Ստացվեց այնպես, որ վերջին օրերին հաճախ եղա ծննդավայրումս՝ Կումայրիում: Գնում էի անձս հաստատելու, հայրենի Զինկոմի հետ հարաբերություններս պարզելու, ապացուցելու, որ իմ զենքն իմ ստեղնաշարն է և տևական ընդմիջումից հետո քաղաքացիությունս վերգտնելու համար: Ամենատարբեր օղակների հետ շփումների և հիասթափությունների մասին չէ, որ ուզում եմ խոսել: Իմ մոտ այս անգամ ավելի շատ տպավորվել է Կումայրի-Երևան և հակադարձ ուղղությամբ երթուղայիններում անցկացրած ժամանակը: Այն իր մեջ ներառում է ամեն ինչ. ֆոլկլոր, կենցաղ, սոցիալական միջավայր և ընդհանրապես մշակույթ դրա տարբեր բնորոշումներով: Ընդհանրապես, ցանկացած նմանատիպ ճանապարհորդությունների ընթացքում պատահում են հետաքրքիր դիպվածներ, որոնց մասին երբ պատմում եմ, վկաներ չլինելու պարագայում դժվար է հավատալ:
Ընդհանրապես Կումայրի տանող երթուղայինների հավաքատեղին և հենց երթուղայինն ինքնին յուրատեսակ միջավայրն են, որտեղ համակցվում է մարդկային սարկազմը և սոցիալական խտացումը: Առաջինը, որ աչքի է զարնում երթուղայինների հավաքատեղիում, դա հնացած Գազելներն են, որոնք եթե լեզու ունենան կհիշատակեն իրենց օգտագործողների և իրենցից օգտվողների, մի խոսքով...: Երկրորդը դա տաքսիստներն են: <<Լեննական, ապ ջան Լեննական կե՞րթաս, արի ախպերս մե հոգիմ է մնացել, հենց հմի կշարժվինք>>: Այդ մեկ հոգին կամ հենց հիմա շարժվելը ենթադրվում է, որ համապատասխան կորիզի (կուտ տալու միջոցով), տաքսու վարորդը պետք է ճարի ևս երեք հոգի: Իսկ թե երբ կհայտնվեն տաքսով երթևեկել ցանկացող այդ երեքը, ոչ մեկին հայտնի չէ: Եթե մերժում ես, հնչում է հետևյալը. <<Գնա, գնա, նստի սպասե, տեսնիմ քանի ժամ հեդո բդի հասնիս>>: Իսկ եթե կամ ու կացի մեջ ես, ապա վարորդի առժամանակ բարեկամն ես: Այդպես մի վարորդը հանդիպեց վերջին ուղևորություններից մեկի ժամանակ: Ես մտքիս մեջ ժպտալով, Գազելի առաջ կանգնած, թողնում էի, որ ինձ համոզեր: Կարծելով թե, իմ հետ արդեն գործն ավարտված է, նա շուռ եկավ հաջորդ պոտենցիալ 2500 դրամի հետ խոսելու: Խոսակցության ընթացքում, պատահական շարժում արեց և կանգնեց ոտքիս: Իսկույն շուռ եկավ չարացած հայացքով: Դուք երբևէ չեք պատկերացնի այդ միջավայրը և իրավիճակը, եթե չշփվեք: Տեսնելով որ ես եմ (Այդ պահին իմ աչքերի փոխարեն նա տեսնում երկու առանձին Չարենցներ, իսկ քթիս փոխարեն մեկ հինգ հարյուր դրամանոց), նա սիրալիր ներողություն խնդրեց, հակառակ պարագայում, արձագանքը լրիվ այլ կլիներ, մոտավորապես հետևյալ կերպ.