Հայտնի փաստ է, որ մենք` հայերս, փորձում ենք բացառիկ երևալ ամեն ինչում: Դրա վառ արտացոլումներն են կենցաղային բազմաթիվ ասացվածքները և զավեշտի հասնող դրվագները: Մենք հատկապես բացառիկ ենք բացասական իրավիճակներում: Թաղումներ, բռնություններ, վերջապես` Ցեղասպանություն: Համաձայն եմ: Ողբալու առումով մեզ հավասարը դժվար թե գտնես:
Պարզվում է՝ ազգային խառնվածքի այս հիմնական գիծը փոխանցվել է «ամենաազգային» ու «ամենաավանդական» կուսակցությանը` Դաշնակցությանը: Դա է վկայում նրա կարկառուն ներկայացուցիչներից մեկի հայտարարությունն առ այն, որ նրանց ձերբակալությունից հետո ՀՀ-ում քաղաքական բանտարկյալներ չկան: Անկեղծ ասած՝ աբսուրդի թատրոնն այլ կերպ չի կարելի պատկերացնել: Նախ՝ գանք սկզբից, որ իննսունականների սկզբին Դաշնակցության որոշ անդամների ձերբակալություններն ունեին քաղաքական հիմք այնքանով, որքանով որ փորձում էին զինված ահաբեկչության միջոցով գալ իշխանության: Նման դեպքում, իհարկե, պետք է ձերբակալվեին: Այդ փուլում, ինչպես և հետագայում, Դաշնակցությունը չուներ հասարակության քվեն: Հիշել անգամ չենք ուզում, թե 1991 թվականին Դաշնակցության թեկնածու` հայտնի դերասան Սոս Սարգսյանը քանի տոկոս ձայն հավաքեց: Դաշնակցության այդ փուլի գործելոճը միշտ էլ ասոսացվում է բոլշևիկյան տեռորի հետ: Առանձնապես տարբերություն չկար, Լենին պապիկի ու այդ փուլի դաշնակցականների գործելաոճի մեջ: Սակայն, ի տարբերություն նրանց, Լենին պապիկը հաջողեց: Իսկ Դաշնակցությունն, ինչպես միշտ, չհաջողեց: Դե գիտեք, մահափորձերն այս կուսակցության դեպքում մնում են մահափորձեր: Մեկ անգամ նրանց բախտի քամահրանքով պետություն վստահվեց, այն էլ վեց օրում 70.000 քկմ-ից թողեցին 12.000 քկմ: Փաստերը բազմաթիվ են: Չենք ծանրաբեռնվի այլ դրվագներ մեջբերելով: Այստեղ ավելի շատ զավեշտական է ընկեր Ռուստամյանի հայտարարությունը: Պարզվում է՝ ընկեր Ռուստամյանն ընդունում է, որ փորձում էին զինված հեղաշրջում իրականացնել, բայց, միևնույն ժամանակ, իրեն համարում է քաղաքական բանտարկյալ, ու դա դեռ քիչ է, հայտարարում է, թե եթե կարիք լինի, նորից կանի նույն բանը: Կիսալուրջ երկրներում, այս հայտարարության հետ կապված, համապատասխան մարմիններն արդեն իսկ քննություն սկսած կլինեին: Բայց թե Հայաստանն ո՜ւր, կիսալուրջն ո՜ւր: Ամեն դեպքում:
Հայաստանում եթե անգամ իննսունականներին եղել են քաղաքական բանտարկյալներ, ապա դրանք հաստատապես չեն եղել դաշնակցականներ, իսկ այն, որ քաղաքական բանտարկյալների համակարգն իր ձևավորումն ունեցավ երկրորդի` Վոինի իշխանության տարիներին, իսկ վերջնականապես կայացավ երրորդի` ներկայինիս իշխանության օրոք, դա պարզ է անգամ պատմության հետ փոքր-ինչ առնչվող դպրոցահասակ երեխաներին: Այստեղ կարող ենք միայն մեկ փոքրիկ խորհուրդ տալ, գիտակցելով հանդերձ, որ խորհուրդ տալն անշնորհակալ գործ է: Որպեսզի Դաշնակցությունն ավելի շեշտի իր քաղաքական հալածյալի բացառիկ դերն ու նշանակությունը, թող ավելի լավ է հղում անի 1912 թվականին, Ցարական Ռուսաստանում տեղի ունեցած «Դաշնակցության գործին» և հայտարարի, որ մեկ դարից ավելի է արդենմաշխարհում, բացի դաշնակցականներից, այլ քաղաքական հալածյալներ չկան: Ի վերջո՝ 125-ամյա կուսակցությանը չի սազում, ինչ-որ 20 տարվա հալածյալի պատմություններ հիշել, իսկ այ 100 տարին բոլորովին այլ որակ է:
Վահրամ Թոքմաջյան
0 коммент.:
Отправить комментарий