понедельник, 15 июня 2015 г.

Մի չավարտված բանավեճ

Я Гарегин Нжде-ն հազիվ մարսած, Հակոբ Հակոբյանի ռեժիսյուրան մի կերպ հաղթհարած հասարակությունը ընկղմվեց մեկ այլ բլոքբաստերի հուզականության դաշտ:
Խոսքս <<Թևանիկ>> ֆիլմի մասին է, որի դիտումը այսօր տեղի ունեցավ Կրթահամալիրի Մարմարյա սրահում: Նախ գանք իմ պատկերացումներից Մարմարյա սրահի մասին: Այն յուրօրինակ հրապարակ է, մշակութային կենտրոն, որն իր մեջ խտացնում է որոշակի մշակութային վիճակ: Ուստի, ամեն ինչ չէ, որ պետք է հայտնվի Մարմարյա սրահում:  Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին փուլում, հայ ռեժիսյորների մի զգալի մասը նախ որոշում է շտկել պատմությունը յուրովի, ապա դառնում է լեզվաբան, իսկ վերջում էլ սցենարիստ, երաժշտական մոնտաժող ու վերջում, երբ ժամանակ է մնում, նոր սկսում է զբաղվել ռեժիսուրայով, ուստի, հետայսու, ես ինձ հռչակում եմ կինոքննադատ: Նախապես կուզեմ նշել, որ ֆիլմը մինչ օրս չէի տեսել, ստեղծագործական անձնակազմից որևէ մեկի հետ ծանոթ չեմ եղել, հետևաբար անհատական որևէ մոտիվացիա չկա:

        Գանք հերթով: Հանդերձանք ու պարագաներ:
Ֆիլմի հենց սկզբում, մենք տեսնում ենք կենցաղային պարագաներ և հագուստի տեսակներ, որոնք մեր միջավայրում հայտնվել են շատ ավելի ուշ: Համեստ ակնդրիս կարծիքով, եթե պատկերում ես որոշակի պատմական ժամանակահատված, ապա պետք է նախ և առաջ հաշվի առնես կենցաղային մանրուքները, որոնք պայմանավորում են այդ փուլը: Նյու Յորքի ավազակախմբերը ֆիլմի ռեժիսյոր Մարտին Սկորցեզեն խիստ քննադատության արժանացավ այն բանի համար, որ տեսարաններից մեկում, շուկայում պատկերել էր բանան, այն ինչ, այդ փուլում, Հյուսիսային Ամերիկայում դեռևս բանան չկար: Ռեժիսյորը համեստորեն ընդունեց իր մեղքը: Բայց հայկական միջավայրում մենք գործ ունենք ամեն ինչի տիրապետող ասերի հետ: Ֆիլմում, դիրքերում` մարդիկ ուտում են շոթա, լոշտակ կամ այլ տեսակի նորամուծ հացեր: Տեսարանն ամբողջացնելու համար պակասում էր միայն Միստր Գիռոսը: Փաստավավերագրական կադրերից գոնե ծանոթ ենք, որ այդ փուլում, եթե անգամ սև հաց էր հանդիպում, ապա երջանիկ դիպված էր համարվում: 1990-1991թթ. իրադարձությունները պատմող դրվագներում, երբ մերոնք կռիվ էին գնում Մաուզերով, որսորդական հրացանով, անգամ Տիրի հրացանով, չգիտես որտեղից, բոլորի ձեռքին կա թարմ Կալաշնիկով ավտոմատ: Այսպիսի կիքսեր ինչքան ուզեք:
      
        Ֆիլմի ասելիքը և լեզուն
Անկեղծ ասած, ես մինչև վերջ նայեցի, Ղարաբաղի բարբառն էլ քիչ թե շատ հասկանում եմ, բայց այդպես էլ չհասկացա թե որն է ֆիլմի ասելիքը: Ռեժիսյորի պնդմամբ, ֆիլմում տեղ է գտել Ստեփանակերտի բարբառը, բայց մեզ ֆիլմի սկզբում պատմում էին, որ այն ինչ-որ գյուղի պատմություն է: Բարբառ ասելիս, առավել ևս բարբառով ֆիլմ նկարահանելիս, ես հասկանում եմ, որ այն լավագույնս պետք է արտացոլի այդ փուլի ազգագրական միջավայրը, սովորութային վիճակը, ֆոլկլորը և այլն: Ի՞նչ կապ ունի Ստեփանակերտի բարբառը գյուղի իրադարձության կամ էթնոմիջավայրի հետ: Սա նույնն է, որ ֆիլմ նկարենք Վանաձորի մասին, բայց ֆիլմում խոսեն Շիրակի բարբառով: Ռեժիսյորի այն հարցադրմանը, թե որն է Ղարաբաղի բարբառը, պատասխանեմ հրապարակային` դա հայոց 8 ՊԱՇ (Պատմաազգագրական շրջան)-երից մեկի` Արցախի բարբառն է: Չկա նման հասկացություն` Ստեփանակերտի բարբառ: Ավելին, եթե անգամ ընդունենք որ կա Ստեփանակերտի բարբառ կամ այն փոխարինենք Ստեփանակերտի խոսակցական եզրույթով, բարբառային լուծումն էլի չի հաջողի, քանզի դերասանների մեծագույն  մասը դրան չէին տիրապետում և շատ դեպքերում հասկանլի չէր, թե ինչ լեզվով էին խոսում: Ավելին, հանդիսատեսի մեծագույն մասը ոչ թե լսում էր ֆիլմը, այլ փորձում էր սյուժեն կռահել անգլերեն տիտղոսագրերով: Իսկ սփյուռքահայ հրամանատարի խոսակցականն այս պարբերության կուլմինացիան էր: Մեկ խոսում էր ախալքալակցու ոճով, մեկ փոխում էր ամերիկահայի երանգ, մեկ խոսքի մեջ ի հայտ էր գալիս կումայրեցու շեշտադրումներ, այնպես որ, այդպես էլ չհասկացանք, թե հրամանատարը, որի նախատիպը կարծես թե Մոնթեն պետք է լիներ, որտեղից է գալիս և ուր է գնում:

