четверг, 4 июня 2015 г.

Քարդաշյանից եվրատեսիլ կամ ինչպես դառնալ զոմբի

Այն, որ տեխնոլոգիաները, հատկապես տեղեկատվական, մեծապես ազդում են հասարակության մտածելու, ընկալումների և պատկերացումների վրա, կարծես թե վաղուց գաղտնիք չէ: Դա հատկապես ակնառու է մեր օրերում: Նախորդ` Ֆեյսբուքը և հայրենասիրությունը հոդվածում մասնակի անդրադարձել եմ այս խնդրին: 
  Այժմ փորձենք ավելի որոշակիացնել ասելիքը: Վերջին հարյուր տարում, տեղեկատվական տեխնոլոգիաները զարգանում են կայծակնային արագությամբ` գործիք դառնալով գրեթե բոլորի ձեռքին: Մեկը այն օգտագործում է ինֆորմացիայի համար, մեկ ուրիշը` իշխանություն ունենալու, երրորդը` ունեցած իշխանությունն ամրապնդելու և այսպես շարունակ: Չեմ հոգնում կրկնել այն միտքը, որ դեռ Լենին պապիկն էր այն ժամանակ հասցրել ընկալել այս երևույթի կարևորությունը և կինոն վերցրեց լիակատար վերահսկողության տակ: Դա դեռ այն  ժամանակ, երբ մի սպիտակ սավան էր ու մի մեծ սարք, որը մարդիկ անընդհատ պտտում էին: Այսօրվա առաջընթացն իհարկե լենինի փուլի հետ չես համեմատի: Սակայն մտածողությունը և կիրառելու արվեստը մնացել է նույնը, գործիքներն են տարբեր:
     
      Օրինակ որոշ տեսաբաններ պնդում են, որ 11.09.2001 դեպքերի իրական հեղինակները ԱՄՆ այդ օրվա իշխանություններն էին, որոնք փորձում էին շեղել հասարակության ուշադրությունը տնտեսական խնդիրներից, ինչը նրանց հաջողվեց և համաշխարհային տնտեսական ճգնաժամը կարողացան հետաձգել մի քանի տարով` պատասխանատվության տակ դնելով հաջորդ վարչակարգին: Բայց ես նման խնդիրների մասնագետ չեմ, ուստի դիլետանտությամբ չեմ զբաղվի:  Սակայն ստիպված եմ նաև փաստել, որ Մայքլ Մուրը, իր հայտնի <<9.11 Ֆարենհեյտով>> ֆիլմից հետո, ստիպված էր աստանդական դառնալ, փախչելով ժողովրդավար ԱՄՆ իշխանությունների բարեսրտությունից:
     
        Գանք մեր ոչխարներին: Ես չեմ խոսի այնպիսի պաթոսային բաների մասին, ինչպիսին է եթերը է նաև կրթող է, պետք է ձևավորի մշակութային ճաշակ և այլն: Այս խնդիրները, գոնե վերջին երկու տասնամյակում դրված չեն եղել մեր եթերի կամ այլ տեղեկատվական տիրույթների հիմքում: Իսկ ամենաունիկալն այս առումով ինչպես միշտ Հանրայինն է: Հենց որևէ կրթական բաղադրիչ ունեցող հաղորդաշար հաջողում է, հանրայինը արագ մաքրում է եթերը դրանից:
     
               Հայաստանյան հասարակությունն  այսօր խոր ճգնաժամի մեջ է: Այդ ճգնաժամն առկա է կյանքի բոլոր ոլորտներում` հասարակական, սոցիալական, տնտեսական, քաղաքական, մշակութային, կրթական: Թվում է թե, նման հասարակությունը պետք է որ վաղուց ընդվզած լիներ ու փորձեր փոխել ինչ-որ բան, ինչ-որ մի տեղ: Բայց հենց այստեղ է, որ օգնության է գալիս ամենազոր մեդիան ու ամենակարող եթերը: Թեմա` անընդհատ կա: Ինչքան ուզեք: Հասարակությունը (եթե այդ բառը ճոխ չի հնչում այսօրէական զանգվածի համար), մի տեսակ դարձել է ամենակեր: Ինչ տալիս են, դա էլ ուտում է: Սխալ չհասկանաք: Ուտելու համար նախատեսված գլխավոր ուտելիքը` հաց, չեն տալիս: Փոխարենը տալիս են ինչ ուզեք ու ինչքան ուզեք, միայն թե մտավոր` գեղագիտորեն հարուստ սնունդ: Այն է ` քարտաշյան, եկեղեցի, տաքսու վարորդ, պարիր, եթե գյաբռլամիշ չես լինի, երգիր, եթե ղառղառներին հաճո է, շամշյան, մտահոգ դեմքով սուր անկյուն, խլեշաց գոտի, the voic of երևան և այլն: Ու այս ամենը ամեն ինչի մասին է և միաժամանակ ոչնչի: Բոլորը զբաղված են դոնքիշոտությամբ, աջ ու ձախ կտրում ու խարազանում են, բայց ոչ մեկ իրականին` չարիքի իրական աղբյուրին չի անդրադառնում: Զգոնության կոչի նշյուլ, սթափվելու հորդոր, գոմաղբը մաքրելու միջոց. այս ամենն ի սպառ բացակայում է:

       Փոխարենն ինչ է տեղի ունենում: Հասարակությունը զոմբիանում է. թողած իր իրական խնդիրները, կենսական պահանջները, որոնց չբավարարվածությունը ի վերջո կհանգեցնի այս հասարակության կորստին, այդ տարասեռ զանգվածին հուզում է լիկայի յուբկայի կարճությունը, ռուսական կամ ուկրանիական ինչ-որ ճ կարգի հեռուստաալիքում, հայերեն բառ չիմացող բայց յան վերջավորությամբ ինչ-որ մեկի բեմ դուրս գալը, քարդաշյանի զուգարան գնալը, իտալացու ձեռք քցելը եվրատեսիլի հայ մասնակցին, շմայսի բռնաբարելու փորձերը, ինչ-որ գեներալ-ծաղրածուի միմոսությունները, մերիի շլյապան, ինչ-որ մի նորելուկ դերասանի տարեց կանանց հետ ունեցած հարաբերությունները և այլն: Կասեք գռեհիկ է, պարոնայք: Բայց չէ՞ որ, իրականություն է գռեհիկ: Մեղսավորներս այդ իրականության արտացոլողներն են:

            Ինչ ունենք արդյունքում: Խառնամբոխ, որը դարձել է զոմբի: Որն ի վիճակի չէ մտածելու ինքնուրույն: Որն ուտում է այն, ինչ շպրտում են, որը չի կարող ինքնակազմակերպվել և լուծել իր կենսական խնդիրները: Իսկ այն մարդկային հոտերը, որոնք ի զորու չեն ինքնակազմակերպվելու, դատապարվելու են կործանման:

Հ. Գ.   panem et circenses-միայն թե առաջինը բացակայում է:





0 коммент.:

Отправить комментарий