Մարտի 8-ից տրվեց մեկնարկը գրպանահատության մի ծեսի, որը մեզանում կոչվում է Կանանց միամսյակ:
Ամեն դեպքում, մարտի ութից մինչև ապրիլի յոթն ընկած ժամանակահատվածը նվիրվում է կանանց, ամենատարբեր միջոցներով: Այս ընթացքում, իհարկե, համացանցը ողողված է տափակ ու ոչ տափակ հումորներով, ամեն տեսակ ճշմարտացի պատումներով, իսկ վաղվանից կսկսվեն միմյանց կեղծ շնորհավորող ու մտքում ծաղիկների գներն անիծող իրավիճակները: Թողնենք այս թեթև կենցաղայինը և անցնենք բուն օրվան կամ տոնին, ինչպես կուզեք:
Նախ՝ այս տոնի, կամ ի սկզբանե ոչ տոնի գաղափարը մատուցվում է խեղաթյուրված: Այն չի եղել տոն, այլ Կլարա Ցետկինի և Ռոզա Լյուքսեմբուրգի թեթև ձեռքով դարձել է կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օր (ի դեպ, Իսրայելում կա Տղամարդկանց իրավունքների պաշտպանության կազմակերպություն), այն հետո է դարձել տոն` առավելապես սոցիալիստական ճամբարի երկրներում: Տոն դառնալով ձևով, դեռ չի նշանակում, որ այն տոն է դարձել բովանդակությամբ: Այստեղ պետք է հաշվի առնել հատկապես այն հանգամանքը, որ շատ տոներ բռնի կերպով են մտցվել հասարակության գիտակցության մեջ, հատկապես խորհրդային փուլում: Վերջին շրջանում կարծես մի կերպ ձերբազատվում ենք Փետրվարի 23 կոչվածից, բայց Մարտի 8-ը համառորեն իր դիրքերը չի զիջում: Անկախություն ձեռք բերելուց հետո, երբ խմբագրվում էր ամեն ինչ, կարծես թե սա նույնպես խմբագրվեց և բերվեց Ապրիլի յոթը (չար լեզուններն ասում էին, որ այդ օրը Տեր-Պետրոսյանի մոր ծննդյան օրն է, բայց, կարծում ենք, պատահական համընկնում է): Ապրիլի յոթն էլ մի ուրիշ պատմություն է, որին կանդրադառնանք ստորև:
Կլարան և Ռոզան ընտրեցին մարտի ութը, ինչո՞ւ: Պատմաբանները ներկայացնում են երկու հիմնական լեգենդ. Դրանցից մեկն համընկնում է հրեական Պուրիմ տոնին, որը կապվում է մարդասպանության զանգվածային դեպքերի հետ: Այդ տոնով հրեաներն իրենց շնորհակալությունն են հայտնում Էսֆիր թագուհուն, որը կարողացավ համոզել Քսերքսես արքային ոչնչացնել կամ հրեաներին իրավունք տալ ոչնչացնելու իրենց թշնամիներին: Ինչպես տեսնում եք, այս տոնի մեջ մի քիչ արյուն կա: Մյուս տարբերակը, կիսալեգենդային, նույնպես հրեական է: Եգիպտական զորքերը պաշարել էին հրեական քաղաքները: Բնակիչներն այլևս չէին դիմանում: Հրեա կանայք գնացին եգիպտացիների մոտ, հանձնվելու իմիտացիա ստեղծեցին և տրվեցին նրանց ամբողջ գիշեր: Առավոտյան հրեական զորքը հարձակվեց ընդարմացած եգիպտացիների վրա և կոտորեց: Սա էլ մի տեսակ գեղեցիկ չէ, որպես այս գեղեցիկ ներկայացվող տոնի հիմնավորում: Կա նաև հռոմեական ծագման ավանդույթ, բայց, ինչպես տեսնում ենք, որևէ մեկը կապ չունի ներկայիս ընկալումների հետ:
Հասկանալի է, որ հայ հասարակությունը, ըստ որոշ սոցիոլոգիական հարցումների, լինելով ամենադժբախտ հասարակություններից մեկը, տոն է տենչում: Սակայն այստեղ խնդիրը և՛ սոցիալական մատուցման, և՛ մոտեցումների դաշտի մեջ է: Երկու դեպքում էլ տոնը չի կայանում կամ եթե անգամ կայանում է, ապա մի փոքր խմբի համար: Խնդիր է նաև սոցիո-նորմատիվ ասպեկտում առնչակցությունների բնույթում: Երբ տեսնում ես այդ օրերին շողացող իգական սեռի ներկայացուցիչներին, ակամա մտածում ես, թե տարվա ընթացքում որքան կտտանքների են ենթարկվել, որ այսօր սպասում են շնորհավորանքների: Այստեղ մեծ դեր է խաղում ինքնախաբեության գործոնը: Իսկ խորհրդային հիշողությանն անդրադարձանք վերը:
Սակայն մեկ բան է զարմանալի. նոր սերունդը, որը չի տեսել խորհրդային երկիր, ինչպե՞ս է կարողանում պահել ու գուրգուրել այդ հիշողությունը: Սա մի բան կարող է նշանակել, որ նրան փոխանցում են այդ հիշողությունը, իսկ եթե փոխանցում են, ուրեմն անկախությունը միֆ է:
Գալով Ապրիլի յոթին, փաստենք, որ ապրիլի առաջին շաբաթը համընկնում է Եկեղյաց գավառի Երիզա ավանում Անահիտի պաշտամունքային և մեծարման շաբաթի հետ: Ինչպես գիտենք, Անահիտը մեզանում եղել է Մայրության և պտղաբերության աստվածուհին ու եթե դիտարկենք այս առումով, ապա այն ավելի շատ տոնական է և հիմնավորված՝ որպես Ապրիլի 7, քան Մարտի 8-ը:
Բայց անահտական պաշտամունքի դրվագներն էլ հարամ է անում Ստրաբոնը՝ նշելով, որ հայերը, ինչպես աշխարհի շատ հին ժողովուրդներ, ունեցել են հետերիզմի (հետերիզմ կամ սրբազան պոռնկություն, հին աշխարհի շատ ժողովուրդներ իրենց պաշտելի աստվածուհուն նվիրված տոների օրերին շնանում էին նրա տաճարում կամ մոտակայքում և հետո ավելի պատվաբեր էր ամուսնանալ այն աղջկա հետ, որն իր անմեղությունը նվիրել էր տվյալ աստվածուհուն) ծես, որը հենց ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում է նշվել: Հավատա՞նք Ստրաբոնին, թե՞ ոչ, թող յուրաքանչյուրը որոշի:
Ամփոփելով կարող ենք ասել, որ շատ ավելի լավ կլիներ, եթե հասարակության մեջ հարաբերությունները կառուցված լինեին այնպես, որ ձևական տոների և գրպանահատության ծեսերի կարիք չզգացվեր:
Վահրամ Թոքմաջյան
In hộp quà tặng, Công ty in offset, Xưởng in offset, In sổ tay bìa da
ОтветитьУдалить