суббота, 13 февраля 2016 г.

Վերադարձ միջնադա՞ր

Չէի կարող չանդրադառնալ կրթահամալիրի կողմից մի հարգարժան խմբի մասնակցությանը փետրվարի 12-ին «Մեդիա Կենտրոնում» կայացած «Դասավանդե՞լ Հայոց եկեղեցու պատմություն 2-4-րդ դասարաններում, թե՞ ոչ» թեմայով  քննարկմանը:
Սկզբից որոշեցի մեկնաբանությամբ հանդես գալ, բայց ստացվեց բավականին երկար: Նախ պետք է ասեմ, որ տեսանյութը լրիվ չեմ նայել, քանզի համբերությունս չհերիքեց: Հատկապես տիկին Բախշյանի խոսքի ժամանակ: Հետո կարդացի տարբեր լրատվական կայքերում առկա տեսագրության սղագրությունը և հիմնական կարծիքները, որոնք ամբողջացրեցին քննարկվող թեման: Այսպես: Գանք սկզբից: Հավատ-Կրոն-Եկեղեցի եզրույթները բացարձակ տարբեր իրողություններ են և չունեն այնպիսի կապ միմյանց հետ, ինչպես ներկայացվում է հայկական իրականության մեջ: Գրելով սույն նյութը, ես կասկածի տակ չեմ դնում որևէ մեկի կրոնական համոզումները, ավելին ̀ հարգում եմ յուրաքանչյուրի կրոնական ընտրության և դավանանքի ազատության իրավունքը: Բայց սա չի նշանակում, որ համաձայն եմ, որևէ կերպ, Եկեղեցու Պատմություն անվան տակ, անհասկանալի առարկաների ներդնումը դպրոցում: Այս ամենով հանդերձ, չեմ կիսում նաև բանախոսներից տիկին Բախշյանի մտորումներ առ այն, որ մարդը ծնվում է որևէ դավանանքով: Ի սկզբանե որոշել էինք որևէ մեկի մտքերին սարկազմով չվերաբերվել, ուստի չենք կենտրոնանում այս մտքի վրա: Երբ մանկավարժությունն  ու ընդհանրապես կյանքի ցանկացած ոլորտ, որն ունի համակարգվածության կարիք, մտնում է դիլետանտության դաշտ, ունենում ենք այն, ինչ ունենք ներկայիս հայաստանյան իրականության պայմաններում: Այս առումով բացառություն չէ նաև այն հանգամանքը, որ եկեղեցին ամեն կերպ փորձում է կրթությունը վերադարձնել միջնադար: Չխոսելով այն մասին, որ նման առարկայի ներառումը և ուսուցումը օրենքի ու մարդու հիմնարար ազատությունների կոպտագույն խախտում է, գանք բուն բովանդակությանը և դրա հետ կապված որոշ խնդիրների:
Քիչ էր այն, որ այս առարկան ներառվել էր միջին դպրոցի տարիքային խմբերի համար, հիմա էլ իջնում է կրտսեր դպրոց: Աբսուրդի թատրոնն այլ կերպ չի լինում: Մի կերպ կհասկանայինք, եթե այդ դասընթացի դասավանդումն սկսվեր ՀԱՍԵ-ի հիմնադրումով կամ դրա գործունեության  անդրադառնալով, բայց 2-րդ դասարանի սովորողի համար նախ շատ բարդ է, եթե ոչ անհնար ընկալել ժամանակագրություն և դրանից բխող այլ գիտակարգեր: Սրանից խուսափելու համար, ներառվում են այնպիսի թեմաներ, որոնք վերաբերվում են հիմնականում Հին Կտակարանին: Հին Կտակարանն ընդամենը հրեաների համահավաք առասպելների և լեգենդների ժողովածուն է: Այսպիսով, ինչո՞վ է մեղավոր հայ դպրոցականը, որ մանկուց պետք է սկսի ուսումնասիրել երրորդ ժողովրդի առասպելները: Էլ ուր մնացին բարձրագոչ հայտարարություններն Ազգային դպրոցի մասին: Ի դեպ, քննարկման մասնակիցները էականորեն շփոթում էին ազգային մշակույթ և ազգի մշակույթ եզրաբանությունը: Ազգագրության, մշակութաբանության, սոցիոլոգիային, սոցիալ-մշակութային մարդաբանության և  մի շարք այլ գիտությունների մեջ վաղուց սահմանված է ազգայինի և ազգի-ի տարբերությունը: Մասնակիցները նաև նույնացնում էին քրիստոնեությունն ու բարոյականությունը: Իսկ դա արդեն չափից դուրս շատ է: Նախ, բարոյականություն ասվածը որևէ սահմանում չունի, երկրորդ ̀ անընդհատ շահարկելով այս ենթադրյալ փոխկապակցվածությունը, թյուր կարծիք է ձևավորվում առ այն, որ բարոյականությունը միայն քրիստոնեական կամ կրոնական երևույթ է, իսկ դրանով վիրավորում ենք այլ կրոններին ու հատկապես մեր նախնիներից նրանց, որոնց ժամանակ դեռ չկային այս կրոնները: Մարդկային հասարակությունը բազմաթիվ դարեր պայքարեց կրթությունն ազատականացնելու համար, սակայն ինչպես տեսնում ենք վերադառնում ենք խավարի միջնադար: Քավ լիցի, եկեղեցին ունի այնքան հնարավորություն, որպեսզի նման դասընթացներ կազմակերպի իր մոտ, ցանկացողների համար: Բայց եկեղեցին համառորեն փորձում է վերականգնել իր երբեմնի դերը, ու նորից գերիշխել մարդկանց կարծիքների վրա, ինչն իմ կարծիքով անընդունելի է: Ի վերջո, եթե խոսում ենք սովորողի ազատությունների կամ ընտրության հնարավորության մասին, այդ դեպքում, ինչու ենք բացառիկ դեր տալիս եկեղեցու ներկայացրած պաշտոնական տեսակետներին, իսկ այսպես կոչված աղանդների կամ այլ կրոնների տեսակետները ստորադասում: Սրանք հարցադրումներ են, որոնց պատասխանները կարծում եմ համապատասխան ծրագիրը հեղինակողները չունեն, այլապես նրանցից ոմանք ներկա կլինեին այդ քննարկմանը:

0 коммент.:

Отправить комментарий