Հայաստանաբնակները մինչ այժմ ընտրված նախագահներից ումի՞ց են գոհ եղել: Պատմաբան Վահրամ Թոքմաջյանն «Ասպարեզի» հետ զրույցում հարցի շուրջ իր տեսակետներն է ներկայացրել:
Զրուցակիցս նախ փաստեց, որ ՀՀ-ն ունեցել է մեկ լեգիտիմ նախագահ. խոսքը 1991 թվականի հոկտեմբերի 16-ի ընտրությունների մասին է, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը 83 % ձայնով ընտրվեց ՀՀ նախագահ: Ըստ Վ. Թոքմաջյանի,1996 թվականից առ այսօր Հայաստանում որեւէ իրավակարգ ընտրություն տեղի չի ունեցել, եւ, կարծում է՝ սխալ է օգտագործել ընտրված նախագահ տերմինը: Ավելի ճիշտ է խոսել իշխանությունը զավթած նախագահ տերմինի շուրջ: Ինչ մնում է հասարակական հուզումներին, դրանք շատ հեղհեղուկ երեւույթներ են եւ միանշանակ գնահատական տալ այդ ամենին հնարավոր չէ. «Գանք հերթով: Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք, Կիլիկյան Հայաստանից հետո առաջին անգամ, մենք ունեցանք առաջին անգամ ձեւակերպված տարածքային աճ: Հասարակության մի փոքր հատված կա, որը գոհ էր Ռոբերտ Քոչարյանի վարած, այսպես ասած, սոցիալ-տնտեսական քաղաքականությունից: Բայց դա օրինաչափ էր եւ բնական, քանի որ մենք պատերազմն արդեն վերջացրել էինք եւ գահավիժման տեղ արդեն չկար եւ ինչ-որ տեղ պետք է տնտեսական կորի աճ լիներ: Ինչ մնում է Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին վարված ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ապա մենք կորցրել եւ շարունակում ենք կորցրել ամեն ինչ, որը ձեռք էին բերել 1991 թվականից այս կողմ՝ մեծ զրկանքների գնով: Եւ,հասարակության իմիտացիոն ընկալումների մասշտաբը որ կա, ինքը կարծես հստակ գնահատական չի տալիս այն ամենին, ինչ տեղի է ունենում: Ռ.Քոչարյանի պարագայում, առավել եւս: Ես չգիտեմ՝ Քոչարյանի անձի վերաբերյալ սոցոլոգիական հետազոտություններ եղե՞լ են, թե չեն եղել (Ս.Սարգսյանի թեման եկեք ի սկզբանե փակենք, քանի որ նա հասարակության մեջ չունի համապատասխան սոցիալական հենարան եւ դա անզեն աչքի համար էլ պարզ է), եթե համեմատենք Տեր-Պետրոսյան-Քոչարյան զույգը, ապա կտեսնենք, որ (դա ես չեմ ասում, այլ ասում են գերմանացիները) 2007 թվականի սեպտեմբերի 21-ին, երբ Տեր-Պետրոսյանն հայտարարեց իր վերադարձի մասին, նախնական հարցումներով նա 1,5 % վարկանիշ ուներ»,-պարզաբանեց Վ.Թոքմաջյանը:
Ըստ պատմաբանի, մինչեւ 2008 թվականի փետրվարյան ընտրությունները, ըստ նույն գերմանակնա աղբյուրի, նրա վարկանիշն աճեց մինչեւ 67 %՝ իր ունեցած ելույթների, ինչու չէ, նաեւ երկրում կուտակված խնդիրների հաշվին: Բայց, Քոչարյանի պարագայում մենք նման հրապարակված հետազոտություն չունենք, եւ իմ շրջապատում չկան մարդիկ, ովքեր կուզենային Քոչարյանի վերադարձը, կամ ովքեր գոհունակությամբ կխոսեին Քոչարյանի իշխանության մասին:
«Այն, որ արտաքին քաղաքականության մեջ մենք բազմաթիվ պարտություններ ենք կրել, փաստ է: Այն, որ չկա բացահայտված հոկտեմբերի 27, դա փաստ է, այն, որ կա 2008 թվականի մարտի 1, իր բազմաթիվ զոհերով, դա եւս փաստ է, այն, որ կան բազմաթիվ աղմկահարույց սպանություններ, դա եւս վիճելու տեղիք չի տալիս, այն, որ կա ՀՀ սահմանադրության խախտում, եւ զինված ուժերի՝ բանակի կոպիտ միջամտություն երկրի ներքին գործերին, դա եւս փաստ է, ու այս ֆոնի վրա խոսել, թե որն է ավելի լավ կամ ավելի վատ, ես մի քիչ դժվարանում եմ: Ամեն դեպքում, փաստ է, որ գոնե երրորդ նախագահի պարագայում բողոքներն ու դժգոհությունները շատ ավելի շատ են»:
Իմ ակնարկին, թե ասում են՝ յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր ձեւավորած իշխանությանը, արդյո՞ք համամիտ եք նման կարծիքի հետ, Վ.Թոքմաջյանը պատասխանեց, որ նման արտահայտությունն ավելի շատ իշխանավորներին է ձեռնտու, որ, ինչքան ապաշնորհ կառավարեն, այնքան ժողովրդին կամ հասարակությանը մեղադրեն:
«Լավ, մի հատ մեզ հարց տանք՝ ի՞նչ ժողովրդի մասին է խոսքը: Այն ժողովրդի՞, որ 3 մլն 800 հազարից մնացել է, ասենք, 2 մլն-ի չասնո՞ղ ժողովուրդ: Այն, որ ՀՀ յուրաքանչյուր երրորդ երեխա կիսասոված կամ սովա՞ծ է անկողին մտնում, այն, որ Հայաստանից եռամսյակային կամ տարեկան կտրվածքով 50.000-60.000 հայ արտագաղթում է՝ աշխատելու համար, ա՞յդ ժողովրդի մասին է խոսքը: Կուսակցականացված ուսանողական խորհուրդների մասի՞ ն է խոսքը, 5000 դրամով ընտրության գնացող ժողովրդի մասի՞ն է խոսքը, վարկերի տակ մեռնող ժողովրդի մասի՞ն: Ի՞նչ ժողովուրդ: Հասարակությունը պետք է իր մեխանիզմներով կայացած լինի: Քաղաքացիական հասարակությունը պետք է լինի, որ ինչ-որ բանում մեղադրես, բայց եթե դու չունես այդ հասարակությունը, ապա մեղադրանքը դառնում է անհասցե: Այո՛, հասարակության մեջ կա որոշակի ռացիոնալ մի զանգված, որն ինչ-ինչ կերպով կարողանում է ապահովել օրվա իր մինիմում սոցիալական խնդիրները եւ միաժամանակ ունի հստակ քաղաքացիական կեցվածք, բայց դա քիչ է: Քիչ է ընդհանրական հասարակության մասին կարծիք կազմելու համար: Հասարակության մեծագույն մասը դեռեւս առաջնորդվում է դրացիական համայնքի նորմերով»,-նշեց զրուցակիցս:
Ըստ Վ.Թոքմաջյանի, թեեւ ասում են, որ Հայաստանում ստրկատիրություն չի եղել, բայց ինքն ասում է, որ Հայաստանում ստրկատիրություն կա եւ այն վառ կերպով արտահայտվում է. «Եթե մենք ուզում ենք Հին Հռոմի ստրկատիրական հասարակարգը լավ ուսումնասիրել, ապա պետք է սկսենք ժամանակակից Հայաստանից»: Հարցին՝ ո՞րն է մեխանիզմը, որպեսզի հասարակության առավել զարգացած մասսան հայտնվի իշխանության ղեկին եւ կառավարի երկիրը, Վ.Թոքմաջյանը պատասխանեց.
«Մեխանիզմներ շատ կան, պետք է ընտրել հարմար մեխանիզմը: Նախեւառաջ՝ պետք է օրվա իշխանությունից ազատվելու խնդիր դնել: Ինչպե՞ս դա կարվի. դա կարվի փողոցու՞մ՝ բարիկադների վրա, պառլամենտու՞մ, թե դպրոցու՞մ, արդեն հարցի երկրորդ կողմն է: Բրիտանիան որպես պետություն կայացել է պառլամենտում, Գերմանիան որպես պետություն կայացել է դպրոցում, Ֆրանսիան որպես պետություն կայացել է եւ շարունակում է կայանալ փողոցում: Այժմ հարկ է, որ բոլոր այն մարդիկ, ովքեր դժգոհ են իշխանությունից, համախմբվեն, որպեսզի ի կատար ածեն իրենց վաղեմի երազանքը: Ինչպե՞ս էր Խորհրդային միությունը իր փլուզման վերջին փուլում: Ազգային հարցի վրա հիմնված՝ հասարակությունը ոտքի կանգնեց, որն իր առաջնորդներին ընտրեց»:
Ըստ Վ.Թոքմաջյանի, իշխանությանն հեռացնելուց հետո երկրորդ քայլն այն է, որ ժողովրդական հուզումի հիման վրա եկած իշխանությունը պետք է վախենա հասարակությունից եւ տանի ռացիոնալ քաղաքական գիծ:
«Ֆրանսիացիները պատմական կարճ ժամանակահատվածում՝ մոտ 15-20 տարվա ընթացքում, արեցին մոտ 2 տասնյակից ավելի հեղաշրջումներ, միկրոհեղաշրջումներ եւ հեղափոխություններ եւ ի վերջո, նրանց հասարակությունը կայացավ: Եթե այսօր որեւէ մեկը կասի, թե սահմանին պատերազմ է, իրավիճակը կապակայունացնեք, թող իզուր տեղը այդ մեծ, հասկանալի մակարոնեղենից մեր ականջներից չկախեն էլի: Մենք շատ լավ գիտենք Հայաստանի եւ Ադրբեջանի պոտենցիալը եւ՛ Ադրբեջանին կրակել հրահրողների պոտենցիալը: Բացի այդ, մենք ունենք բանակ, որը կոչված է պահելու սահմանը պահելու: Հարգելի իշխանավորներ, մի բերեք բանակին Երեւան եւ կրակել տվեք, թող մնա սահմանին, այնպես, ինչպես ամրագրված է սահմանադրությամբ»,-ասաց զրուցակիցս:
Աղբյուրը` Ասպարեզ
0 коммент.:
Отправить комментарий