пятница, 20 февраля 2015 г.

Ինքնախոստովանություն


«Ասպարեզը» պատմաբան Վահրամ Թոքմաջյանից հետաքրքրվել է, թե ինչպե՞ս կգնահատի ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի ելույթը: Գլխավոր քաղաքական մեսիջները որո՞նք էին, այդ ելույթից հետո ի՞նչ հնարավոր սցենարներ կարող են զարգանալ քաղաքական դաշտում:
Ըստ որոշ կարծիքների, իր ելույթով Սերժը, փաստորեն, ճակատամարտ հայտարարեց ԲՀԿ-ին ու ընդհանրապես Եռյակին. իր կարծիքով, ինչպիսի՞ն կլինի վերջիններիս արձագանքը:
«Ինքնախոստովանություն: Հայաստանի հանրապետության սահմանադրորեն առաջին դեմքը, որը նաեւ այդ նույն սահմանադրական կարգի պաշտպանման առաջնային երաշխավորն է, հայտարարում է, որ բազմիցս կոծկել է մի շարք հանցագործություններ, կամ դրանք անտեսվել են իր իմացությամբ եւ հովանավորությամբ: Ցանկացած կիրթ կամ իրավական պետության մեջ, սա արդեն բավարար էր նույն պահին նախագահի իմպիչմենտի գործընթաց սկսելու համար: Երկրորդ` այն բավականին պոպուլիստական էր, սեփական թիմի որոշակի պահանջմունքներ բավարարելու առումով: Սա մեսիջ էր այս կամ այն բոլոր գործիչներին, ովքեր որեւէ կերպ եւ որեւէ փուլում օգտվել են իշխանության կերակրատաշտից` խելոք մնալ: Պարզ հասկացվեց, որ խորհրդային ԿԳԲ-ի գործելաոճի համապատասխան, մենք բոլորի վրա ունենք դոսյեներ: Մեծ հաշվով, ոչ մի նոր բան չասվեց: Պարզապես եղավ իրականության արտացոլում` անկեղծ, մարդկային լեզվով: Մյուս կողմից, շեշտադրում անել հակառակորդի ինտելեկտուալ կարողությունների վրա, երբ դու քո թիմում ունես երիցս թերուս թիմակիցներ, որոնք զբաղեցնում են բավական բարձր պոստեր, այդքան էլ ընդունելի չէ, գոնե գիտակից շերտի համար: Հնարավոր սցենարներից մեկն էլ կարող է լինել Գագիկ Ծառուկյանին ընդդիմության միակ առաջնորդի Լիցենզիա ստուպրի (մեղքի հավաստագիր) տրամադրելը: Այս սցենարը վաղուց հայտնի է եւ աշխատեցվել է Գեղամյանի, Բաղդասարյանի եւ այլոց պարագայում: Սակայն քիչ հավանական չէ, որ կտեսնենք նաեւ իրական առճակատում: Այս պարագայում, մեր քաղաքական միջավայրում, վաղուց ընկալելի դարձած մենքի ու նրանքի սկզբունքն` իշխող կուսակցությունն իր ռեսուրսներով եւ մնացյալ հասարակություն` բյուրեղացավ»,-պարզաբանեց Վ.Թոքմաջյանը:
Վերջինս նշեց, որ եթե հավատում ենք անկեղծ վիճակին եւ այն, ինչ մեզ մատուցվում է, ապա ռուբիկոնն անցել են: Հետ նահանջի տեղ, ո՛չ իշխանությունը, եւ ո՛չ էլ այսօր դաշտում ներառված ընդդիմադիրները չունեն: Պատասխանը պետք է լինի նույնքան չոր եւ նույնքան հետեւողական:
«Քանզի կարող է սկսվել հարկային տեռոր եւ բռնությունների շարք, որը մենք արդեն տեսել ենք: Իհարկե, իշխանությունը կիրառեց նաեւ թաղի բամբասանքի մոդելը, որը գրագիտությունից խոսող իշխանության պարագայում այդքան էլ հասկանալի չէ: Ընդդիմությունը, եթե չի ձեւակերպում հստակ պատասխան եւ գործողությունների առավել քան թափանցիկ քայլեր եւ ընթացք, դատապարտված է արժանանալու իրեն նախորդող բոլոր ընդդիմությունների ճակատագրին: Այստեղ կա նաեւ ընդդիմության առաջնորդի խնդիրը: Եթե քիչ թե շատ միասնական առաջնորդ է հռչակվում Ծառուկյանը, ապա առաջ է գալիս ընկալելի լինելու հարցը: Հայաստանյան հասարակությունը, որն այսօր խոր սոցիալական ճգնաժամի մեջ է, կարող է գնալ նրա հետեւից, ինչ-որ բան պոկելու ակնկալիքով, բայց գիտակից զանգվածի համար նա այլընտրանք չէ` այլ դիտարկվում է որպես վարչախմբի բոլոր հանցանքների համար համապատասխանող մեկը: Այս պարագայում, հասարակությունն ունի ինքնակազմակերպվելու կամ թարմ շնչառություն ստանալու խնդիր: Իսկ թե ո՞վ կարող է անել դա, դեռեւս մեծագույն հարց է, քանի որ երկու դաշտն էլ` եւ՛ իշխանական, եւ՛ ընդդիմադիր, զբաղեցված են ուժային կառույցների կողմից եւ երրորդ ռեսուրս ճարել՝ այդ դաշտերից որեւէ մեկում տեղ զբաղեցնելու համար, այս փուլում գրեթե անհնար է»,-շեշտեց պարոն Թոքմաջյանը:
Հարցին, արդյո՞ք Սերժ Սարգսյանը ճակատամարտ հայտարարեց ԲՀԿ-ին, եւ նա ԲՀԿ-ից վախենալու ինչ-որ բան ունի՞, զրուցակիցս պատասխանեց.
«Առաջին հայացքից` այո, եւ հաշվի առնելով ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական վիճակը, իհարկե, վախենալու խնդիր ունի: Ավելի շատ ոչ թե այդ ուժից, այլ այդ ուժերի կողմից փողոց դուրս բերված մարդկանցից, որոնք ինչ-որ մի փուլում կարող են դառնալ անկառավարելի»:
Այսինքն, ժողովրդին կազմակերպող ուժեր, այնուամենայնիվ կան, ասենք, հանձին, Եռյակի, ակնարկեցի Վ.Թոքմաջյանին: «Խոսքիս մեջ ասել եմ, որ կան այդ զանգվածները, բայց ոչ ամբողջական»,-պատասխանեց Վ.Թոքմաջյանը:
Ս.Սարգսյանի ելույթն արդյո՞ք կոպիտ չէր, երկրի առաջնորդին վայե՞լ էր նման ձեւով տեքստ ընթերցելը: «Իհարկե, կային եւ՛ գրագիտության, եւ՛ անհաջող ցինիզմի, եւ թաղի մշակույթի ցածր տարրեր, որը, մեղմ ասած, քաղաքական ելույթ չես համարի: Ավելի շուտ դա ռազբորկայի գրական պատումի փորձ էր»,-իր խոսքը եզրափակեց  Վ.Թոքմաջյանը:
Աղբյուրը` Ասպարեզ

0 коммент.:

Отправить комментарий