       Պատմական փաստ.
Սա ֆիլմի ամենացավալի դրվագներից մեկն էր: Ռեժիսյորի պնդմամբ այստեղ շաղախված էին պատմական տարբեր փուլերի իրադարձություններ և դիպվածներ: Ես, որ գոնե քիչ թե շատ տիրապետում եմ այդ փուլին, միայն մեկ բան հասկացա, որ ֆիլմը պատմում է 1990-1991թթ. ծանրագույն վիճակի, ԽՍՀՄ փլուզման փուլի և Արցախում բուն ռազմական գործողությունների մասին: Բայց եթե փորձել էին պատկերել նաև 1993-ի կամ 1994-ի դեպքերը, ապա ուր էր արդեն կանոնավոր բանակը, ռազմական իրավիճակի հստակ նկարագիրը և այլն: Չի կարելի այսպես աղաղավաղել իրականությունը և հայտարարել, որ ես ռեժիսյոր եմ և դա իմ ազատությունն է: Հիմա ի՞նչ: Ես էլ Հալիձորի բերդում Դավիթ Բեկ պատմեմ ու ասեմ` ես Մխիթար Սպարապետն եմ: Պատմաբան եմ և դա իմ ազատությունն է: Իսկ թե պատմական տեսանկյունից ո՞րն էր ասելիքը: Որ պատերազմ է եղե՞լ: Գիտենք և գիտեն: Ուրի՞շ:

        Ժան Կոլդ Վան Դամ
Դուռը թակում են: Ապարանցին հարցնում է ով է՞: Դրսից մեկն ասում է Ժան Կլոդ Վան Դամը: Ապարանցին ասում է, թողեք փախեք, թե չէ ելել եմ, գիտեմ էդ չորսիդ էլ ինչ կանեմ: Հիմա: Երբ Հայաստանում 1990-ականների սկզբներին մշակութային վակում էր, նորմալ էր այդ վակումը հնդկական ֆիլմերով կամ յոթանասունականների մարտաֆիլմերով լցնելը, որտեղ հերոսը օդի մեջ հետ տված կադրով մի հիսուն պտույտ է գործում ու էդ ընթացքում մի հարյուր հոգու սպանում է: Բայց երբ նկարում ես ֆիլմ, այն էլ իրական պատերազմի մասին, կարծում եմ չարժէ ժանգոտած հնարքներ կիրառել, որոնցից վաղուց, ոչ մի լուրջ կինոարտադրող չի օգտվում:
      
      Ֆիլմի կուլմինացիան
Տնփեսա և Ֆուլ Հաուս սերիալների դիտողականությունը ուղիղ համեմատական էր Կորյուն Անուշավանիչի կնոջ և Լիկայի զգեստի կարճությանը: Մի պահ ենթադրենք, դահլիճը կլանված ֆիլմ է նայում, որը պատմում է իր հերոսական անցյալի մի դրվագի մասին: Ֆիլմի հերոսը` պատանին, պատրաստվում է վրեժ լուծել իր հրամանատարի մահվան համար:  Հետապնդում է շուն ոսոխին, պահը հասել է: Հիշում է հրամանատարի խորհուրդը._ճզմիր, երբ նա ափիդ մեջ է: Պատրաստվում է վերջին և միակ գնդակը մխրճել դավադիր ոսոխի սիրտը ու այստեղ...  Պարզվում է, որ ոսոխը ոսոխ չէ, այլ ոսոխուհի: Որինը սիրտ չէ, այլ կրծքեր և որը ֆիլմի կուլմինացիոն պահին մանրակրկիտ կերպով հանում է իր ներքնազգեստը: Ու սա էլ բավական չէ, հետո նույն հետևողականությամբ հագնում է այն: Հասկանալի է, այս կերպ մատուցվում է ուկրաինուհի վարձկան դիպուկահարուհիների աշխատանքը: Հանճարեղ է:


     Մի քիչ լուրջ
Չգիտես ինչու (ես գիտեմ ինչու), մեզ ամենից շատ հետաքրքում է մեռնող հայը, տառապող հայը, բռնաբարվող հայը, սպանող հայը, քֆուր տվող հայը: Հասկացանք, եղել է Ցեղասպանություն, եղել է պատերազմ: Գիտենք: Բայց պատերազմի արդյունքում ապրող ազատ արցախցու մասին ով պետք է ապրի: Ի վերջո պատերազմը միջոց է, ապրելը` արդյունք: Ապրելն է նպատակը, որ պետք է լուսաբանվի:
Հ. Գ.
Էհ, Ֆռունզիկ, Ազատ Շերենց, Փափազյան, Մալյան և մյուսներ: Գալյա Նովեց, գայիր էլի, բարբառ սովորել սովորեցնեիր:

Հ. Գ.
Էվտերպա և Մելպոմենա: Վերադարձեք խնդրում եմ: Կամ աղաչեք Ապոլլոնի գութը նվաստներիս հանդեպ:



0 коммент.:

Отправить комментарий