1992թ.: Քաղաքը փոշոտ է: Այնպես փոշոտ, ինչպիսին կլինի քսան կամ միգուցե ավել տարիներ հետո: Կումայրու Ա. Ս. Պուշկինի անվան թիվ վեցերորդ դպրոց-գիմնազիան տեղակայված էր տնակներում, այդպիսիք շատ կտեսնեք Կումայրիում մինչ օրս: Կողքին՝ հպարտ, բայց խոնարհված վեր էր խոյանում նախկին Օլգինյան օրիորդաց վարժարանի շենքը, որը խորհրդային տարիներին հանձնվել էր իմ առաջին դպրոցին: Այդ շենքն իր մեջ ամփոփում էր երկրաշարժի ողջ խորհուրդը, որը կարծես ուզում էր մարդկային վշտերը թաքցնել իր մռայլ ու սև պատերի ներքո: «Երբ արևն աստված էր» գիրքը մի ձեռքիս, մյուս ձեռքիս մեխակը, որն անկեղծ ասած չգիտեմ ում պետք է նվիրեի և այդպես էլ չնվիրեցի, ես մուտք գործեցի խարխուլ տնակները: Ինչքան էլ ուզում է ամեն ինչ անհրապույր լինի, բայց այն միտքը, որ դու դպրոց ես գնում, դրա մեջ խորհուրդ կա, որն ի զորու չես հասկանալ այդ տարիքում, միտքդ լցնում են մի վեհ պատումով, իսկ հոգիդ՝ անբացատրելի, իրարամերժ, ալեկոծ զգացողություններով, ինչպիսիք մարդ ունենում է առաջին անգամ սիրահարվելիս: Տնակներում արտասովոր ոչինչ չկար, ճռճռացող հատակ, մռայլ, սրճագույն պատեր, պատուհանի կեսը ծածկող վարագույրներ և նոր կանաչ ներկած նստարաններ, որի համար այդ տարվա շրջանավարտներից երեք ռուբլի էին հավաքել: Ինչպես լինում է նման դպրոցներում (որոնք ի դեպ մինչ այժմ կան), պատերի հիմնական զարդարանքը մահացածների, կիսամեռների կամ դժոխք-դրախտ կոմբինացիայից, որոշակի կաշառքի դիմաց արձակուրդ եկած մարդկանց նկարներն են: Այդպիսին էր նաև իմ սիրելի դպրոցը: Նայեցի նկարներին, առաջինը, որ աչք զարնեց, դա պապիս քրոջ՝ Ամալյա տատիկի լուսանկարն էր (նա հիմա 97 տարեկան է և լուծում է խնդիրներ ու պնդում, որ մարդ միշտ պետք է իր միտքը զարգացնի): Ամալյան մեր դպրոցի մաթեմատիկայի երկար տարիների վաստակավոր ուսուցչուհի է: Հաջորդ նկարը, որն ինձ նայում էր հետաքրքիր հայացքով, որի մեջ զուգորդվում էին քնքշանքն ու խստությունը, փոքր ինչ կնճռոտված դեմքով էր, շատ հարազատ ու սիրելի, անասելի ծանոթ, բայց միևնույն ժամանակ անծանոթ: Կարդացի (դպրոց գնալուց ես արդեն կարդալ գիտեի և ավարտել էի Թումանյանի հեքիաթների և բալլադների շարքը), անունն Օֆելյա էր: Օֆելյա... զարմանալի հնչեղ, մեղրածոր, մի տեսակ պոետիկ անուն: Ինքս իմ մեջ մտածեցի, թե տեսնես երբևէ կսիրահարվե՞մ Օֆելյա անունով աղջկա: Օրը վերջացավ: Իմ մեջ տպավորվեց երկու իրողություն: Առաջինը՝ իմ սիրելի դասղեկ Ալեքսանյան Մառլենայի զմրուխտից վզնոցն էր, երկրորդը՝ մեխանիկայի ուժով, բուֆետում մեկ ռուբլիով վաճառվող հաց ու խավիարը (բադիրջանի): Վերադարձա, բայց ինձ հանգիստ չէր տալիս Օֆելյան: Գիտեի որ ծանոթ է, գիտեի... շատ մոտ է: Չգիտեմ ինչու, այդ կնոջ դեմքն իմ մեջ տպավորվել էր անասելի դրոշմ թողնելով: Կումայրու մեր տունը, գտնվում է քաղաքի կենտրոնական մասում, ամենահին փողոցի՝ Աբովյանի հատվածում: Մեր տան դիմացի տների շարքի հետևով է հոսում այն ջուրը, որտեղ հայության վերջին արժեքը՝ Ֆրունզիկը, փորձում էր գասպարալող տալ: Այդ հոսող ջի ափին էին գտնվում դիմացի շարքի տների այգի-բակերը, որոնք ինձ համար միշտ խորհրդավոր են թվացել: Մենք սիրում էինք խաղալ այդ ջրի մոտակայքում, քանի որ հակառակ հատվածում բազմաքիվ քանդված տներ կային, որոնք թաղի երեխաներով սեփականաշնորհել էինք ու ամեն մեկն ուներ իր տունն ու տիրույթը: Այդպես անցավ վեց ամիս: Ես անընդհատ հիշում էի նրան: Բացվեց նոր խաղաշրջանը, ասել կուզե գարունը: Ու գարնանային այն օրերից մեկն էր, երբ տան անդամներն անընդհատ դիտողություն են անում, թե տաք հագնվի, արևին մի խաբնվի, ես փորձում էի կարգի բերել իմ տունը, որն ավելի էր խարխլվել անցնող ձմեռվա շնչից: Այդ պահին, չգիտեմ ով, չգիտեմ ինչ միտք, ինձ ստիպեց