суббота, 22 августа 2015 г.

Կեղծ պաթոսը և Երրորդ Հանրապետության կործանումը

Վաղը օգոստոսի 23-ն է: Որոշ լրագրողներ դուրս կգան փողոց և կսկեն մարդկանց հարցնել, թե արդյոք գիտե՞ք այսօր ինչ օր է: Մի լկստված քյառտու հումոր կանի, ասելով, որ եսօր լավ օրա, մեկ այլ` գլամուռոտ ֆեյսբուքահայուհի, որն անպայման ունի շատ անդուր լցրած շուրթեր, անիմաստ շպար ու շոգը պատճառ բռնած բաց փոր, կծիծաղի ու կհարցնի իր կողքին կանգնած նույնանման մի գոբլինի._<<Մաշուս, եսօր Էդուսիս ծնունդը չէ՞>>:  Երրորդը լուրջ դեմքով կպատասխանի._Այսօր կիրակի է: Ու լրագրողը հեգնական ռեպորտաժ կպատրաստի այդ մասին: Չեղավ, լրագրող ջան: Այդպես չի լինում: Էդ դու էլ ես մեղավոր, ես էլ եմ մեղավոր, որ այսպես է լինում: Պետք չէ տարին մեկ անգամ դուրս գալ փողոց ու ծաղրել այդ բորբոսներին: Կարիք չկա:


<<Հայոց պետականության կրողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, որն իր իշխանությունը իրագործում է անմիջականորեն և ներկայացուցչական մարմինների միջոցով՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրության և օրենքների հիման վրա>>:

Իսկ դու սա յուրացրել ե՞ս: Երիցս ոչ: Այ սա պետք է յուրացնես` քաղաքացի: Եթե իհարկե ուզում ես, որ ոչ թե օգոստոսի 23-ը դասես մեռած տոների շարքը, այլ դարձնես ապրող քաղաքացու ուղեգիր` իր ընկալումներով և հռչակագրի ոգուն համապատասխան: 

Ե՞րբ են կործանվում հայկական պետականությունները: Երբ ներսում խժդժություն է, երբ արտաքին վտանգը գերակա է, երբ եկեղեցին անցնում է բոլոր սահմանները, երբ գահակալներն ապաշնորհ են, երբ հասարակությունը, եթե կա այդպիսին, հոգնած ու զզված ամեն ինչից, նամակ են գրում ռուսաց ցարին: Ամեն ինչ կա: Բոլոր նախապայմանները տեղում են: Բոլոր բաղադրիչները` իրենց վեհության մեջ: Պաշտոնապես 30, իսկ իրականում 70-ից ավել տոկոս ծայրահեղ աղքատություն ունեցող երկրում ամեն օր եկեղեցի են կառուցում, դա այն դեպքում, երբ փարաջանովյան Հաղպատն ու Սանահինը օր օրի հողին են հավասարվում, իսկ ամենայն հայոցը Կիսլովոդսկում վաննաներ է ընդունում ու երևի հայրենասիրության տոգորից դրդված` Միլլերի փոխարեն Կիլիկիա է վայելում: 

Իսկ իշխանավորնե՞րը._Իշխանները ապստամբ, գողերին գողակից, կաշառակեր, կծծի, ժլատ, ագահ, հափշտակող, երկիր ավերող, աղտեղասեր, ստրուկներին համախոհ։
Արդիական ես Մովսես, բոլոր ժամանակների համար: Ու ինչպես ենք թաքցնում այս ամենը: Աշխարհը կանգնած է նոր վերաձևակերպումների առաջ, իսկ մենք քնած էշի ականջում պատանի երկրապահիկներ ենք բուծում: Նժդեհիկներից, վալոդիկներից ու մյուսներից դեռ չպրծած, ազգիս սերուցքը, ինչպես կասեր սովետական պոմադայով վաստակաշատ մանկավարժը, լծվել է հայրենապաշտպանության գործին: Ումի՞ց: Հարևանից, որի վիճակը պակաս ողբերգական չէ, քան քո երկրինը, Թե մեկ այլ հարևանից, որը հաստատ հային կգերադասի քրդից, բայց թե, էշն ինչ գիտի նուշն ինչ է: Ու սա անում են սովետական ֆորմայով ու սովետական, ասել է թե ռուսական կամ ցարական, ինչպես կուզեք, աստիճանակարգությամբ: Դե շարունակենք տեսնենք: Եթե ազգի կրթության ու զզվեցի արդեն այդ բառից, հայրենասիրական դաստիարակության գործը հանձնել եք անտառաճանաչ մեկին, իսկ եկեղեցի կոչվածն իր սքեմավորներով ամեն օր փորձում է մտնել դպրոց, ապա ժամանակն է վերականգնել ճիպոտի հարվածները, ըստ աստավածաշնչի չընթերցված թերթերի քանակի:

Պետությունները կործանվում են նաև այն ժամանակ, երբ երկրում տիրում է անառողջ ազգայնակությունը և յուրատեսակ այլատյացությունը: Երրորդ ռեյխը ձեզ օրինակ: Պետությունները կործանվում են նաև այն ժամանակ, երբ  միջնադարյան խավարը` ի դեմս կրոնի փաթաթում են հասարակության վզին: Միջնադարյան եվրոպան` իր հզոր պապերով ձեզ օրինակ: 

Իսկ այս ֆոնի վրա առողջ մնացածներին անխնա ծաղրում ու ոչնչացնում են, ու զարմանում ես, որ դեռ կան առողջ մնացածներ, որոնք էքստազի բարձրակետին չեն հասնում ադրբեջանցուն կամ թուրքին մեր քրֆելով կամ խորհրդավոր Նախագահ բառը շշնջալով ու երանությամբ...

Պատճառներ կարող ենք նշել ինչքան ուզեք: Բայց հարկ է անդրադառնալ հետևանքների վերացմանը: Ինչպե՞ս: Սա առանձին քննարկման ու հոդվածի թեմա է: Մոտ օրերս կխոսենք այդ մասին, կփորձենք հասկանալ, թե ինչպես կարելի է առողջացնել մահվան շեմին կանգնած հասարակությանը և խուսափել Երրորդի անխուսափելի թվացող կորստից:

Հ. Գ.

Պատանի երկրապահիկների համար: Էն որ ասում եք, ախ են երկրի հովին մեռնեմ: Երեխեք ջան, էս երկիրն ավելի հով է: Եկեք սկզբից այս երկրի հովին մեռեք, միևնույն է, եթե հեռու տնից, պուԾինը պատերազմ հրահրի, Ձեր 80 տոկոսը արտագաղթելու է:


0 коммент.:

Отправить комментарий