<<Չե՞ս կռնա ոտդ ուրիշ տեղ դնես, չիմացող մարդմ է գուկա գելնի ոտիդ, գնկի վար>>: Մի խոսքով, արդյունքում մենք նստեցինք Գազել: Լրացել էր 14 մարդ: Գազելը չէր շարժվում: Այն շարժվում է միայն այն դեպքում, երբ լրանում է 15 ուղևոր: Սպասում էինք բաղձալի բաղկացուցիչին, որ վերջապես շարժվենք: Այդ պահին մոտեցան մայր և աղջիկ: Բայց մեկ տեղ կար: Դիսպետչերը, որն այս պարագայում ոչ մի գործառույթ չունի, բացի այն, որ ուղևորների գումարներն է հավաքում և վարորդի հասանելիք հինգ հազարը տալուց հետո, մնացածը հանձնում գծի տիրոջը կամ նրա լիազոր անձին, գտավ հանճարեղ լուծում: Սա այն իրավիճակն է, երբ մարդու արտաքինը, հագ ու կապը, որոշում են նրա սոցիալական դիրքը, միջավայրում զբաղեցրած տեղը: Մայրն ու աղջիկը, արտաքինից սոցիալապես անապահով էին: Լուծումն հետևյալն էր. <<Դու նստի, մե հադմ էլ տաբուռետկա կդնենք, աղջիկդ կնստի, հմի ինչ էնենք, ջահել աղջիկ է, ժամից Լեննական կհասնիք>>: Պատկերացնում ե՞ք, Գազելով, մի ժամից Կումայրի: Դե արի դրան բացատրի, որ սա ընդամենը Գազել է, ոչ թե Սու ինքնաթիռ, ու չի կարելի մարդուն անասունի տեղ դնել և 125 կմ ճանապարհը նստեցնել չոր տաբուռետկին, որը ցանկացած պահի կարող է շուռ գալ, դրանից բխող բոլոր հետևանքներով: Մի խոսքով, մայր ու աղջիկ համաձայնեցին և մարդկային ողբերգությունն ամբողջացավ: Դե որ համաձայնեցին, ես էլ ուշադիր նայեցի նրանց ու հիշեցի Նաֆ-նաֆի, Նիֆ-նիֆի ու... մի րոպե, բա Նուֆ-նուֆն ու՞ր է: Հաա տեսա, գազելի վարորդն է: Չպատմեմ ճանապարհի երկար ու անիմաստ պատմությունները: Մի ջահել փորձում էր կպցնել կողքի նստած թրաշով աղջկան, վերջինս էլ, ինչպես կասեր մեր հարևան Լյով պապը.<<Խունջիկլամիշ կեղնիր>>: Մի հինգ անգամ բացատրեցի Նուֆ-նուֆին, որ սա հանրային տրանսպորտ է, չի կարելի Խաթուբա լսել, վերջը տեղ հասավ: Իրավիճակի զավեշտը հասավ իր սրության գագաթնակետին, երբ ճանապարհին, վարորդի ծանոթներից մեկը, հինգ մեծ պարկ մորթած ճուտ բերեց, որպեսզի նա հասցնի Կումայրի: Պատկերացնում ե՞ք: Հինգ մեծ պարկ, մորթած կենդանի, երբ այդ մեքենայի չեղած բեռնախցիկում այլևս տեղ չկար: Վարորդին ասում եմ._Փոխարեն wifi քաշես մեքենայիդ մեջ, մորթած անասուն ես տեղափոխում: Ժպտաց, բութ ժպիտով, մտքի մեջ երևի ասելով._<<Ինչքան կուզես հաչա, ես իմ 1500-ի տերն եմ>>: Այսպես, մորթած ճտերի, տաբուռետկով աղջկա, Խաթուբայի, խռռացնող տղամարդու ուղեկցությամբ հասանք Թալին: Որոշեցինք կանգ առնել և հանգստանալ: Մտա Թալինի ջուր կոչվող վայրի զուգարանը: Տեսնում եմ նորմալ սարքած է, բայց մարդ չկա որ փող վերցնի: Առաջացա ու... կգուշակեք ի՞նչ էր գրած: Լավ: <<Օգտվելուց հետո, հարյուր դրամը դրեք այստեղ, դուք հո…>>: Հոգնեցի: Հաջորդ պատումը հետո:
Հ. Գ. Նկարն արել եմ վերադարձի ճանապարհին: Անձրև էր: Կինն ստիպված էր անձրևանոցով նստել, հասկանալի պատճառներով:
0 коммент.:
Отправить комментарий