суббота, 7 января 2017 г.

Կուզիկը


«Պատանեկությանս Կումայրին» շարքից:


_Ուրիշ տեղ չունի՞ք խաղալու: Ռադ եղեք ուրիշ տեղ խաղցեք:
_Չէ, չունինք, համ էլ ըսիգ ինչքան օր քու մայլեն է, ըդքան էլ մեր մայլեն է:
_Հլը էդ լեզվանի լակոտին նայե: Անդաստիարակ:
_Այ լակոտ, մենծ կնիկ է, հետն ի՞նչխ կխոսաս, ռադ էղի տուն._խառնվում էր երեխայի ծնողը:
_Համ էլ ինքը կնիկ չէ:
_Տո լակոտ, մատմ փիչխա էս, ըդիկ քու ի՞նչ քննարկելու բանն է: Ես քեզի կսեմ ռադ էղի տուն:



Սույն երկխոսությունըկամ որ ավելի ճիշտ է ̀ եռախոսությանը դուք հաճախ կհանդիպեիք Կումայրու նշանավոր Աբովյան փողոցում: Եռախոսության առաջին գործող անձը Լարիսն էր: Թաղի նշանավոր կուզիկը, ով տանել չէր կարողանում թաղի երեխաներին և աղմուկը: Կարծում եմ, յուրաքանչյուր միջին վիճակագրական թաղում կա այդպիսի կին կամ կանայք, իսկ որ ամենասարսափելին է ̀ տղամարդիկ: Լարիսը, մինչ մոր ̀ Սալբիի մահը, ապրում էր մոր հետ: Այնուհետ ̀ միայնակ: Սալբին, ժամանակին եղել էր գնացքի ուղեկցորդուհի և աղջկան վատ չէր պահել: Սակայն բնությունն ասել էր իրենը: Լարիսը կուզիկ էր ծնվել, որն էլ կանխորոշել էր այդ կնոջ ճակատագիրը: Նա ուներ պառաված օրիորդին բնորոշ բոլոր հատկանիշները ̀ մարդամոտ չէր, սիրում էր բամբասել, հյուրեր չէր ընդունում, տանել չէր կարողանում թաղի երեխաներին, և ապրում էր իր կատվի հետ: Լարիսը չէր խանդում այլոց տղամարդկանց, ինչը կարող էր բնական դիտվել նրա կարգավիճակի համար: Նա խանդում էր բոլոր այն հարևաններին, որոնք կատու էին պահում: Դա սարսափելի, ու չար կնոջ խանդ էր: Նա ամեն անգամ միջոցներ էր ձեռնարկում, որ կատու պահող հարևանի կատուն սատկին: Ու հաճախ դա նրա մոտ հաջողվում էր: Նա միշտ իմ հիշողություններում մնում է 50-նն անց, կանաչ աչքերով և սուր հայացքով, կիսաճերմակ մազերով, որոնց հարդարանքը ̀  հետ ընկած գանգրությունը մի տեսակ հիշեցնում էին մուլտֆիլմերի աղվեսներին, կլորիկ կազմվածքով, սուր դեմքով և նշանավոր կուզով կին:
Տողերիս բացասականը բնավ միտված չէ ներկայացնելու նրան միայն վատ երանգներով: Պարզապես նա խտացումն էր երբեք չամուսնացած և բնության այդ դառնության խորշոմը դեմքին կրող կնոջ ամբողջացմանը: Գիտե՞ք, այլ բան է, երբ կինն այրի է, կամ հանգամանքների բերումով մնացել է առանց ամուսին, իսկ այլ է, երբ նա երբեք ամուսնացած չի եղել: Դրանից առավել վատ, բնությունը չի կարող ազդել ԿԻՆ տեսակի վրա: Եվ այդ տեսակի ընկալումները և վերաբերմունքը բնավ արգահատելի չէ: Այն մեծ ըմբռնումի և հասկանալու կարիք ունի: Դեռահաս փուլում դու չես կարող դա հասկանալ: Լարիսն ընդամենը մեզ համար չար պառավ էր, որը չէր թողնում խաղալ մեր փողոցում: Այդ ամենը գիտակցում ես այն ժամանակ, երբ մտովի հետադարձ հայացք ես նետում անցյալիդ և նրանում գործող հերոսներին: Այդ ժամանակ այլ կերպ ու այլ ընկալումներով ես վերաբերվում նրանց:
Նման կանայք ժամանակի ընթացքում ձեռք են բերում հատկանիշներ, որոնք այդքան էլ բնորոշ չեն, կամ գոնե իմ պատանեկության Կումայրիում հատկանշական չէին կանանց համար: Նա սիրում էր նարդի խաղալ: Կյանքում ուներ երկու տարերք  ̀  իր կատուն և նարդին: Նա կարող էր օրվա մեջ խաղալ 30-35 թայլա ու չհոգնել: Նրա հետ բարեկամանալու միակ հնարավորությունը նարդու ընկեր դառնալն էր: Ազնվորեն ասեմ, որ իմ մոտ, ի տարբերության մյուս դեպքերի, նրա հետ բարեկամությունը այդպես էլ չկայացավ: Մեր շփումները կառուցվում էին փոխադարձ վիրավորանքների ֆոնին կամ այն փոքր չարաճճիություններով, որ անում էինք Լարիսի նկատմամբ: Սակայն, նա մերն էր: Իսկ մենք  ̀  նրանը: Աբովյան փողոցի այդ մասը ̀  Ձորի մայլեն, մի տեսակ թերի կնայվեր, եթե չլիներ Լարիս-թաղի երեխաներ հակադրությունը: Դա յուրատեսակ ֆոլկլորի բաղկացուցիչն էր, որն ամբողջացնում էր թաղի կոլորիտը: Դա հասկանում ես հետո, երբ կարոտում ես քո մանկության ու պատանեկության միջավայրին, բայց հեռու ես այդ ամենից ու վերադարձի միտք չունես: Մյուս կողմից, տեսակի նման արտացոլման ու ինքնաարտահյտման մեջ մեղավոր է հասարակությունը: Հասարակություն, որ այնքան հեղհեղուկ ու անդեմ է, երբ կա արժեքային բախում, երբ պետք է ընդառաջ քայլ անելու համարձակություն:
Լարիսն հիմա էլ կա: Ապրում է ու նարդի խաղում: Իսկ պարապ ժամանակ, իր չար հայացքով նայում է փոքրիկ պատուհանի ճաղերի արանքից բոլոր անցորդներին և հյուսում հերթական բամբասանքը:

Արժևորեք ձեր ունեցած լարիսներին, մի օր կարող է այլևս չունենաք ու կտիրի դատարկություն:

0 коммент.:

Отправить комментарий