четверг, 13 августа 2015 г.

Ծաղիկը

Շիրակի մարզի գյուղերում և ոչ միայն Շիրակում, բոլոր այն շրջաններում, որտեղ տարածված է եղել անասնապահությունը՚   Շիրակ, Ջավախք, Արագածոտն և այլն, ամռան հարմար սեզոնին գյուղացիներն անասուններին տանում էին ալպիական գոտիներ և մնում էին որոշակի ժամանակ: Կային տեղեր, որ մնում էին մինչև հոկտեմբեր, կային շրջաններ, որ վերադառնում էին օգոստոսին:

  Շիրակում սար գնալը կոչվում էր <<օդա>>: Գյուղացիները անասուններին բարձրացնում էին օդա կոչվածը: Սովորաբար մի մասը գնում էր ընտանիքներով: Ալպիական գոտում վրաններ էին խփում և ապրում այնքան, ինչքան եղանակը կներեր: Ու այդպես ամեն տարի:

        Աբրահամը ապրում էր Շիրակի գյուղերից մեկում: Ուներ բազմաթիվ երեխաներ ու թոռներ: Այդ շարքում էր նաև Ծաղիկը: Ծաղիկը նոր էր բոլորել ինը տարեկանը: Գեղեցիկ էր անչափ: Չգիտեմ: Երևի թե այն օրերի գեղեցկության չափանիշներով հրաշք էր: Երկար խոպոպիկները թափվում էին ուսերից ներքև, աչքերը և ունքերը մրահոն սև ու մի քիչ խոժոռ, որն էլ ավելի գրավչություն էր հաղորդում նրա սիրունիկ դեմքին: Այտերը կաս-կարմիր ու մի քիչ այրված, ինչպիսին սովորաբար լինում է գյուղի երեխաների մոտ, որոնց հիմնական հետաքրքությունը դուրսն է: Հողը, ծառը, սարը, դաշտը... Ծաղիկը նաև կամակոր էր, բայց ոչ Աբրահամ պապիկի հետ: Ծաղիկի ժպիտից Աբրահամը հալվում էր: Ծաղիկն Աբրահամի հանգուցյալ կրտսեր որդու դուստրն էր, որն այդպես էլ չվերադարձավ պատերազմից: Ծաղիկը կրտսերն էր նաև թոռների մեջ: Ժպիտը հիշեցնում էր որդուն, կոշտությունը՚  նույնպես, ամեն ինչ նրանն էր: Հայացքը, շարժումները: Աբրահամը Ծաղիկի համար չթից գեղեցիկ զգեստ էր գնել, որի վրա կային կարմիր, ալ կարմիր ծաղիկներ: Այդ զգեստով Ծաղիկի կերպարն ամբողջանում էր: Պատահական չէ նշել, որ այն օրերի այդպիսի զգեստ ճարելը հեշտ գործ չէր: Իսկ Աբրահամը դա արել էր մեծագույն գորովանքով: Ծաղիկի ծաղիկ զգեստը շարժում էր հասակակիցների նախանձը:

          Եկավ հունիսը: Հարկ էր անասունը տանել օդա: Աբրահամը հավաքեց իր խումբը, անհրաժեշտ պարագաները և գյուղի հովիվների հետ բարձրացավ սար: Նրա հետ էր նաև Ծաղիկը: Ծաղիկի համար օդա գնալը երանության նման մի բան էր: Բնության մեջ նա մենակ էր, ներդաշնակ այդ բնությանը: Երբ նա վազում էր սեփական սարերով, այո, սեփական սարերով և ավելի շուտ չէր վազում, այլ ճախրում էր, նա ազատ էր այդ բնության մեջ, ամբողջացնում էր այդ բնությունը, ինչպես կարմիր կակաչներն են ամբողջացնում սարի բնապատկերը: Նա էր այդ օրերի չթոշմող ծաղիկն այդ սարերի:

           Երեկոներն Աբրահամը նստում էր վրանի առաջ, լուռ ծխում էր իր չիբուխը ու գորովանքով նայում էր թե ինչպես է Ծաղիկը խաղում, թռչկոտում, վազվում... Դա հազվադեպ էր այն դրվագներից, երբ փոքրի աղջիկը երանություն էր ապրում: Այդ պահերին երանության մեջ էր նաև Աբրահամը: Իհարկե, դա վաղուց արդեն չէր դրոշմվում Աբրահամի խունացած և կնճռոտ դեմքին: Ի զարմանս բոլորի, Աբրահամի մազերը գլխով անցածից չէին ճերմակել:

             Հուլիսի աստաղազարդ գիշերներից մեկն էր: Գիշեր, երբ ցանկացածը ով լինում է սարում, ուզում է պարզապես պառկել խոտերի վրա, ու հայացքով սևեռվել երկնքին: Հաշվել աստղերը, հաշիվը կորցնել, նորից սկսել, ու մտածել: Մտածել երկար, ամենի մասին, մինչ միտքդ ու աչքդ ինքնաբերաբար կներդաշնակեն ու մարմնիդ հոգնությունը կանցնի: Ու ահա այդպիսի մի հանգիստ գիշեր էր: Բայց Աբրահամի սրտում մի տեսակ տագնապ կար: Չէր կարողանում քնել: Դե անկեղծ ասած շներն էլ չէին թողնում՚  հաչում էին անընդհատ: Երևի տարածքում գայլի հոտ էին առել: Նույն մտքին էր նաև Աբրահամը: Բայց շներին բաց թողնել չէր կարող, գիշերը կանայք կամ երեխաներ էին դուրս գալիս վրաններից սեփական կարիքների համար: Չգիտես ինչու Աբրահամը ներս ու դուրս էր անում վրանից, մինչ փոքր ինչ խաղաղվեց: Ծերունական հոգնություն իջավ և նա դանթեց: Ու գիշերվա մի խուլ ժամի, կատարվեց ահարկուն, զարհուրելին: Լսվեց մի ճիչ: Մանկահասակ երեխայի աղիողորմ ու խլացնող ճիչը: Աբրահամն անգամ գերեզմանից կտարբերեր այդ ճիչը: Նա միանգամից վեր թռավ, վերցրեց հրացանը և վազեց ձայնի ուղղությամբ: Աբրահամին հետևեցին նաև տարբեր վրաններից դուրս թափված ընկերները: Որոնեցին, որոնեցին երկար, մինչև լուսադեմ: Սկզբից գտան արյունոտված մի չթի կտոր: Մի փոքրիկ ծվեն, որը մնացել էր այդ նախանձ շարժող շորից: Ավելի ուշ՚  հոշոտված Ծաղիկին:
         
           Աբրահամը Ծաղիկին չտարավ գյուղ: Թաղեց հենց սարում, ալպիական ծաղիկների մեջին: Երբ բոլորը վերադառնում էին սարից, բացակայում էր Ծաղիկը, իսկ Աբրահամի գլխին ոչ մի սև մազ չկար:


Հ.Գ.
Հաջորդ տարի, նույն կազմը բարձրացավ օդա: Բացակայում էին երկուսը՚  Աբրահամ պապիկը և Ծաղիկ թոռնիկը:

Գրվել է 1996 թվականին:

0 коммент.:

Отправить комментарий