вторник, 4 августа 2015 г.

Ծաբուլը

Մեր նշանավոր փողոցում` խոսքս Կումայրու Աբովյան փողոցի մասին է, ապրում էին նշանավոր շատ մարդիկ, որոնց մի մասին արդեն անդրադարձել եմ: Աբովյան-Ռուսթավելի փողոցների հատման խաչմերուկում մի երկհարկանի տուն կա:
Գողտրիկ մի տուն, որը բազմաբնակարան է: Այն գտնվում է Ս. Նշան եկեղեցու հենց դիմաց: Տունը կրողն է այն ճարտարապետության, որը բնորոշ էր Կարսին, Կումայրուն ու էլի մի շարք բնակավայրերի: Այն գտնվում է Կումայրի արգելոցի տարածքում, ասել է թե` Հին Կումայրիում: Բացի հին ճարտարապետության կրող լինելուց, այն նաև կրողն է մի հին ցավի: Ես չգիտեմ թե դա ինչ  ցավ է, որ կա մեր փողոցի բոլոր շենքերում: Հատկապես սև շենքերում, դրանք մի տեսակ շատ լուսավոր չեն: Խոսքս պատերի մասին է: Մռայլ են: Երևի պատերի սևությունից է: Մտահոգ են, երևի մռայլությունից է:

    Հենց այդ տան առաջին հարկում էլ ապրում էր Ծաբուլը: Ի՞նչ էր նրա անունը: Ծաբուլ: Ես երբևէ չեմ էլ իմացել նրա անունը: Այսինք  ինչու՞ չեմ իմացել: Լավ էլ իմացել եմ: Ծաբուլ: Նա Ծաբուլն էր: Չգիտեմ Ծաբուլն ընտանիք ուներ թե ոչ, բայց համենայն դեպս մենակ էր ապրում: Բայց մահվանից հետո ինչ-որ ժառանգներ  հայտնվեցին: 

  Ծաբուլը մոտ վաթսուն տարեկան տղամարդ էր: Թվում էր, թե նա միշտ վաթսուն տարեկան է եղել: Մասամբ ճաղատ էր: Չնայած, երևի ենթադրում եմ, որ ճաղատ էր. հիմնականում գլխին գլխարկ էր, որին մենք ցիլինդր էինք ասում: Բայց դա ձեր իմացած ցիլինդրը չէ, ավելի փոքր ցիլինդր, մի խոսքով, այդ տարիների քաղաքաբնակները կիմանան: Չնայած, մի անգամ, 1993-ին կարծեմ, տեսել եմ նրան առանց գլխարկի: Նա միշտ գլխարկով էր: Ամառ թե ձմեռ, հիմնականում հագնում էր վերարկու, տակից` պիջակ և վիլվետից շալվար: Հագուստը գրեթե չէր փոխվում: Խորհրդային սոցիալիզմի այս վերապրուքը` պիջակ-կոստյումն էր, որ զարմացրեց հետերկրաշարժյան Կումայրիում հայտնված արտասահամանցիներին, որոնք ոչ մի կերպ չէին հասկանում, թե այսպիսի վատ պայմաններում ապրող մարդիկ, ինչպես կարող են մեծ մասամբ կոստյում հագնել: Էհ... Բացատրելն անիմաստ գործ է: Ծաբուլն ուներ բեղեր: Բարակ և կարճ: Դրանք անասելի գրավչություն էին հաղորդում այդ մշտապես ժպտադեմ մարդուն: Ժպիտի մեջ նա թաքցնում էր կնճիռները: Այո, այո: Սովորաբար ժպտալիս ի հայտ են գալիս կնճիռներ: Միջնադարյան շատ կանայք, ինչու չէ, նաև մեր օրերում, ես դրանց կուրտիզանուհիներ եմ ասում, աշխատում են չժպտալ, որպեսզի մաշկին կնճիռներ չհայտնվեն: Ու մնում են միշտ սառն ու անդուր դեմքերով, որից որևէ գրավչություն չի թափվում: Ժպտացեք, Լիդիսոնն ասում էր, որ դա է ձեզ կենդանիներից տարբերում: Իսկ Ծաբուլը ժպտում  էր: Տեսակով էր այդպիսին: Կնճիռները: Չգիտեմ ինչ էին թաքցնում կնճիռները, բայց դա երբեք, որևէ մեկին հասու չէր: Երևի թե:

