суббота, 5 марта 2016 г.

Նորանկախ պատմության լուսավոր էջը

Ութ տարի է անցել այն օրվանից, երբ ՀՀ իշխանությունները կրակեցին ՀՀ քաղաքացիների վրա:

Անկախ այն հանգամանքից, թե նիկոյանական հանձնաժողովներից սկսած, մինչև նորաթուխ իրավաբաններ ինչեր կփորձեն «մոգոնել» ապացուցելու համար, որ սեփական ժողովրդի վրա կրակողները ոչ թե էթնիկ պատկանելությամբ հայ` իշխանության կամակատարներն էին, այլ դիվական չարքեր, որոնք տիեզերական հատուկ ուժերի միջոցով ուղղորդվել էին ադրբեջանցիների կողմից, սակայն, ի փառս կաթողիկոսի, մեկուսացվեցին նրա ջերմեռանդ աղոթքներից հետո, հայ հասարակությունը գիտի իրական մեղավորներին և պատվիրատուներին: Պատմությունը դե յուրե շատ չբացահայտված կետեր ունի, այս մեկն էլ կմնա այդ շարքում, քանի դեռ իշխանությունն է դրա անմիջական կատարողը:
Թվում էր, թե ստեղծված ողբերգական իրավիճակում, երբ իշխանությունը կրողները այն զավթեցին տասը անմեղ մարդկանց արյան գնով, պետք է ինչ-որ մի պահ, դասականի կոչի օրինակով սթափվեն ու գործնական քայլերի գնան, նման վրիպումներից խուսափելու համար:
Սակայն … էության մեջ գնացին գործնական քայլերի, բայց լրիվ հակադարձ տրամաբանությամբ: Հակադարձ տրամաբանությունը հուշում էր, որ չկա մարդ, չկա բողոքող: Ու այս ընթացքում իշխանություններն ամեն ինչ արեցին Հայաստանը հայաթափելու համար: Աբդուլ Համիդին շատ ավելի երկար ժամանակ պահանջվեց Հայաստանից 300.000 հայ բռնագաղթեցնելու համար, քան ներկայիս հայաստանյան իշխանություններից: Երբ նայում ես 7-8 տարվա վաղեմության կադրերը, տեսնում ես, որ նրանցից շատերն այսօր Հայաստանում չեն: Պարզապես չկան, թողել ու գնացել են:
Իսկ ինչո՞ւ: Պատասխանը պարզ է, հայրենի իշխանությունները մարդկանց ապացուցելու փոխարեն, որ սխալ են բողոքում, իրենք ի զորու են լուծել երկրի առջև ծառացած խնդիրները, ապահովել տարրական կենսապայմաններով, ինչպես վերը նշվեց, վարվեցին հակադարձ տրամաբանությամբ՝ համակարգված սոցիալական տեռոր իրականացնելով՝ ՀՀ քաղաքացիների նկատմամբ:
Ինչո՞ւ չեմ գրում ընդդիմադիր քաղաքացիների, զի Հայաստանում գրեթե բոլորն են ընդդիմադիր, բացի հատ ու կենտ ընտրյալներից, որոնք իշխանական կերակրատաշտից են օգտվում, այն բացառիկ դեպքերից, որոնք դեռ վստահում են և այն մարդկանցից, ովքեր հեռու են մնում քաղաքական անցուդարձից:
Այս ամենով հանդերձ, մարտի մեկն ունի մեծագույն խորհուրդ: Անշրջելի խորհուրդ: Այն տասը զոհված հերոսները (ես չեմ առանձնացնում ցուցարարներ և զինվորականներ, նրանք իրավ հերոսներ են), իրենց արյամբ եկան ապացուցելու հասարակությանը, որ վախենալ պետք չէ: Նրանցից յուրաքանչյուրի փոխարեն կարող էր լինել ցանկացած յուրաքանչյուր ոք, ով այդտեղ էր այդ պահին: Նրանք սովորեցրեցին հասարակությանը մի պարզ ճշմարտություն` առավելագույնը, որին ընդունակ են այս իշխանությունները, կրակելն է սեփական ժողովրդի վրա, դրանից ավելիին ընդունակ չեն:
2008-ի մարտի մեկից հետո հայաստանյան հասարակության գիտակցության մեջ տեղի ունեցավ անշրջելի փոփոխություն՝ դա հասարակական զարթոնքի, քաղաքացիական վերապրումի նոր հանգրվան էր հատկապես նրանց մոտ, ովքեր մնացին (գնացողներին չենք մեղադրում, լավ օրից չէ, որ գնացել են):
Ուսումնասիրողներից շատերը կարծես իրենց հարց չեն տալիս, թե 1998-ից մինչև 2008 քանի անգամ էր թանկացել հոսանքը, գազը, ջուրը, տրանսպորտը: Բազմաթիվ: Քանի՞ անգամ էին եղել բողոքի նման կտրուկ ակցիաներ, ինչպիսիք եղան 2008-ից հետո: Այստեղ էական չէ՝ դրանք ինչ արդյունք տվեցին, այստեղ էական է այն հանգամանքը, որ հասարակական-քաղաքական կյանքը չմեռավ:
Այն ունեցավ վերապրում: Ու շարունակվում է: Ընթերցողն իրավամբ կարող է հարցադրում անել՝ իսկ ինչու են դարձել սակավամարդ: Այդպես է, որովհետև Հայաստանն է այդպիսին մնացել: Մարտի մեկը մեկ այլ կարևոր հանգամանք ևս ունի: Այն ծառայեց լակմուս հայաստանյան քաղաքական դաշտի հաճախորդներին և մարմնավաճառներին դեմքով ճանաչելու համար:
Ինչևէ, այն օր է, որը կարծում եմ, կարևորագույնն է նորանկախ Հայաստանի պատմության մեջ՝ անկախ այն հանգամանքից, թե ինչպես կներկայացվի պատմության դասագրքերում:
Վահրամ Թոքմաջյան

0 коммент.:

Отправить комментарий