: Մարդիկ ասում էին, թե մեղքերն է դուրս տալիս: Այսպես շարունակվեց մի քանի ամիս: Դեկտեմբերյան վերջին օրերից մեկին, աչքերը բացել էր և մի կերպ հասկացրել, որ ուզում է ինձ տեսնի: Ես այդ ժամանակ ուսանող էի: Թողեցի քննություններս և վերադարձա: Մարդկանց մտահոգությունը կայանում էր Կումայրու կենցաղի դաժանության մեջ: Նրանց մի բան էր տանջում, հանկարծ Նոր տարվա բերան Ճոդալը չմեռնի ու ընտանիքի Ամանորը հարամ անի: Դեկտեմբերի 29-ին ես հասա նրա տուն: Ճոդալը պառկած էր դեմքով դեպի պատը, ոչ մեկի չէր նայում և ոչ մեկի հետ չէր խոսում: Հարսն ասեց որ արդեն երկրորդ շաբաթն է ինչ այդպես պառկած է, առանց որևէ մեկի հետ բառ փոխելու: Լսեց ձայնս, բոլորի համար անակնկալ շուռ եկավ: Ծանր, բայց հաստատուն: Նայեց: Ժպտաց: Դա մեռնողի երանելի ժպիտն է, որը մարդուն տանում է անհունի գիտակցում և որը, անկախ այդ մարդու այդ պահի արտաքինից, գեղեցկացնում է նրան, կյանքում վերջին անգամ: Խոսեց հևալով և մի կերպ: Հարցրեց ողջությանս մասին, ասեց որ թերթում կարդացել է իմ մասին և ուրախացել (մոռացել էի նշել, որ նա կարդում էր Իրավունք թերթի բոլոր համարները): Հետո խնդրեց, որ ուղեկցեմ զուգարան: Դրանից հետո նստեցինք սեղան: Մի քիչ կերավ, վերջում ասեց. «Խնդա մարդկանց վրա ինչքան կռնաս, մեկ է վերջում ջանիցդ դուս գուկա»: Ասում էին, թե ես հոգեդարձ արեցի Ճոդալին: Նա պառկեց: Երեկոյան եկել էր բժիշկը և ասել, որ օր ունի քաշում է: Ամանորն անցավ, ճոդալի վիճակը վատացավ: Հունվարի չորսին քննություն ունեի: Երեքին պատրաստվում էի Երևան: Մայրս ասեց, թե սպասի, Ճոդալը եսօր-էգուց է, էլ չգնաս գաս: Անկախ ինձանից, պատասխանեցի, թե Ճոդալը հունվարի վեցին կմեռնի, այդքան չեմ կարող սպասել: Հունվարի վեցին զանգ ստացա: Մայրս էր: Նա բան չասեց, ես մի հարց տվեցի: Ստացա պատասխան, որը գիտեի:

Հ. Գ. 1 Ճոդալը մի անգամ ապտակել է ինձ, որի համար շնորհակալ եմ:

Հ. Գ. 2 Ներողություն եմ խնդրում տեքստում տեղ գտած կետադրական սխալների համար:

Հ. Գ. 3 Այս շարքի հաջորդ հերոսը Կուզիկ Լարիսն է:

0 коммент.:

Отправить комментарий