    Ծաբուլը սեղանիկ ուներ: Մեկն այն բազմապիսի սեղանիկ-կոմիսիոններից, որոնք առաջացան հետխորհրդային ամբողջ Հայաստանի տարածքում: Առանձնապես շատ բան չէր վաճառում: Մաստակ, ծխախոտ, լուցկի, էն ժամանակի հայտնի կոնֆետներից չինո ու փամփիոն (անձամբ ես նախընտրում էի փամփիոնը), հյութերի փոշիներ, որոնք Յուպի էին կոչվում: Տնտեսական ինչ-որ իրեր: Այն ժամանակ շատ բան հայտնաբերել հնարավոր էլ չէր: Եվ մեր հիմնական ուրախությունը: Սապոնաջուր ասեմ, թե ինչ, չգիտեմ, փոքրիկ տարաների մեջ լցված, որոնցով օդային փուչիկներ էինք անում: Դա այն հիմնական սպառվող ապրանքն էր, որը կար Ծաբուլի մոտ: 1993 թվականին, երբ գրեթե ոչ ոք ոչինչ չուներ ուտելու և զբաղվելու, սահամանին պատերազմ էր, իսկ Կումայրիում դեռ երկրաշարժ (երկրաշարժը չի վերանում ցնցումից հետո, այն վերանում է, երբ  հետևանքն է վերանում, Կումայրիում այսօր էլ է երկրաշարժ), մենք էլ շատ զբաղմունք չունեինք: Ու հետաքրքություն փնտրում էինք որտեղ  պատահեր: Իսկ դա սովորաբար պատահում էր մարդկանց մեջ: Ի՞նչն էր առանձնացնում Ծաբուլին բոլոր մարդկանցից: 

      Ծաբուլի տան հյուրասենյակում միշտ սեղան կար դրված: Լի սեղան: Այն ինչ-որ հնարավոր էր գտնել այդ օրերին: Մրգեր, խմիչք, ձու, անգամ երշիկ: Ծաբուլը հյուրասիրում էր բոլորին: Բոլոր անցորդներին, թաղի մարդկանց ու երեխաներին: Ոչ մեկի չէր նեղացնում: Բոլորին սիրում էր: Ու բոլորն էլ նրան էին սիրում: Խորհրդավորություն կար Ծաբուլի հյուրասենյակի մեջ: Մի տեսակ անսասան լռություն ու հանգստություն: Տան կահավորանքը անգամ համեստ չէիր անվանի: Իսկ սենյակից հոտ էր գալիս` խունացած ու մենակ ապրող մարդու հոտ: Որը չի խնամվում կնոջ կողմից: Բայց դա չէր խանգարում, որ Ծաբուլի տված հացն ուտվեր: Կապ չունի թե դու ինչից կօգտվեիր: Քեզ համար էական չէր, թե դու ինչից էիր օգտվում: Կարևորը խորհուրդն ու հետաքրքրությունն էր, որ դու այդտեղ ես, այդ սեղանի շուրջ: Խմողն իր համար կգտներ օղի, որկրամոլը` ձու, երշիկ ու էլի չգիտեմ ինչ, երեխան` խնձոր: Իսկ Ծաբուլը հյուրասիրելիս միշտ ժպտում էր: Ժպտում էր մեղմիկ ու տրամադրող: Ինձ համար միշտ գաղտնիք մնաց, թե մարդը, ով չուներ միջոց անգամ ցուրտ ձմռանն իր տունը տաքացնելու, որտեղից էր միշտ ճոխ սեղան պահում համայնքի համար: 

         Ծաբուլն այդպես էլ մահացավ: Հանգիստ ու անաղմուկ: Ոչ մեկին նեղություն չտվեց: Ոչ մեկին չանհագստացրեց:

Հ. Գ.

Կարող էի նրա մասին ավելին գրել, զրուցել նրա հասակակիցների կամ ինձանից առավել տարեցների հետ, բայց ուզեցա նրան պատկերել այնպես ինչպես հիշում եմ 20 տարվա վաղեմությունից:

0 коммент.:

Отправить комментарий