Ընդհանրապես, Հայաստանի քաղաքական մշակույթում կար մի տարածված սկզբունք, համաձայն որի, պաշտոնյաներն իրենց նախորդների հասցեին աշխատում էին վատ բաներ չասել։
Պատասխանները սովորաբար լինում էին գովական կամ լղոզված, սակայն նոր վարչապետը կարծես խախտում է այս սկզբունքը։ Նա դա անում է նախկին ԿԳ նախարարի գործունեության վերաբերյալ ուղղակի կամ անուղղակի ակնարկներ հնչեցնելով։
Հատկապես մեծ աղմուկ ու լարվածություն բարձրացրեց վերջինը, որը վերաբերում էր ծանոթ-բարեկամական հարաբերություններով, խնամիական կապերով կրթական համակարգում աշխատանքի տեղավորելուն։ Կրթական խնդիրներին ու բացերին մենք երիցս անդրադարձել ենք։ Իհարկե, ընդունելով այն հանգամանքը, որ Հայաստանում բոլոր ոլորտները փոխկապակցված են և չի կարող կյանքը դիտարկվել առանձին կամ ոլորտային, իսկ կրթական համակարգի հետ առնչվողը չի կարող լինել վակուումում ՝ հասարակությունից դուրս, ամեն դեպքում ստիպված ենք փաստել, որ այս ոլորտը Հայաստանում տխրագույններից է։ Հենց այս ոլորտի շնորհիվ է, որ իրականացվում է գաղափարական տեռոր երեխայի նկատմամբ ՝ հենց մանկապարտեզից սկսած։ Այս կառույցում սովորողի մոտ ձևավորվում է ընտրական մոտեցման, ըստ կաշառքի վերաբերմունքի գաղափարական հիմքը, որն արմատավորվում է դպրոցում և վերջնական տեսքի բերվում բուհում՝ կարիերիստ ջահիլների կողմից։ Ասվածը բնավ մերկապարանոց չէ։ Հայաստանյան վերջին փուլի իրադարձությունները ցույց են տալիս, որ հենց կրթական շրջափուլում է դեռահասի մոտ կոտրվում անհատականություն լինելու տեսլականը։ Նա դառնում է մեքենայի հերթական զոհը և իրենից օտարում բոլոր անքակտելի իրավունքները՝ դառնալով նվազ կամակատար։
Իհարկե, լուրջ վրիպում կանենք, եթե չխոսենք այդ նույն կրթական կոլեկտիվների կողմից ահռելի չափերի հասնող ընտրակեղծիքների գործընթացներից։ Ընտրությունները մեծ ի մասամբ կեղծվում են հենց այդ համակարգի ներկայացուցիչների անմիջական մասնակցությամբ։ Նրանք լծակներ ունեն համայնքի, ծնողների, սովորողների վրա։ Քիչ թե շատ տառաճանաչ են մասսայական անգրագիտացման միտված հասարակության մեջ և ունեն որոշակի պարտավորություններ իրենց նշանակողների առջև։
Վարչապետի այս հայտարարությունն առնվազն պոպուլիստական է և կարող է ինչ-որ առումով անգամ չառնչվել Աշոտյանին, քանի որ այդ երևույթը կար դեռ նրանից առաջ։ Մարզպետարանների ու քաղաքապետարանների կրթության բաժիններն ու ամենատարբեր վարչությունները, տնօրենների մեծ մասը սպասարկում է իշխող կուսակցությանը։ Նրանք դա անում են իրենց կամքից անկախ կամ իրենց կամքով, այստեղ արդեն էական չէ։ Այդ սպասարկման հսկա կոռուպցիոն և հովանավորչական մեխանիզմի մեջ իր ուրույն դերն ունի նաև «ձայն բերելը», քվեով ապահովելը, որը հնարավորություն կտա նրանց վերարտադրվելու և նորից զբաղեցնելու զբաղեցրած հաստիքը։
Եթե մենք ուշադիր նայենք ընտրական գործընթացներին, ապա կտեսնենք, որ հանրապետականի համար այսպես ասած «ցուցակ կազմողների շարքում» ԺԷԿ-ի պետերի, քուչի ավտարիտետների և մանկավարժների շարքում հատկապես առանձնանում են վերջինները։ Վերջինները, հատկապես մարզային հանձնաժողովներում, աչքի են ընկնում այդ գործընթացներում ներառվածության աստիճանով։ Ինչո՞ւ։ Զի տառաճանաչների մեջ նրանք են պատրաստ անմնացորդ սպասարկել իշխանությանը և մի քիչ լաչառ են մյուսներից (խոսքն անշուշտ բոլորին չի վերաբերում)։ Այսինքն՝ խաթարելով տարիների ընթացքում ստեղծված այս կատարյալ մեխանիզմը, վարչապետը փորձում է հանրապետականին զրկե՞լ ընտրակեղծիքների մեխանիզմի լուրջ հիմքից։ Առնվազն ծիծաղելի է։
Այստեղ մի կարևոր հանգամանքի ևս չենք կարող անդրադառնալ։ Հաշվի առնելով Լևոն Մկրտչյանի բազմաթիվ բարիգալստյանների հետ, շատ տնօրեններ ունեն երկու կուսակցական նշան ՝ ՀՀԿ և ՀՅԴ, որոնք կիրառում են՝ կապված նախարարի կուսակցական բովանդակությունից։ Այդիվ, ստիպված ենք փաստել, որ Հայաստանում հնարավոր չէ անել դրվագային կամ ոլորտային փոփոխություններ։ Դրանք ոչինչ չեն տա։ Իսկ վարչապետի նման հայտարարությունները պարզապես մակարոն են մեր ականջներից կախելու համար։
Վահրամ Թոքմաջյան
Past.am վերլուծաբան
0 коммент.:
Отправить комментарий