շուռ գալ և նայել ջրի հանդիպակաց ափի բակերից մեկին: Ես սառեցի... այդպիսի զգացողություն ես երբեք չեմ ունեցել ու կարծում եմ՝ չեմ էլ ունենա: Նա այնտեղ էր, իմ դիմացի բակ-այգում, նստած էր լուռ, ոչ մի մկան դեմքին չէր շարժվում, բայց հայացքում կյանք կար, անսահման կյանք ու այդ հայացքն ինձ էր ուղղված (այն ժամանակ դեռ կարճատեսությամբ չէի տառապում): Ու այդ հայացքը ժպտում էր ինձ, չգիտեմ... հասկացեք, դեմքը չէր ժպտում, հայացքն էր ժպտում: Դա վեր է ամեն տեսակ ծիծաղից ու գորովանքից: Մենք այդպես երկար կնայեինք միմյանց, եթե այդ պահին չհայտնվեր իմ դիմացի տան հարևանուհին՝ տիկին Ջուլիկը (լավ կին էր) ու նրան մայր անվանելով ներս չտաներ: Այդ դիմելաձևը և այն միտքը, որ Ուսուցչուհին իմ դիմացի տան հարևանուհին, ինձ այդքան մոտ է, և այդքան անծանոթ, հանգիստ չէր տալիս ինձ: Պարզեցի... փոքր ժամանակ տեսել եմ նրան, ամուսնու՝ Վարուժանի թաղմանը: Հետո նա մասնակի կորցրել է հիշողությունը, ծերությունն ու վիշտը, որը բնորոշ էր այդ ժամանակաշրջանի ցանկացած կումայրեցու, դարձրել էին նրան այնպիսի, ինչպիսին կար այդ պահին: Դրանից հետո իմ մեջ արթնացավ աննկարագրելի մոլուցք, անընդհատ տեսնել Ուսուցչուհուն: Ես ոչ մի պատրվակ բաց չէի թողնում նրանց տուն գնալու: Ավաղ... շատ հազվադեպ էի նրան տեսնում: Իսկ տեսնելիս, նա ինձ նայում էր այդ նույն հայացքով, որն այքան հարազատ էր դարձել: Հերթական անգամ գտա առիթ ու գնացի նրանց տուն: Չնայած այդ գրքից ունեի երկու հատ, բայց...: Տիկին Ջուլիկից խնդրեցի «Եզոպոսի առակները»: Երկար ժամանակ նա փնտրում էր այդ գիրքը և այդ պահին հնչեց մի ձայն, որն իր մեջ ամփոփում էր նախկին դիրքը գիտակցող, անցյալի խստությունից, բայց և բարեկիրթ երանգներով Մանկավարժի խոսքը._«Պադվալում է»: Ես և Ջուլիկը քարացած միմյանց նայեցինք: Գիրքն իրոք նրա նախանշած վայրում էր: Այդ դրվագն եղավ բեկումնային: Մարդը, որը շատ հաճախ մոռանում էր անգամ իր ընտանիքի անդամների անունները, նույնությամբ հիշում էր բոլոր այն գրքերը և դրանց տեղը, որոնք ինքն էր դասավորել շատ տարիներ առաջ և երկրաշարժից հետո առիթ չէր եղել դրանք հանելու: Այդպես սկսվեց մեր բարեկամությունը: Շատ հաճախ էր նա ինձ կանչում իր մոտ և պարզապես զրուցում, երբեմն իհարկե... լավ: Ու ես անսահման սիրեցի նրան, այնպես ինչպես չեմ սիրել ինձ դասավանդած որևէ Ուսուցչի: Երբ հիշողությունը փայլատակում էր, նա ինձ պատմում էր աշխարհագրությունից և այնպես ստացվեց, որ մինչ դպրոցում մենք այդ առարկան կուսումնասիրեինք, ես արդեն մի քանի տարվա ծրագիր յուրացրել էի: Եկան իննսունականների վերջերը, Նա արդեն գրեթե ոչինչ չէր հիշում, հիշում էր միայն իր գրքերը: Տեղափոխվեցի Երևան սովորելու: Ամեն անգամ գնալուց տեսնում էի նրան: Ինձ Էլ շատ հաճախ չէր հիշում: Եկավ 2004-ը: Մայրս շատ հաճախ պատմում էր, որ Նա փախչում է տանից և գնում դեպի գերեզմաններ: Հունիսյան մի օր, ինձ գուժեցին, որ Նա ծանր և հոգին կավանդի: Մահվանից երեք օր առաջ, գիտակցությունը մի պահ տեղն էր եկել և խնդրել էր ինձ փոխանցել, որ ևս մեկ անգամ կարդամ «Դոկտոր Ժիվագոն»: Անցան այդ երեք օրերը: Նա չկար: Թաղմանը չկարողացա մասնակցել. քննություն ունեի, բայց թաղման օրը, Երևանում, Այգեստան 11փողոցի 69 տանը նստած կարդում էի «Դոկտոր Ժիվագոն»:
Ապրում է Ուսուցչուհին, ով ամեն ինչից զատ հիշում էր իր գրքերն ու գերեզմանոցի ճանապարհը:
Հ. Գ. 1
Չգիտեմ, ուզում էի անպայման պատմել Նրա մասին
Հ. Գ. 2
Այս շարքի հաջորդ հերոսը Պիլիկ Էձոն է...
Ապրում է Ուսուցչուհին, ով ամեն ինչից զատ հիշում էր իր գրքերն ու գերեզմանոցի ճանապարհը:
Հ. Գ. 1
Չգիտեմ, ուզում էի անպայման պատմել Նրա մասին
Հ. Գ. 2
Այս շարքի հաջորդ հերոսը Պիլիկ Էձոն է...
0 коммент.:
Отправить комментарий