воскресенье, 3 апреля 2016 г.

Վիճակը նետված է

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, լրջագույնս սրացան հարաբերությունները հայ-ադրբեջանական շփման գծում: Բնական է, որ կողմերից յուրաքանչյուրը մեղադրելու մյուսին: Չխորանալով սույն մանրամասների մեջ, փոքրիկ ակնարկ կատարենք նախապատմությանը և հնարավոր զարգացումներին ու քայլերին:


Բազմիցս պնդել եմ միտքն առ այն, որ այս կոնֆլիկտը ոչ հային է, ոչ էլ ադրբեջանցունը: Այն ստեղծվել է Ցարական Ռուսաստանի կողմից, խորացվել բոլշևիկյան կարգերի օրոք և այս տեսքի բերվել ժամանակակից Ռուսաստանի կողմից: Անցնող 26 տարիների ընթացքում, Ռուսաստանի արած միակ քայլը եղել է վիճակն ապակայունացնելը: Սրանից զատ, այդ պետությունը, իր այսպես ասված դաշնակցին` Հայաստանին, փաստացի մղել է լիարժեք մեկուսացվածության դաշտ, ստիպելով միջազգային հանրությանը Հայաստանին դիտարկել որպես ռուսական կցորդ: Դե իսկ հայ-ադրբեջանական հասարակության ուղիղ երկխոսությունը և հարաբերությունների հարթումը մշտապես կանխվել է այդ երկրի հատուկ ծառայությունների կողմից: Այժմ, առավել քան երբևե 1994-ից հետո, վիճակը նետված է:

Ինչի՞ց սկսվեց ամեն ինչը

Վաշինգտոնում կայացած միջուկային անվտանգության խնդիրների շուրջ հրավիրված միջազգային քննարկումներին Ռուսաստանը չմասնակցեց: Հայաստանի և Ադրբեջանի նախագահները փորձեցին ինքնուրույնության իմիտացիա ստեղծելով, տարբեր բանակցություններ վարել, որոնց ժամանակ էլ տեղի ունեցան այս իրադարձությունները: Սրան գումարենք այն հանգամանքը, որ վերսկսվել էին ՀՀ-ԵՄ բանակցային գործընթացները: Այս ամբողջ ընթացքում, վարելով իր բիզնես ծրագրերը, Ռուսաստանը զինել է Ադրբեջանին, իսկ պատից կախված հրացանը, գոնե տարին մեկ անգամ կրակում է: Դե իսկ Հայաստանն էլ, որքան էլ ցավալի է, տեղ է զբաղեցնում աշխարհի ամենառազմականացված երկրների թոփ եռյակում: Կոնֆլիկտի նման դրսևորումները ռուսական կողմից ցուցադրումն էր աշխարհին այն բանի, որ այս տարածաշրջանի տերը մենք ենք: 

Միջազգային հանրություն

Ուշադիր հետևելով լրահոսին, մենք տեսնում ենք, որ ամենատարբեր միջազգային կառույցները և միջնորդ երկրներն ասում են այն, ինչ ասել են 22 տարի և որևէ արդյունքի չեն հասել: Աշխարհի ուժեղները, սովորաբար խնդիր ունեն ունենալու աշխարհում թեժ կետեր, որպեսզի պահեն իրենց գերակայությունն այսպես ասված երրորդ աշխարհի նկատմամբ: Հենց իրավիճակը Ղրիմում և Սիրիայում մասնակի կայունացավ, այդ կետը տեղափոխվեց Կովկաս, որը պատրաստի վառոդով լի տակառ է, ցանկացած նման դեպքի համար: Կարող է լինել նաև մյուս ասպեկտը. միջազգային հանրությունն արդեն հոգնել է այս իրավիճակից և կարող է կողմերից մեկի առավելությունն  օգտագործել հարցին վերջնական լուծում տալու համար: Սա իհարկե, ամենանախընտրելի տարբերակը կլինի երկուսիս համար էլ:

Հայաստան և Ադրբեջան
Մեծ հաշվով, այս ամենն արդյունք է երկու կողմի իշխանությունների վարած ապաշնորհ և եսասեր քաղաքականության: Բայց կա այն, ինչ կա: Չի բացառվում, որ անելով այս քայլը, Ալիևը գնում է Սահակաշվիլու ուղով: Մեծ հաշվով, բացի Ղարաբաղի միջոցով սեփական քաղաքացիների շրջանում հայրենասիրական պաթոս պարտադրելուց, Ալիևն այլ հարց չի լուծում: Ինչքան էլ բախտախնդիր լինի այդ անձը, փաստը մնում է փաստ` նա գիտակցում է, որ իր երկրի զարգացման մեծագույն խոչընդոտը հենց Արցախյան հարցն է: Նույնը նաև Հայաստանում: Սակայն մեծ հաշվով, պատերազմը, երկու կողմին էլ ձեռնտու չէ, հատկապես հաշվի առնելով երկու երկրների խայտառակ սոցիալական վիճակը:

Այս համատեքստում խոսել խաղաղասիրական ջանքերի մասին, առնվազն աբսուրդ է, քանի որ, որոշ բացառություններով, երկու երկրների հասարակությունները մեկ օրում լծվեցին միասնականության և միայն թշնամու տեսնելու գործին:

Երկար պատերազմ բացառում ենք, որովհետև որևէ մեկը չունի այդ իրավունքը, տրված միջազգային հանրության կողմից: Ինչ կատարվում է, կատարվելու սեղմ ժամկետներում և խիստ ցանկալի կլինի, որ այս դեպքում գոնե առավելություն ստանա հայկական կողմը:

Տարածաշրջան

Ռուսաստանն այս խնդիրը օգտագործելու է իր դիրքերն էլ ավելի ամրապնդելու ու այսպես ասած միակ միջնորդ հանդես գալու: Արևմուտքը փորձելու է Ռուսաստանին դուրս մղել այս խնդրից ու տարածաշրջանից, ինչին ձգտում է արդեն 2 հարյուր տարի: Իրանը, ինչպես առաջին պատերազմի ժամանակ, պահելու է կոռեկտության բոլոր կանոնները: Թուրքիան հոխորտալու է անընդհատ, բայց եթե անգամ հայ-թուրքական սահմանին չլինեն փշալարեր ու ռուսական զորք, այն մեկ քայլ անգամ չի կատարի: Այստեղ մնում է միայն օգնության խնդիրը: Իհարկե, Թուրքիան, փորձելու է ոչ բացահայտ, զենքով ու վարձկաններով կամ հատուկ խմբերով օգնել Ադրբեջանին: Իրանի տարածքով դա անելը բացառում ենք: Միակ ճանապարհը մնում է Վրաստանը: Այստեղ կարևոր է Վրաստանի պահվածքը: Վրաստանի համար թերևս ամենախելամիտ լուծումը կլինի հանդես գալ հայտարարությամբ, համաձայն որի փակում է իր տարածքը ցանկացած ռազմական տեխնիկա և զորք անցկացնելու համար:

Ի՞նչ անել
Խուճապի չտրվել: Սա կարևորագույնն է: Հանդես բերել առավել զսպվածություն` չբացառելով հաշտության և ուղիղ երկխոսության որևէ հույս: Այս ամենի սպառման պարագայում մեծագույն կերպով օգտագործել առկա փաստերը և սփյուռքի հնարավորությունները: Այս փուլում չափազանց կարևոր է սփյուռքի ֆինանսական և մարդկային ռեսուրսների աջակցությունը և ճնշումը այն երկրների կառավարությունների վրա, որտեղ կա քիչ թե շատ կայացած հայկական համայնք: Վերջին հաշվով, ստեղծել սփյուռքի կողմից ճնշման իմիտացիա հայկական իշխանությունների վրա, Արցախի անկախությունը ճանաչելու հարցում: Սա իհարկե, կարող է բերել անկանխատեսելի հետևանքներ: Իհարկե, մեզ համար ցանկալի կլիներ, կարճաժամկետ պատերազմում առաջ տալ դիրքերը, հասնել ցանկալի արդյունքի, և կնքել վերջնական հաշտության պայմանագիր, սակայն նման իրավիճակում, այդ ելքը չափազանց մշուշոտ է:

Մեծ հաշվով, եթե չլինի պետական մեծագույն դավաճանություն, մենք ուզենք էլ, սխալվելու հնարավորություն չունենք:

0 коммент.:

Отправить комментарий